Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Պետական նպաստների մասին» եւ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքները: Ի տարբերություն նախորդ տարվա 20մլն դրամի, պետբյուջեն ընտանեկան նպաստի համար այս տարի հատկացրել է 24 մլն: Փոփոխություն է կատարվել նաեւ նպաստառուների թվի հետ կապված՝ 139.000-ից դառնալով 132.400: Ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը նախորդ տարվա նվազագույն 34.00 միավորի փոխարեն սահմանվել է 33.00 միավոր: Ընտանեկան նպաստի բազային մասը կազմում է 7000 դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 1000 դրամով: Նպաստի իրավունք ունեցող ընտանիքները կօգտվեն նաեւ միանվագ օգնությունից՝ ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում 35.000 դրամ, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում՝ 20.000դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում (եթե կենսաթոշակառու կամ աշխատող չէ)՝ 25.000 դրամ: Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար կտրվի 2.300 դրամ, այս օգնությունը կարող են ակնկալել միայն աշխատող մայրերը: Քաղաքացիներն իրենց նպաստներն այսուհետ կստանան ոչ թե սոցապահովագրության տարածքային կենտրոններից, այլեւ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններից: