Բռնություններ բանակում

18/02/2006 Ժաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայկական բանակի զինծառայող Ն. Կարապետյանը («ԱրմենիաՆաուն», գործի բնույթից ելնելով, փոխել է նրա անունը) հայտարարել է, որ ԼՂՀ Մարտակերտի շրջանում զինվորական ծառայության ընթացքում զինակիցները եւ մի սպա բռնաբարել են իրեն:

Անցյալ շաբաթ Ն-ն, որը զորակոչվել է Վանաձորից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշի զորամասից տեղափոխվել է Երեւանի հոսպիտալ, որտեղ զինվորական իրավապահ մարմիններին հայտնել է, որ անցյալ տարվա մայիսի 10-ին զինվորական ծառայության անցնելուց հետո ենթարկվել է բռնաբարության եւ շարունակական բռնությունների: 18-ամյա Կարապետյանը, որը վախենում է շատ մանրամասներ բացահայտելուց, ասում է, որ իրեն բռնաբարել են զորամասում հայտնվելուց շատ չանցած: (Գործին լավատեղյակ աղբյուրների տվյալներով` անցյալ տարվա մայիսից հետո Կարապետյանին, հավանաբար, բռնաբարել են մեկից ավելի անգամ):

Անցյալ տարվա նոյեմբերին Կարապետյանի հետ դիրք ուղարկված զինծառայողները վերցրել են նրա փամփուշտները, որովհետեւ նա սպառնացել է ինքնասպան լինել:

Անցյալ շաբաթվանից Կարապետյանի շահերը պաշտպանում է երեւանցի փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա դատարանում ներկայացրել է նաեւ այլ զինծառայողների շահերը եւ ծանոթ է հայկական բանակում տարածված բողոքներին ու մեղադրանքներին: Փաստաբան Զ. Փոստանջյանը վստահեցնում է, որ նյութեր են նախապատրաստվում քր.գործ հարուցելու համար: Ն.Կ.-ն պնդում է, որ բռնաբարվել է եւ մշտապես ենթարկվել է բռնությունների, ընդ որում, մեկ անգամ մի սպա ծեծել է նրան սակրավորի բահիկով: (Զինվորը հայտնել է մորը, որ Ալաշանի հոսպիտալում եղած ժամանակ հանդիպել է բռնաբարված 4 այլ զինվորի): «ԱրմենիաՆաուն» հարցրել է ՊՆ Բուժվարչության ներկայացուցիչներին, թե բանակում ինչ կարծիքի են Կարապետյանի մասին: Ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանից: Փաստաբանն ասում է, որ տղային վերաբերվել են «որոշակի տեսակի» մարդու նման` նկատի ունենալով կանխակալ վերաբերմունքը միասեռական համարվող զինծառայողների նկատմամբ: Փոստանջյանն ասում է, որ իր պաշտպանյալը քաշ է գցել, որովհետեւ նրան մեկուսացրել են եւ թույլ չեն տվել օգտվել ճաշարանից եւ ընդհանուր օգտագործման այլ վայրերից:

Ն.Կ.-ն բանակ զորակոչվելիս եղել է 102 կգ եւ 8 ամսում նիհարել է մոտ 40 կիլոգրամով: Առաջին անգամ մայրը` Անահիտ Գասպարյանը, այցելել է որդուն բանակ զորակոչվելուց 45 օր հետո եւ ասում է, որ հազիվ է ճանաչել:

«45 օրում չափից ավելի էր նիհարել,- ասում է մայրը: – Հատկացված 6 ժամ տեսակցության ժամանակ խնդրեցի համազգեստը հանել շապիկը փոխելու համար: Չէր ուզում: Երբ հանեց, սարսափեցի` տեսնելով վզի ու թեւերի կապտած հետքերը»:

Հաջորդ հանդիպումը որդու հետ տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին, երբ վաշտի հրամանատարը ահազանգեց մորը շտապ գալ Թալիշ, քանի որ Նարեկը շատ վատ վիճակում է: «Երբ ինձ փաթաթվեց` ձեռքերիս տակ շոշափեցի նրա ոսկորները: Ինձ գրկել ու լաց էր լինում: Գլուխը չէր բարձրացնում, երբ դեմքին նայեցի` սարսափեցի. իմ դիմաց կանգնած էր ծերացած Նարեկը: Աչքերի տակ սեւացել էր, փոս ընկել»:

Զորամասում մայրը հանդիպումներ է ունենում հրամանատարական կազմի հետ:

«Նրանք գիտեին, թե տղայիս հետ ինչ է կատարվում, եւ գոնե բուժօգնություն ցույց չէին տվել,- ասում է նա: – Ինձ ասում էին, որ դիտավորյալ է «տակը կեղտոտում», որ ազատվի զինվորական ծառայությունից»: Ըստ մոր եւ փաստաբանի` տղան տառապում է քրոնիկական լուծից եւ հաճախակի ուշագնացություններից:

Կասկածելով, որ Կարապետյանը կարող է ինչ-որ բան պատմած լինել մորը, զորամասի սպայակազմի ներկայացուցիչները ստիպում են Կարապետյանին բացատրագիր գրել, որ ինքն իր կամքով է սեռական հարաբերություններ ունեցել սպայի հետ (հայտնի է, որ նա կապիտան է): «Նարեկին դուրս տարան եւ շուտով ներս եկան մի գրությունով, որն իբր Նարեկն էր գրել ու ստորագրել` թե ինքը սեփական կամքով է սեռական հարաբերությունների մեջ մտել, եւ իրեն ոչ ոք չի ստիպել: Տեսա, որ հայերեն է գրված: Ասացի, որ Նարեկը հայերեն գրել չգիտի եւ, բնականաբար, չէր կարող նման բան գրել»: Նոյեմբերին մայրը պահանջել է Նարեկին տեղափոխել հոսպիտալ եւ բժշկական քննություն կատարել, ինչը սպայակազմը մերժել է: Սակայն ավելի ուշ զորամասի հրամանատար Կարեն Շաքարյանի հրամանով Նարեկին տեղափոխում են մոտակա Ալաշան գյուղի հոսպիտալ: Գասպարյանի բողոք-դիմումը համապատասխան հրահանգով մակագրում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Ես այնքան վախեցած էի, որ ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարներին դիմումներ գրելիս բոլոր մանրամասները չներկայացրի (բռնաբարության մասին), վախենում էի վնասել որդուս»,- ասում է մայրը: Ն. Կարապետյանը 7 տարի առաջ` 11 տարեկանում, ծնողների բաժանվելուց հետո մոր հետ Վանաձորից մեկնել է ՌԴ: Սակայն անցյալ տարվա գարնանը մոր հետ վերադարձել է Հայաստան` պարտադիր զինվորական ծառայություն անցնելու:

«Զինվորականները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում բանակում, եւ միջոցներ չեն ձեռնարկում կանխելու համար,- ասում է մայրը: – Դա համարում են բանակային նորմալ կյանք: Նախարարության բարձրաստիճան սպաներից մեկն ինձ ասաց, որ այդպես վարվում են հատկապես նրանց հետ, ովքեր միակողմանի ծնողազուրկ են»: