«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» շահութաբեր սերվիսը

18/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մի փոքր ավելի ուշ հանձնաժողովը որոշումով հաստատեց այդ ծառայության գինը՝ 1 գազօգտագործման սարքավորում ունեցող բաժանորդից տարեկան գանձել 2400 դրամ, 2-ի դեպքում՝ 5700, իսկ 3 եւ ավելի սարքավորման դեպքում` 6900 դրամ: Այս որոշումն էլ ուժի մեջ մտավ դեկտեմբերից, եւ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներն անցան գործի: Նրանք շրջում են տներով եւ բնակիչներին առաջարկում-պարտադրում են ստորագրել իրենց կողմից պատրաստված պայմանագիրը: Մինչ այդ կամ այդ ընթացքում գազասպասարկման ներտնային աշխատանքներ իրականացնող մասնավոր ընկերությունները սկսեցին դժգոհել, որ հանձնաժողովն այդ սպասարկման աշխատանքների մենաշնորհը հանձնելով «ՀայՌուսգազարդին»՝ իրենց զրկեց աշխատելու իրավունքից: Հիմա արդեն ստանում ենք ստեղծված մենաշնորհի նկատմամբ բաժանորդների վերաբերմունքը:

«Ես 30 տարի գազ եմ վառել,- ասում է խմբագրություն այցելած «ՀայՌուսգազարդի» բաժանորդը: – Այդ ընթացքում իմ ծխնելույզի պատերն ընդամենը մի թեթեւ մրոտվել են: Ունեմ 3 գազօգտագործման սարքավորում, որոնք գնել եմ տարբեր ֆիրմային խանութներից, 3-ն էլ հոյակապ են աշխատում: Ուզում եմ ասել, որ «ՀայՌուսգազարդի» սպասարկման ծառայողն իմ տանն անելիք չունի: Ես ինչո՞ւ պիտի տարեկան սպասարկման համար նրան 6900 դրամ վճարեմ: Ես դեմ չեմ, անվտանգության աշխատակիցը թող այցելի, նրան կվճարեմ, բայց սարքավորումների սպասարկման համար «ՀայՌուսգազարդին» չեմ դիմի, կդիմեմ այդ խանութների մասնագետներին: Ես արդեն համոզվել եմ, որ խանութների մասնագետները բարձրորակ են, իսկ «ՀայՌուսգազարդը» դժվար թե կարողանա այդպիսի մասնագետներ պատրաստել: Ես իրավունք չունե՞մ որոշելու՝ ում դիմեմ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչո՞ւ է ինձ զրկել ընտրություն կատարելու իրավունքից»:

Գազասպասարկման ներտնային ծառայությունը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը հանձնելիս վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե այդ միտքը «ՀայՌուսգազարդինը» չէ, իրենցն է: Իրենք են խնդրել մատակարարին ստանձնել այդ «ծանր բեռը», որովհետեւ գազի պատճառով վթարները եւ դրանց հետեւանքով զոհերը շատ են: Իսկ ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հաշվարկել եւ գտել են, որ այդ ծառայությունն իրենց համար ոչ թե շահավետ, այլ վնասատու է լինելու:

Իսկ հիմա ներկայացնենք, թե այդ «ծանր բեռն» իրականացնելուց ի՞նչ է ստանալու եւ ծախսելու «ՀայՌուսգազարդը»: Հանձնաժողովի կայքում կարդում ենք, որ «ՀայՌուսգազարդն» ունի 330.000 բաժանորդ, որոնցից 96.690 բաժանորդ ունեն 1, 139.590-ը՝ 2 եւ 93.720-ը՝ 3 սարքավորում: Ընկերությունն` այս ծառայությունը ստանձնելով, բնականաբար հաշվարկել է, որ ժամանակի ընթացքում սպասարկման պայմանագրեր կկնքի իր բոլոր բաժանորդների հետ: Ավելացնենք, որ ընկերությունը տարեցտարի ավելացնում է իր բաժանորդների քանակը: Բայց մենք հաշվարկը կատարենք՝ ելնելով բաժանորդների ներկա քանակից: Եվ այսպես, 1 գազասպառման սարքավորում ունեցող 96.690 բաժանորդները տարեկան «ՀայՌուսգազարդին» այդ սպասարկման համար տալու են 232 մլն 56.000 դրամ: 2 սարքավորում ունեցող 139.590 բաժանորդները՝ 795 մլն 663.000 դրամ: Իսկ 3 սարքավորում ունեցող 93.720-ը՝ 646 մլն 668.000 դրամ: Այսինքն՝ 330.000 բաժանորդները պայմանագիր կնքելու դեպքում «ՀայՌուսգազարդին» կվճարեն 1 մլրդ 674 մլն 787.000 դրամ, մոտ 3 մլն 720.000 դոլար:

Նույն կայքից տեղեկանում ենք նաեւ, որ ընկերությունը ՀՀ-ում ունենալու է 17 մասնաճյուղ եւ 49 տեղամաս, որոնց նոր աշխատակիցները ստանալու են բավական բարձր աշխատավարձ: Յուրաքանչյուր մասնաճյուղ ունենալու է անվտանգության եւ տեխնիկական հարցերով մեկական ճարտարագետ, որոնցից յուրաքանչյուրն ամսական պետք է ստանա 90.000 դրամ, ինչ-որ ինժեներատեխնիկական աշխատակից, որի աշխատավարձը 130.000 դրամ է, հաշվապահ՝ 70.000 դրամով, սպասարկող աշխատակից, վարորդ, հրշեջ տեսուչ (այս մեկը պետք է լինի յուրաքանչյուր տեղամասում) եւ այլն: Մի խոսքով, «ՀայՌուսգազարդը» յուրաքանչյուր մասնաճյուղում պետք է ավելացնի 9 աշխատակից, որոնց բոլորի տարեկան աշխատավարձի ֆոնդը պետք է լինի 172 մլն 140.000 դրամ: Դրան գումարած` 34 մլն 420.000 դրամ էլ սոցապ հատկացումները, նաեւ ծառայության համար մեքենաների, համակարգիչների, հագուստների եւ այլ մանր-մունր բաների ձեռքբերումը յուրաքանչյուր մասնաճյուղի համար որպես վերադիր տարեկան ծախսեր հաշվարկված են 263 մլն 345.000 դրամ: Տրված չէր, թե 95.000 դրամ աշխատավարձով քանի՞ փականագործ եւ 12.500 դրամ արժեցող գործիքների քանի՞ հավաքածու է ունենալու: Բայց մենք կարող ենք մոտավոր պատկերացնել, որ յուրաքանչյուր տեղամաս այդպիսի մի աշխատող պետք է ունենա: Պետք է ունենա նաեւ 120.000 դրամ վճարվող պետ եւ 110.000 դրամ աշխատավարձով վարպետ: Ուղղակի կարող ենք ավելացնել, որ ընկերությունն ամեն տարի ներկայացված չափի մեքենաներ, համակարգիչներ կամ գործիքներ չի գնելու: Այսինքն, «ՀայՌուսգազարդի» համար դժվար կամ վնասաբեր կլինի այս տարի: Հետո կավելանա բաժանորդների եւ կնքված պայմանագրերի քանակը: Տեղամասերի ձեւավորումից հետո տարեցտարի կպակասեն ծախսերը ու կավելանա շահույթը:

Իսկ «ՀայՌուսգազարդը» կարող է ասել, թե լավ բան է անում՝ բարձր աշխատավարձով աշխատատեղեր է բացում: Բայց այդ գումարը նա պետք է հավաքի բնակիչներից:

«1 օրվա ընթացքում պետք է սպասարկեն մեկ սարքավորում ունեցող 14 բաժանորդի կամ 2 սարքավորում ունեցող 9 բաժանորդի,- ասում է մեր զրուցակիցը: -Ես ունեմ նորմալ աշխատող 3 սարքավորում: Նրանց աշխատողն իմ տանը 10 րոպեում իր գործը կավարտի, համարյա նույն վիճակն էլ մյուսների տներում է: 1 օրվա մեջ նրանք ոչ թե 14, այլ 50 տուն կարող են մտնել: Ինչո՞ւ են արհեստականորեն ուռճացրել աշխատակիցների քանակը: Ես ինչո՞ւ պիտի չարած գործի համար տարեկան 6900 դրամ վճարեմ: Աշխարհում չկա այնպիսի արտադրողականություն, որ 20 րոպեում այդքան գումար ստանա: Ամսական ես 500-700 դրամի գազ եմ օգտագործում, միայն ձմռան 3 ամիսներին է այդ գումարը հասնում 3000 դրամի: Փաստորեն, ամեն ամիս սպասարկման համար այնքան գումար պետք է վճարեմ, ինչքան գազի համար եմ վճարում: Դա աբսուրդ է: «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է ամբողջությամբ ուռճացված սակագներ, աշխատակազմ ու աշխատավարձեր: Ես նրանց հետ պայմանագիր չեմ կնքի»:

Փաստորեն, բաժանորդներն արդեն սկսել են դժգոհել, նրանք չեն ուզում «ՀայՌուսգազարդի» հետ սպասարկման պայմանագիր կնքել: Իսկ «ՀայՌուսգազարդն» էլ թաքուն հույս ունի, որ այս ծրագիրը հաջողությամբ կատարելու դեպքում հաստատ հսկայական շահույթ կունենա: