Որքանո՞վ է ազատ հայ պոետների խոսքը

18/02/2006

1921թ. Լոնդոնում արձակագիր Դաուսոն Սկոտն ու Ջոն Գոլսուորդին հիմնադրեցին P.E.N (poets, essayists, novelists) գրողների համաշխարհային ընկերակցությունը՝ նպատակ ունենալով բարեկամական կապեր հաստատել բոլոր երկրների գրողների միջեւ՝ անկախ ազգությունից, ռասայից, կրոնից ու համոզմունքներից: Նրանք պաշտպանում էին խոսքի ազատությունն ու սատարում աջ կամ ձախ ամբողջատիրական վարչակարգի զոհերին, մերժում քաղաքական որեւէ հանձնառություն: P.E.N-ը մեծ արձագանք գտավ աշխարհում եւ շատ արագ լայնորեն տարածվեց: Այսօր արդեն աշխարհի 99 երկրներում ունի 140 կենտրոն: Հայկական ՊԷՆ կենտրոնը ստեղծվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1991թ. եւ ընդունվեց Միջազգային P.E.N Ընկերակցության շարքերը: Հայկական Պ.Է.Ն. կենտրոնը մասնակցում է Միջազգային P.E.N համագումարներին, տեղեկատվություն է հաղորդում Հայաստանի խոսքի ազատության իրավիճակի մասին, լույս է ընծայում իր անդամների ստեղծագործությունների ալմանախ, կազմակերպում մրցույթներ ու գիտաժողովներ: Այս տարի Հայկական Պ.Է.Ն. կենտրոնը Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել է լավագույն բանաստեղծության մրցանակաբաշխություն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրվան նվիրված երեկոյի ժամանակ: «Թեպետ ոչ պարտադիր, սակայն ցանկալի է, որ ստեղծագործությունները բխեն Միջազգային P.E.N խարտիայի սկզբունքներից»,- ասվում է Կենտրոնի տարածած հայտարարության մեջ: Միջազգային P.E.N հռչակագրի հիմնական սկզբունքներից մեկն էլ խոսքի ազատությունն է, պայքարը հօգուտ ազատ մամուլի եւ ընդդեմ գրաքննության: Հայկական Պ.Է.Ն. կենտրոնի նախագահ, թարգմանչուհի, գրականագետ Աննա Հակոբյանը ստեղծագործությունների մեծ հոսք է ակնկալում այս մրցույթին: Մերոնք սիրում են մրցույթների մասնակցել, հատկապես` երբ դրամական մրցանակի հոտ են առնում: Սակայն, ինչպես նախորդ փորձերն են ցույց տվել, Պ.Է.Ն.-ի մրցույթներին ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը հայտնվում է աղբարկղում: «Մենք շատ կոնֆորմիստ ենք,- նկատում է Ա.Հակոբյանը՝ մտաբերելով թարմ մի օրինակ հավանաբար գրչակիցների շրջանակից,- մի քանի օր առաջ մեկը՝ անունը չեմ ուզում տալ, այնպես զայրացած էր, որ ուզում էր երկրից գնալ, սակայն երկու օր առաջ ինչ-որ բան ստացավ, սիրաշահվեց, գոհացավ ու լռեց. ահա այսպիսին ենք մենք»: Այս հիմնական հատկանիշով բնորոշվող մեր մտավորականության պարագայում լրիվ հասկանալի է դառնում, թե ինչու է Պ.Է.Ն. մրցանակաբաշխություններին ներկայացվող ստեղծագործությունների 90 տոկոսը աղբարկղում հայտնվում: Հատկապես, որ այստեղ գործում է ստեղծագործությունների ընդունման կոդավորված սիստեմ՝ այսինքն, հեղինակի անունը չի նշվում, եւ ժյուրին մինչեւ արդյունքների ամփոփումը չի իմանալու տվյալ գործի հեղինակի ով լինելը:

Ն.Ա.