Փետրվարի 10-11-ին Ռամբույեում տեղի ունեցած բանակցություններից հետո փորձում եմ տեղեկություն ստանալ Քոչարյան-Ալիեւ հանդիպման արդյունքի մասին։ Մտնում եմ Regnum գործակալության էջը՝ կասկածելով, թե կիրակի օրով որեւէ նորություն կլինի։ Բարեբախտաբար գտնում եմ երկու նորություն։ Ժամը տասնմեկին թողարկվել է «Քոչարյանն ու Ալիեւը չկարողացան պայմանավորվել։ Բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում» վերնագիրը կրող լուրը, իսկ 12-ն անց քսանհինգ թողարկված լուրի վերնագիրն ավելի լավատեսական է. «Քննարկվող ինը հարցից յոթի շուրջ Ալիեւն ու Քոչարյանը համաձայնության են եկել»։
Ժամը տասնմեկին թողարկված լուրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը ցավով նշում էր, որ կողմերը համաձայնության չեն եկել, եւ խոստանում գնահատել Ռամբույեի բանակցությունների արդյունքն ու որոշել հետագա անելիքները։ Հաջորդ՝ լավատեսական լուրի հերոսն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էր։ Իր երկրի հանրային հեռուստատեսության եթերում՝ մեկնաբանելով Ռամբույեի բանակցությունները, Մամեդյարովն ասում էր, թե քննարկված ինը հարցից յոթի շուրջ կողմերը համաձայնության են եկել։ Ցանկացած նորմալ լրագրողի, առաջին հերթին, իհարկե, կհետաքրքրեր համաձայնության չարժանացած երկու կետը, եւ հավանաբար ադրբեջանցի լրագրողն անմիջապես հարցրել է, թե որո՞նք են մնացել անհամաձայն։ Պարզվում է, որ անհամաձայն են մնացել փախստականներին բնակության իրենց նախկին վայրերը վերադարձնելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը։ Եվ որպեսզի բանակցությունների պատկերը լինի կատարյալ, Էլմար Մամեդյարովն ավելացրել է. «Ադրբեջանը Հայաստանին ոչ մի տարածքային զիջում չի անի»։
Սա ինձ հիշեցրեց հին եւ գուցե հայտնի մի անեկդոտ, որի հերոսներից մեկն՝ անցորդը, հարցնում է գյուղի քահանային՝ մյուս հերոսին, թե ինչո՞ւ վերջինս չի խփում եկեղեցու զանգը։ Գյուղի քահանան հառաչելով պատասխանում է. «Էհ, հազար ու մի պատճառ կա»։ «Օրինա՞կ…»,- հարցնում է անցորդը։ Քահանան ձախ ձեռքի ճկույթը ծալելով` սկսում է. «Զանգը լեզվակ չունի…»։ Մինչ կհասցներ մատնեմատը ծալել, անցորդն ընդհատում է նրան. «Մնացած պատճառները կարող ես չթվել»։
Ցավոք, այս հարցում մենք չենք կարող դրսեւորել անցորդի սառնասրտությունը եւ չենք կարող չհետաքրքրվել, թե այդ ի՞նչ յոթ հարցեր են, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Օրինակ՝ խաղաղարար ուժեր տեղակայելու մասին հարց եղե՞լ է եւ արդյոք դա՞ է մեկն այն յոթից, որոնք կողմերի համաձայնությանն են արժանացել։ Կամ տասնհինգ տարի հետո անցկացվելիք հանրաքվեն եղե՞լ է յոթ հարցերի մեջ։ Եթե այո, ապա ո՞նց են համաձայնել հանրաքվե անցկացնել առանց բնակության նախկին վայրերը վերադարձվելիք փախստականների։ Ինը հարցերի ցուցակում թվով որերո՞րդն են եղել փախստականների վերադարձի եւ տարածքային ամբողջականության մասին հարցերը։ Եթե առաջինն ու երկրորդը, ուրեմն կողմերն ինչո՞ւ են` ամենակարեւորների շուրջ համաձայնության չգալով, շարունակել երկրորդական հարցերի քննարկումը։ Եթե դրանք եղել են վերջին երկուսը, ուրեմն՝ ըհը…, ըհը…, կներեք։
Կներեք, որովհետեւ ցանկացած հավաքարարի է հայտնի, որ աստիճաններն ավլում են ոչ թե ներքեւից վերեւ, այլ՝ հակառակը։ Որովհետեւ ցանկացած «փոդրաթչի» գիտե, որ տան պատերն ու առաստաղը ներկելուց, մանրահատակը տեղադրելուց առաջ նորոգում են տանիքը, որպեսզի սպասված կամ անսպասելի անձրեւն ու ձյունը չփչացնեն «ռեմոնտը»։ Որովհետեւ ով` ով, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակից ազգությամբ ռուսը գոնե պիտի իմանար, որ ճաշից հետո մանանեխ չեն ուտում եւ, որ մանանեխն առավելեւս չեն ուտում ճաշից առաջ, որ դա առաջին դեպքում ֆրանսիական պանիր չէ, իսկ երկրորդում՝ ֆրանսիական ապերետիվ գինի։
Իմ լավ բարեկամներից մեկը մի առիթով ինձ խորհուրդ էր տալիս զգույշ լինել արտաքին քաղաքականության մասին գրելիս, ասելով, թե կան դիվանագիտական ու արարողական նրբություններ, որոնց ես տեղյակ չեմ։ Երկու նախագահների պես մասամբ համաձայն լինելով, ես շարունակում եմ չհամաձայնել բարեկամիս ասածին, որովհետեւ իրավապահ համակարգը կամ առողջապահությունն էլ իրենց նրբություններն ունեն, որոնք ամենեւին պարտադիր չէ իմանալ, ասենք, օրինակ, անարդար դատավարության պատճառով բանտում հայտնված կամ վիրահատական սեղանին մահացած մեկի մասին հոդված գրելիս։
Իհարկե, այս հոդվածը գրելիս ես՝ շրջահայաց եւ նրբանկատ լինելով, պետք է հասկանայի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորհրդականներով ու փորձագետներով ահագին չարչարվել ու գրել են այդ կետերը եւ հակամարտող երկրների նախագահների կողմից առնվազն անքաղաքավարություն կլիներ՝ ազնիվ «փոդրաթչիի» պես, ծակ տանիքով տան «ռեմոնտից» հրաժարվելը։ Հետո սա կարող էր թափանցիկ ակնարկ լինել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, ճիշտ է, բանակցությունների տանիքն է, բայց ոչ այնքան հուսալի։
Եվ հիմա՝ մարտին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից առաջ, ես դարձյալ զգում եմ, որ վերը նշված երկու հարցի շուրջ համաձայնություն չի լինելու։ Սա գուշակություն չէ եւ ոչ էլ գաղտնատեսություն, սա պարզ տրամաբանությունն է մի հակամարտության, որն արդեն տասնվեց տարի ղեկավարվում է պատերազմի մարդկանց կողմից։
Մի առիթով գրել եմ, եւ թող կրկնության համար ինձ ներեն ընթերցողները, բայց չեմ կարող նորից չասել, որ պատերազմի մարդիկ չեն կարող լինել խաղաղության շինարարներ, որ պատերազմի մարդիկ կաշկանդված են հակամարտության սկզբունքներով, որ պատերազմի մարդիկ, ինչպես ռազմի դաշտում, բանակցությունների սեղանի շուրջ էլ, նայում են միշտ առաջ։ Նրանց համար ժողովուրդն ու Հայրենիքը ոչ այլ ինչ է, քան պարզապես թիկունք, որը պետք է ապահովի այն ամենն, ինչը հարկավոր է առաջ եւ միայն առաջ գնալու համար։ Եվ որովհետեւ ժողովուրդն ու Հայրենիքը սոսկ թիկունք է, նրանց մտապատկերում առանձին մարդ չկա, չկա առանձին ճակատագիր, որի համար արժե նվաճել արդեն տասնվեց տարի բացակա խաղաղությունը։