Ոտքեր

18/02/2006

Եթե ոտքերը քրտնում են, ապա դրանք լվացեք «Դեգտյարնի» օճառով, ջրի մեջ ավելացնելով մի քիչ բոլաքս ու շիբ կամ ընկույզի տերեւներ։ Չորացնելուց հետո կամֆորային սպիրտ քսեք եւ ցանեք տալկի փոշի։ Գուլպաները եւ կիսագուլպաները պետք է փոխել ամեն օր։

Ոտքերի քրտնելը կանխելու կամ պակասեցնելու նպատակով ամեն երեկո լվանալ պերմանգանատի թույլ լուծույթով։ Խնամքով ցամաքեցնել մատների արանքները, ապա շփել հետեւյալ լուծույթներից որեւէ մեկով.

– 5 գ ֆորմալին (40%-անոց), 10 գ գլիցերին, 85 գ սպիրտ (70%-անոց)։

– 1 գ տանին, 100 գ սպիրտ (70%-անոց)։

– 10 գ շիբ, 100 գ եռացրած ջուր։

Կոշտուկները հեռացնելիս պետք է շատ զգույշ լինել, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, կտրած մասերին յուղ քսել։

Կոշտուկներին կարելի է քսել նաեւ լյապիս, որը նախապես պետք է թրջել ջրով։

Կոշտուկները հեռացնելու համար լավ միջոց է նաեւ խաշած սոխը, որը կիսում եւ կտրած կողմով դնում են կոշտուկների վրա։ Թողնում են այնքան, մինչեւ սոխը սառչի, հետո ոտքերը դնում են տաք ջրի մեջ եւ ածելու ծայրով հեռացնում կոշտուկները։ Սոխի փոխարեն կարելի է օգտագործել նաեւ հալվե բույսը։

Եթե կրունկների մաշկը շատ կոշտ է, խորհուրդ է տրվում շաբաթական 1-2 անգամ ոտքերը լվանալ սոդայաջրով եւ անուշադրի սպիրտով (1 լ տաք ջրին` 1 գդալ սոդա եւ 1-2 թեյի գդալ անուշադրի սպիրտ)։ Կոշտացած մասերը կարելի է փափկացնել սալիցիլային քսայուղով, ոտքերը լվանալուց հետո քսուքը քսել կոշտացած մասերին, ծածկել մոմած թղթով, փաթաթել թանզիֆով եւ թողնել ողջ գիշեր։ Առավոտյան մաքրել քսուքի հետքերը։

Երակների լայնացման դեպքում անհրաժեշտ է օրական կես ժամ պառկել ոտքերը վեր պարզած։ Նոր սկսվող հիվանդությունը կարելի է կանխել` զբաղվելով հեծանվային սպորտով, լողով եւ մարմնամարզությամբ։

Երակների լայնացման, բորբոքումների դեպքում մերսումն արգելվում է։ Խորհուրդ չի տրվում կրել արհեստական թելերից նեղ գուլպաներ։ Դրանք քրտնեցնում են եւ խանգարում արյան նորմալ շրջանառությանը։

Մաշկի խնամքը

Թեփոտվող մաշկ ունեցողները պետք է հնարավորինս շատ օգտագործեն A վիտամին եւ ճարպ պարունակող սննդամթերք։ Բացի այդ, պետք է մշտապես խնամել դեմքի մաշկը։

Ամեն երեկո դեմքն անհրաժեշտ է լվանալ կաթով, քսել կաթնասեր եւ որոշ ժամանակ անց բամբակը թաթախել բուսական յուղի մեջ ու դրանով մաքրել դեմքը։ Քնելուց առաջ մաքրել թղթե անձեռոցիկով։ Բացի այդ, կարելի է օգտագործել սնուցող քսուքներ, իսկ ցերեկը դիմափոշու տակից քսել ցերեկային քսուքներ։

Դեմքի մաշկը խնամելու լավ միջոց է բուսական յուղը` ձվի դեղնուցով։ Դեմքին քսել բուսական յուղի հաստ շերտ, վրան` ձվի դեղնուց, թողնել 15-20 րոպե եւ լվանալ գոլ ջրով։