Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում նոր ռեկտոր է ընտրվել բեմադրիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը: Ռեկտորի այլ թեկնածություն առաջադրված չի եղել, ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Գասպարյանը միակ թեկնածուն է եղել, ում որպես իր գործունեության հետնորդ ցանկացել է տեսնել Սոս Սարգսյանը: Ս. Սարգսյանը մի քանի անգամ հարցազրույցներում համոզմունքով նշել է, թե նա չի քանդի ինստիտուտը եւ ամեն ինչ զրոյից սկսելու գայթակղությունից հեռու կմնա: «Ինչ լավ բան, որ արել ենք ինստիտուտի համար, արել ենք Հրաչիկի հետ միասին»,- ասել է դերասանը: Այնպես որ, ռեկտորի ընտրությունը շատ սպասելի ու տրամաբանական էր: Ինստիտուտի դասախոսական կազմը «դրսից» մարդու նշանակմանն անպատճառ դեմ կլիներ: Իսկ այժմ ինստիտուտում խստություններ են մտցվել, չի հանդուրժվում ոչ դասախոսների, ոչ էլ ուսանողների անհարգի բացակայությունը: Թատրոնն ու կինոն պարտաճանաչ ու կարգապահ մարդկանց գործ է, քանի որ «կիսապռատ» ուսումը թերի մասնագետներ է տալիս: