«Գրանդ-Տոբակոն» վաճառքի է հանել նոր` «Նեմիրոֆֆ» անվանումով սիգարետ։ Ընդ որում՝ անվանումը, որի հեղինակային իրավունքը պատկանում է «Նեմիրոֆֆ» ընկերությանը, պաշտոնապես գրանցվել է ՀՀ Արտոնագրային վարչության կողմից։ Ընկերությունն արդեն հայց է ներկայացրել դատարան։ «Գրանդ Տոբակոյի» նախագահ Հրանտ Վարդանյանը չհերքեց այս լուրը. «Դատի են տվել ոչ թե մեզ, այլ Արտոնագրային վարչությանը»։ Մեր այն հարցին, թե սիգարետները ներկայումս վաճառվո՞ւմ են, նա պատասխանեց՝ իհարկե, այո։ Սակայն երեկ չկարողացանք վաճառակետերում գտնել այս արտադրատեսակը, որը վաճառվել է միջինը 450 դրամով։ Մեր տվյալներով, վաճառքում գտնվող ողջ խմբաքանակն առգրավված է։ Արտոնագրային վարչությունից մեզ փոխանցեցին, թե իրավասու անձը, ով կարող է այս հարցին պատասխանել, տեղում չէ։ Առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին։