Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած «Գնաճը Հայաստանում» թեմայով լսումները նախագահում էր ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Երբ առաջին հիմնական զեկուցող` Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը լսարանին ներկայացնում էր, թե ինչ է գնաճը, ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը դահլիճից խորհուրդ տվեց ավարտել «դասագրքային» տվյալների ներկայացումը: ԱԺ նախագահը, սակայն, արժանացավ Գ. Մինասյանի դիտողությանը. «Պարոն Բաղդասարյան, նիստը ե՛ս եմ վարում»: 10 րոպե անց Ա. Բաղդասարյանը լքեց դահլիճն ու այլեւս չվերադարձավ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հենց նա էր պնդում, որ երկրում գներն աճում են, ժողովրդի կենսամակարդակը նվազում է, եւ այս թեմայի շուրջ անհրաժեշտ է կազմակերպել ԱԺ լսումներ: Բայց ժողովրդի «պաշտպանը» դահլիճը լքեց հենց առաջին իսկ հնարավորության դեպքում: