Սովորեցրու, որ սովորես

18/02/2006 Անի ՉԻՏԵՄՅԱՆ

Այս դպրոցում ուսուցման պրոցեսը խիստ տարբերվում է սովորական դպրոցի դասերից: Այստեղ դաս հասկացողություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Դրա փոխարեն կա ուսումնական պրոցես հասկացությունը, որի ընթացքում աշակերտները՝ հատուկ մշակված մեթոդներով, յուրացնում են անհրաժեշտ նյութը: Ուսուցման ողջ գործընթացը հիմնված է համագործակցային ուսուցման եղանակի վրա: Այնտեղ աշակերտներն իրենց ձեռք բերած գիտելիքները միմյանց հետ փոխանակելով են սովորում:

«Սովորեցրու, որ սովորես». ահա այն սկզբունքը, որն օգտագործվում է «Բյուրակն» դպրոցում: Միեւնույն դասասենյակում աշակերտները յուրացնում են ոչ թե մեկ, այլ մի քանի առարկաներ՝ յուրաքանչյուրն իր անհատական ուսումնական պլանին համապատասխան: Նաեւ սա է պատճառը, որ դասասենյակներում գրեթե միշտ տիրում է աշխուժություն, աշակերտները՝ զույգերով, երբեմն էլ միայնակ, նստած սովորում են այդ օրվա համար նախատեսված նյութը: Ուսուցման պրոցեսում աշակերտները հանդես են գալիս ոչ միայն սովորողի, այլեւ սովորեցնողի դերում: Իրենց յուրացրած նյութերն աշակերտները պատմում են ընկերներին, համատեղ քննարկում, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ բանավիճում: «Սովորեցրու, որ սովորես» սկզբունքի արդյունավետության մասին խոսում են շատ մանկավարժներ: Մանկավարժական գիտությունների դոցենտ Աիդա Թոփուզյանի կարծիքով, երբ երեխան մեկ ուրիշին փորձում է սովորեցնել իր իմացածը, առաջին հերթին հենց ինքն է սովորում: «Սակայն ամեն թեմայի պարագայում չէ, որ այս մեթոդն արդյունավետ է, պետք է հստակ ընտրել՝ որ թեմայի շուրջ, որ դասարանում, որ երեխաների մոտ է ճիշտ այն կիրառել»: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ դպրոցում յուրաքանչյուր շաբաթվա վերջում հավաքվում է մանկավարժական խորհուրդն ու քննարկում յուրաքանչյուր աշակերտի ձեռքբերումները նախորդ շաբաթվա ընթացքում, ապա որոշվում են նրա անելիքները գալիք շաբաթվա համար:

Համագործակցային ուսուցման այլընտրանքային եղանակը մշակել են մի շարք ռուս մանկավարժներ: Նրանց շարքերում է եղել նաեւ հայազգի մանկավարժ, ՌԴ հասարակական եւ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, «Բյուրակն» կրթահամալիրի ուսումնական գծով տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Պարոն Մկրտչյանի խոսքով, յուրաքանչյուր երեխա ի վիճակի է լիարժեք եւ գերազանց յուրացնել ուսումնական պլանով նախատեսված ողջ նյութը: Պարզապես կարող է երեխաներից մեկն այն շատ արագ յուրացնել, իսկ մյուսը՝ ոչ: «Եթե դուք դպրոցում ֆիզիկա չեք հասկացել, ապա դա ձեր մեղքը չէ, պարզապես թե՛ դպրոցում եւ թե՛ տանը ձեզ խաբել են՝ համոզելով, որ դուք ի վիճակի չեք ֆիզիկա սովորել»,- ասում է նա: Այս տեսակետը կիսում է նաեւ ԵՊԼՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Անժելա Վարդանյանը. «Դպրոցական ծրագրում չկա որեւէ բան, որն աշակերտը չկարողանա յուրացնել»:

«Բյուրակն» դպրոցում աշխատող ուսուցիչների կարծիքով, այս մեթոդը նպաստում է երեխաների ինքնուրույնությանը: «Շատ հետաքրքիր իրավիճակներ են ստեղծվում, երբ երեխաները միմյանց բացատրում են իրենց սովորածն ու սկսում բանավիճել: Այստեղ նրանք ստիպված են լինում կայացնել ինքնուրույն որոշումներ, ստեղծված իրավիճակներից դուրս գալու ելքեր գտնել: Մի խոսքով, նրանք սովորում են մտածել եւ կողմնորոշվել»,- ասում է Մանուկ Մկրտչյանը:

«Բյուրակն» կրթահամալիրը գործում է ընդամենը երկու տարի եւ ունի 65 աշակերտ: Դպրոցում չկա դասացուցակ, չկան գնահատականներ, տնային աշխատանքներ: Անհրաժեշտ նյութն աշակերտները յուրացնում են դպրոցում եղած ժամանակ, նրանք աշխատում են միասին, օգնում միմյանց՝ դրանով իսկ օգնելով իրենք իրենց: