Մեր տեղեկություններով՝ «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ն, արդեն քանի օր է, հանրապետության ողջ տարածքում գործող տարադրամի փոխանակման կետերի պատասխանատուների հետ կնքում է նոր պայմանագրեր՝ վերջիններիս պարտադրելով պայմանագրով սահմանված ամսական 20.000 դրամ վարձավճարի փոխարեն` «Ինկասացիային» վճարել 50.000 դրամ: Ըստ մեր աղբյուրների՝ մայրաքաղաքում գործող որոշ փոխանակման կետերի տնօրեններ իրենց վրդովմունքն են հայտնել «Ինկասացիային»՝ դժգոհելով, որ նախկին պայմանագրերի ժամկետները չեն լրացել եւ չեն կարող կեսից փոխել այն: Ի դեպ, նոր պայմանագրերն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից: Որոշ փոխանակման կետերի տնօրենների բողոքներին ի պատասխան` «Ինկասացիայից» մեկնաբանել են, թե նոր պայմանագրերով նախատեսված վարձավճարի ավելացումը պայմանավորված է վերջերս Կոմիտաս փողոցում «Ինկասացիայի» աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպով: Ըստ այդմ «Ինկասացիայի» աշխատակցից թալանված գումարի հետեւանքով առաջացած բանկի ֆինանսական ճեղքվածքը համալրելու նպատակով թանկացել են տարադրամի փոխանակման կետերի ամսական վարձավճարները: «Ինկասացիայի» տնօրեն Սամվել Պետրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց վերոնշյալ տեղեկությունը: «Մենք պայմանագրում կետ ունենք, ըստ որի` կարող ենք փոփոխություններ կատարել եւ դրանց մասին տեղեկացնել 7 օր առաջ»,- նշեց նա՝ միեւնույն ժամանակ հավատացնելով, որ իրենք 7 օրվա փոխարեն` 1 ամիս առաջ են գրություններ ուղարկել փոխանակման կետերին: Մեր հարցին, թե վարձավճարների թանկացման որոշումը կապվա՞ծ է վերջերս տեղի ունեցած միջադեպի հետ՝ պրն Պետրոսյանը պատասխանեց. «Միանշանակ, իհարկե կապված է»: Ուշագրավն այն է, որ «Ինկասացիայի» աշխատակցի վրա հարձակումը կատարվել է փետրվարի 3-ին, իսկ պայմանագրի փոփոխման մասին որոշում ընդունվել եւ այդ մասին տարադրամի փոխանակման կետերին տեղեկացվել է 1 ամիս առաջ: Այսինքն՝ Ս. Պետրոսյանի հավաստիացումը, թե դա կապ ունի դեպքի հետ, այնքան էլ այդպես չէ: