Ամենօրյա հիգիենայի մաս կազմող լոգանքն այսօր մեր հասարակության ոչ բոլոր խավերին է հասու: Իհարկե, մեր պետությունն այնքան հարուստ չէ, որպեսզի վիճակագրություն ունենա այն մասին, թե իր հասարակության որ տոկոսը քանի օրը մեկ եւ ինչ պայմաններում է լողանում:
Կարծում ենք՝ նման վիճակագրությունը խիստ զավեշտալի արդյունքներ կտա եւ առհասարակ որեւէ աղերս չի ունենա զանազան ոլորտներում տարեցտարի գրանցվող տարբեր տրամաչափերի «աճերի ու զարգացումների» հետ:
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող Մեյմարյանների չորսհոգանոց ընտանիքը Զեյթունի նախկին ուսանողական հանրակացարաններից մեկում 16քմ-անոց մի սենյակում է բնակվում: Ընտանիքի մայրը՝ Սոնան չի հիշում, թե վերջին անգամ ընտանիքը երբ է նորմալ լողացել: Մեկ տարի առաջ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի տրամադրած անվճար կտրոններով հնարավորություն են ունեցել երկու շաբաթը մեկ լողանալ հասարակական բաղնիքում: Սակայն արդեն մեկ տարի է՝ Զեյթունի Ահարոնյան փողոցում գտնվող բաղնիքը, որի հետ պայմանագիր է ունեցել թաղապետարանը, փակվել է, եւ Սոնայի ընտանիքի անդամները մարմինները մաս-մաս ցայում են սենյակում՝ ամռանը` արեւի գոլ ջրով, ձմռանը՝ մոտակա հացի փռից տաք ջուր են խնդրում: Մեյմարյանների նման բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց մարմինները տարիներ շարունակ ջրի երես են տեսել միայն թաղապետարանների շնորհիվ ու նրանց սահմանած գրաֆիկով: Արաբկիրի բնակիչ Գեորգի Ակիմովն էլ է 5 տարի շարունակ վայելել թաղապետարանի այս բարեհաճությունը: Արաբկիրի թաղապետարանը նման պայմանագիր ունեցել է Նորքի երկրորդ մասի հասարակական բաղնիքի հետ, ամսվա կտրվածքով` միջինը 300 անվճար կտրոն է տրամադրվել համայնքի անապահով բնակիչներին: Յուրաքանչյուր կտրոն հնարավորություն է տալիս ամսվա մեջ մեկ ժամ տեւողությամբ ցնցուղ ընդունել: Թաղապետարանի աշխատակիցների հավաստմամբ՝ սոցիալական ծանր վիճակից ելնելով, բնակիչները հաճախ այդ կտրոնները վաճառել են: Այս տարի եւս անապահով արաբկիրցիները ամիսը գոնե մեկ անգամ անվճար լողանալու հնարավորություն կունենան. թաղապետարանն իր բնակիչների հիգիենայի համար 1,5 մլն դրամ է հատկացրել եւ այժմ հարմար բաղնիք է փնտրում, որի հետ համապատասխան պայմանագիր կկնքի:
Մեր հասարակության մի ստվար զանգվածն այսօր շարունակում է հաճախել հասարակական բաղնիքներ: Չենք ասում, թե հասարակական բաղնիք հաճախելը արատավոր երեւույթ է, հատկապես, եթե նկատի ունենանք այն, որ ժամանակներ են եղել, երբ հասարակական բաղնիք հաճախելը հասարակական կյանքում տեղ գտած հանդիսավոր արարողությունների թվին է պատկանել: Այսօր, սակայն, հասարակական բաղնիք հաճախելն անգամ շատերի համար շքեղություն է: Երեւանում նախկինում գործող հասարակական բաղնիքները հետխորհրդային շրջանում սեփականաշնորհվեցին, նրանց մի մասն առ այսօր դեռ գործում է խորհրդային ժամանակաշրջանի, ժառանգած սարքավորումներով ու բարքերով, մի մասն էլ ժամանակի քննությունը չբռնելով՝ սնանկացել եւ լուծարվել է: Փոխարենը նոր ժամանակներում կառուցված բաղնիքներն իրենց «եվրոպական չափանիշներով» խրտնեցնում են մեր անապահով բնակչությանը: Զեյթունի «Աքվա -Համբուրգ» հասարակական բաղնիքը նոր ժամանակներում կառուցված եւ լավ համբավ ունեցող բաղնիքներից է: «Եթե նկատի ունենանք այն փաստը, որ մեր հաճախորդները ոչ միայն զեյթունցիներ են ու առավել մոտ համայնքների բնակիչներ, այլ մեզ մոտ գալիս են նաեւ քաղաքի ծայրամասերից, որտեղ եւս նոր կառուցված բաղնիքներ կան, ուրեմն կարելի է ասել, որ մենք լավ սպասարկում ենք իրականացնում»,- համոզված է «Աքվա-Համբուրգի» տնօրենը: 45 րոպե «Աքվա-Համբուրգում» ցնցուղ ընդունելն արժե նվազագույնը 600 դրամ: Այստեղ, իհարկե, մեզ համար հատուկ սոցհարցում չէին արել՝ պարզելու իրենց հաճախորդների սոցիալական վիճակը, սակայն մեր այցելության օրը, որն, ի դեպ, ոչ հանգստյան՝ աշխատանքային օր էր, սրահում հերթի նստած հաճախորդներից անգամ կարելի էր եզրահանգում անել. առաջին տպավորությամբ՝ նրանց հայացքներն անգամ «մատնում» էին սոցիալական բարվոք վիճակը: Անապահով բնակչությունն իրեն հարմար է գտնում սովետից հայտնի հին բաղնիքներում, որոնց առաջարկած գները գրեթե չեն տարբերվում նորերից: Հավանաբար այստեղ հոգեբանական գործոնը դեր ունի՝ նրանք իրենց աղքատությանը հարմար են գտնում կոմունիստական ժամանակներից մնացած հնարավորինս մաշված բաղնիքները: Պարզ է, որ հասարակական նման վայրերը սանիտարահիգիենիկ որոշակի նորմեր պետք է ունենան: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասելիսյանը ժամանակ խնդրեց, որպեսզի ճշտի՝ արդյոք հասարակական բաղնիքների վերահսկումն իրենց տեսչության գործառույթների մեջ մտնո՞ւմ է, եւ ճշտելուց հետո պարզաբանեց՝ «Այո, եթե բողոքներ ունեք, կարող եք մեզ հայտնել, որպեսզի մենք ուսումնասիրենք իրավիճակը»: Պարզվում է՝ հետխորհրդային տարիներից ի վեր հասարակական բաղնիքների համար սանիտարահիգիենիկ որեւէ չափանիշներ չեն գործում, հիմա նոր միայն մշակվում են այդ նորմատիվները: Փաստորեն, մինչ այս, այս հաստատությունները վերահսկողությունից դուրս են եղել: «Այդպիսի նորմատիվներ եղել են Խորհրդային Միության տարիներին, սակայն անկախությունից հետո մենք հո չէի՞նք կարող հին երկրի նորմատիվներով աշխատել»,- պարզաբանում է Մ.Բասելիսյանը: Մինչդեռ մի քանի բաղնիքներում արված հարցումների ժամանակ աշխատակիցները հավաստիացնում էին, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է եւ Սանէպիդկայանն էլ աչալուրջ հսկում է իրենց գործունեությունը: Կոմիտասի թիվ 5 հասարակական բաղնիքի (որ ավելի քան կեսդարյա կենսագրություն ունի), վաղեմի աշխատակից՝ վերահսկիչ Ռոզա Գորգինյանի բնորոշմամբ, չի եղել դեպք, որ Սանէպիդկայանի աշխատակիցները թերություն գտնեն: «Իրենք շուրջ 7 տեսակի անալիզներ են վերցնում՝ սկսած բաղնիքի ծորակների կամ հատակի փայտե թափքի մաքրության անալիզից, սակայն ոչ մի անգամ մեզ դիտողություն չի արվել»,- հավաստիացնում է նա: Նույնը հավաստիացնում էին նաեւ «Աքվա-Համբուրգում»: Սակայն երկուսն էլ հստակ չէին հիշում՝ Սանէպիդկայանը վերջին անգամ երբ է սանիտարական վիճակի ուսումնասիրություն անցկացրել իրենց հաստատությունում: «Աքվա-Համբուրգում» հիշում էին նաեւ, որ տեսչության ստուգումներից մեկի ժամանակ իրենց արգելվել է ընդհանուր զուգարանում ընդհանուր օգտագործման օճառ կամ լողախցիկներում հողաթափեր դնել, ինչն իրենք սրբորեն կատարում են: Բայց քանի դեռ հստակ սահմանված չափանիշներ չկան այս ոլորտում, յուրաքանչյուրն աշխատում է սանիտարական նորմերի իր պատկերացումների համաձայն՝ կարծելով, որ յուրաքանչյուր լողացողից հետո լողախցիկը սառը ջրով ցայելը կամ շաբաթը մեկ անգամ, լավագույն դեպքում՝ օրվա վերջում քլորով ախտահանումը լիովին բավարար են զանազան վիրուսներից ապահովագրված լինելու համար: