Ինչպես են հայերը բանակցում

18/02/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այն պահից, երբ մարդկությունը նախնադարից անցել է ավելի քաղաքակիրթ հասարակարգի, բանակցային գործընթացները միշտ եղել են հասարակական հարաբերությունների անբաժանելի մասը: Ի դեպ, բանակցությունները մարդկանց անհրաժեշտ են եղել իրենց գործունեության տարբեր ոլորտներում` բիզնեսում, քաղաքականության մեջ, մարդկային հարաբերություններում եւ այլն: Հայերը եւս անմասն չեն մնացել այս գործընթացներից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե բիզնեսում մերոնց մոտ բանակցությունները միշտ էլ լավ ընթացք են ունեցել, ապա նույնը չի կարելի ասել քաղաքականության մասին:

Սկսենք նրանից, որ մարդկային հարաբերություններում բանակցային գործընթացը վերջին 50-60 տարիների ընթացքում հայերն անվանում են «ռազբորկա»: Եվ եթե այդ «ռազբորկան» դրական արդյունք է ունենում կողմերի համար, ապա այն կոչվում է «քյաստմ»: Բիզնեսում նման գործընթացը կոչվում է «գործնական հանդիպում», որն ավարտվում է պայմանագրի ստորագրումով կամ, ասենք, երկրորդ օպերատորին գիշերը լիցենզիա տալով: Չնայած հայ բիզնեսմեններն իրենց ժամանակն ավելի շատ ծախսում են ասենք հարկային կամ տարատեսակ վերստուգիչ կառույցների հետ բանակցելու վրա (իսկ թե որն է այդ բանակցությունների թեման, ավելի ճիշտ կլինի հարցնել Հայաստանում կոռուպցիայի դեմ «պայքարող» բազմազան կառույցներին): Քաղաքական բանակցություններն իրենց հերթին բաժանվում են ներքաղաքական եւ միջազգային բանակցային գործընթացների: Սակայն այսօր Հայաստանում, բոլոր մակարդակի բանակցությունները կրում են «ռազբորկայի» բնույթ, որտեղ «ավտարիտետները ռուլիտ են անում», եւ այդ բանակցությունները հիմնականում ավարտվում են «քյաստմով»: Բացառություն է կազմում թերեւս Ղարաբաղի հիմնախնդիրը, որի շուրջ արդեն տասը տարուց ավելի է, ոչ մի «ավտարիտետ»` Մինսկի խումբը, Եվրախորհուրդը, ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը այդպես էլ չկարողացան հաշտեցնել հակառակորդ կողմերին: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ «ավտարիտետները» երեւի չգիտեն, որ իրենք «ավտարիտետ» են, իսկ, ասենք, Ադրբեջանը` «աբիժնիկ»: Չգիտեն նաեւ, որ կողմերից մեկը ոչ թե Հայաստանն է (որը տվյալ պարագայում «մեծ ախպոր դերն է կատարում», թեպետ «մեծ ախպորը» ընդհանրապես պարտված կողմն է հրավիրում), այլ Ղարաբաղը, որը, չգիտես ինչու, այդ «ռազբորկեքին» չի մասնակցում:

Իսկ ներքաղաքական կյանքում բանակցությունները, որոնք, ի դեպ, վերջին շրջանում բավական ակտիվացել են, ավելի շատ նման են «Մալաթիայի յարմարկայում» գնորդի եւ վաճառողի «բազարի» կամ կազինոյի, որտեղ արդեն այսօրվանից սկսել են խաղադրույքներ կատարել «կարմիր եւ սեւ» խաղատախտակների վրա, չհասկանալով, որ վերջում միշտ էլ «զրոն» է հաղթում: Եվ ինչքան էլ այս կամ այն ուժերը հերքեն նմանատիպ հանդիպումները, հենց իրենք` հերքողները հո՞ լավ գիտեն, թե ում հետ են հանդիպում եւ ինչ հարցերի շուրջ են բանակցում: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բանակցություններն ընթանում են ոչ թե գաղափարի, այլ «աթոռի եւ գրպանի» շուրջ: Երեւի հենց դա է պատճառը, որ մեզ մոտ միշտ «զրո»-ներն են հաղթած դուրս գալիս, իսկ ժողովուրդը միշտ էլ պարտվում է: Իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես ոչ մեկի հետ չեն բանակցում (համենայն դեպս, այդպես է հայտարարում, օրինակ, Արտաշես Գեղամյանը, որը, չգիտես ինչու, միշտ ուզում է մենակ մնալ): Եվ քանի որ պարոն Գեղամյանը շատ է սիրում մեջբերումներ անել դասականներից եւ ժողովրդական ասացվածքներից, ուզում եմ նրան հիշեցնել, որ հայերը մի լավ ժողովրդական խոսք ունեն` «հացը միայնակ չի ուտվում»: Օրինակ, «Օրինաց երկիրը» բանակցում է ում հետ պատահի եւ որտեղ պատահի: Դաշնակները միայն գաղտնի են բանակցում (նրանց մոտ գաղտնիությունը ոչ թե սկզբունք է, այլ «խասյաթ»): Ընդդիմադիրները հիմնականում ԱՄՆ դեսպանի հետ են բանակցում (այլ հարց է, որ դա նրանց ոչինչ չի տալիս): Օլիգարխները վերջերս սկսել են լրագրողների հետ բանակցել: Եվ այդպես շարունակ:

Չեմ կարողանում հասկանալ, երբ ասում են` ինչի՞ շուրջ կարող են բանակցել ռուսամետ եւ ամերիկամետ ուժերը, կամ, ասենք, «ձախերը եւ աջերը»: Ես լավատես եմ եւ համոզված եմ, որ վերջին հաշվով մենք բոլորս էլ, անկախ մեր ուղղվածությունից, առաջին հերթին հայամետ ենք: Թե «աջերը» եւ թե «ձախերը» ուզում են զարգացնել այս պետության տնտեսությունը (անկախ այն բանից, որ մեկը մյուսին մեղադրում են կաշառակերության մեջ` սկզբից լիբերալները կոմունիստներին, հետո` ընդհակառակը: Ի դեպ, երկուսն էլ ճիշտ են): Մի հարցում համոզված եմ, որ շուտով կգա ժամանակ, երբ բանակցության սեղանների շուրջ կնստեն միայն բանիմաց եւ գրագետ մարդիկ եւ, որ ամենակարեւորն է, բանակցությունների խնդիրը կլինի ոչ թե սեփական ունեցվածքի պահպանումը կամ ձեռքբերումը, այլ մեր պետության շահերը: Եվ քանի որ յուրաքանչյուր բանակցային գործընթաց իր տեսակի մեջ արվեստ է, ապա բանակցողը բնականաբար պետք է լինի «մաեստրո», այլ ոչ թե` «դալալ»: