«Mea culpa» թատերական ներկայացումը անտրեպրիզային մասնավոր նախագիծ է, որը բավականին հաճախ գովազդվում է հեռուստատեսությամբ եւ պարբերաբար ցուցադրվում Երեւանում: Ներկայացումը երեք տարվա ընթացքում ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ` արտասահմանյան այն երկրներում, որտեղ մեծ սփյուռք կա, քանի որ այն հասկանալի ու ընդունելի կարող է լինել միայն հայկական արմատներ ունեցող մարդկանց համար: Թեման է շատ հայկական: Եվ հենց թեման է ապահովում ներկայացման երկարակեցությունը` հայեր կան աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Եվ այժմ «Mea culpa»-ն հասնելու է Մոսկվա եւ փետրվարի 27-ին ու 28-ին խաղացվելու է Արբատում գտնվող Պավել Սլոբոդկինի կենտրոնում: Ներկայացման պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը շեշտում է, որ իրենց մոսկովյան հյուրախաղերը նույնպես մասնավոր բնույթ ունեն, քանի որ նրանք պետական ոչ մի աջակցություն չեն ստացել եւ չեն ընդգրկվում Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների շարքում: «Մենք ոչ մի կապ չունենք պետական միջոցառումների հետ, պարզապես ուզում ենք «Mea culpa»-ն խաղալ մեր հայրենակիցների համար»,- ասաց նա: Ա.Համբարձումյանը վստահ է, որ դահլիճի 99%-ը հայեր են լինելու, եւ իրենք ռուսական հանդիսատեսին զարմացնելու հավակնություններ չունեն: Ներկայացումը կպահպանի իր կառուցվածքն ու սյուժետային գծերը, սակայն կթարգմանվի ու կադապտացվի ռուսերենով: Թարգմանության հեղինակները նույն ինքը` Արմեն Համբարձումյանն ու Տավրոս Դաշտենցն են: Մասնավոր նախագծեր իրականացնելը միշտ էլ ռիսկի հետ է կապված, առավելեւս` թատրոնի ասպարեզում: Հաջողությունը կամ անհաջողությունն ուղղակիորեն պրոդյուսերի գրպանին են «խփում»: «Մենք կես տարի բանակցություններ էինք վարում դահլիճի վարձակալման համար»,- ասում է պրոդյուսերը: Ներկայացման բոլոր մասնակիցներն արդեն ետադարձի տոմսեր ունեն, նրանք երկու օր կխաղան եւ Երեւան կվերադառնան: