– ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը կարծիք հնչեցրեց, որ ԱՄՀ-ն ձախողումների փուլում է, քանի որ վարկերի վերադարձելիության լուրջ խնդիր ունի, ինչը Հայաստանում վարկային ծրագրերի իրականացումը հարցականի տակ է դնում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Չեմ կարծում, թե այդպիսի խնդիր կա: Կոնկրետ Հայաստանի վերաբերյալ մենք տնտեսական աճի ծրագիր ունենք, որն այժմ ընթանում է շատ լավ եւ առանց ընդհատումների: Երկու շաբաթ անց այստեղ լինելու է ԱՄՀ-ի հերթական առաքելությունը, որի ժամանակ պետք է դիտարկվեն վերջին շրջանի տնտեսական զարգացումները: Մենք պետք է սպասենք այդ առաքելության արդյունքներին:
– Իսկ ձեր կարծիքով, ի՞նչ փուլում է Հայաստանի տնտեսական զարգացումը:
– Ամեն ինչ նորմալ հունով է ընթանում: Տնտեսական աճի եւ գնաճի ցուցանիշները բավարար են, աղքատությունը նվազում է: Չեմ կարծում, թե այս առնչությամբ որեւէ հիմնախնդիր ունենք:
– Այսօր Հայաստանի բնակչությանը հուզող առաջնային հարցերից մեկը դոլարի փոխարժեքի շարունակական տատանումներն են: Ինչպե՞ս եք դուք գնահատում այս առնչությամբ Կենտրոնական բանկի վարած չեզոք քաղաքականությունը:
– Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ԿԲ-ի գերագույն նպատակը պետք է լինի երկրում գների կայունության պահպանումը, իսկ փոխարժեքը պետք է որոշվի շուկայական գործոններով: Ուստի այս պարագայում ճիշտ եմ համարում, որ ՀՀ ԿԲ-ն չի զբաղվում փոխարժեքի կարգավորմամբ:
– Հայտնի է, որ փոխարժեքի կտրուկ տատանումների ազդեցության խոցելիությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է: Ըստ ձեզ, այս ցուցանիշի ինչպիսի՞ միտումներ են նկատվում, եւ ի՞նչ եք առաջարկում այս խնդրի լուծման ուղղությամբ:
– Իրականում այսօր դոլարիզացիայի մակարդակը շարունակում է նվազել, ինչը պայմանավորված է հայկական դրամի նկատմամբ վստահության աճով: Այս մասին են վկայում նաեւ մեր վերջին զեկույցների տվյալները: Այնուամենայնիվ, գտնում եմ, որ այս խնդրին վերջնական լուծում տալու համար բավական ժամանակ է անհրաժեշտ: