Վրաստանի խորհրդարանը երեկ միաձայն որոշում է կայացրել Հարավային Օսիայից ռուսաստանցի խաղաղապահներին դուրս բերելու եւ նրանց միջազգային ուժերով փոխարինելու օգտին: Նիստին ներկա բոլոր 180 օրենսդիրները քվեարկեցին նաեւ խաղաղապահ առաքելության վերաբերյալ 1992 թվականին ստորագրված պայմանագրի վերանայման օգտին:
«Վրաստանի խորհրդարանը միանգամայն բացասական է գնահատում խաղաղապահների կողմից իրենց պարտականությունների կատարումը եւ Ռուսաստանի գործողություններն ընկալում է որպես տարածքի անեքսիայի փորձ», – ասված է ընդունված բանաձեւում: Սակայն փաստաթղթում ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման որեւէ ժամկետ նշված չէ:
Ի դեպ, երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանն ասել էր, որ այս հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: