Քաղաքացիները թերահավատ են

18/02/2006

Մինչ կոալիցիան ու ընդդիմությունը փոխադարձ ռեւերանսներ են անում, իսկ Թաթուլ Մանասերյանը հայտարարում է, որ օմբուդսմենի ընտրությունը լավի ու լավագույնի միջեւ է, Երեւանի փողոցներում անցկացրած հարցումը վկայում է, որ մարդիկ վերապահումով են վերաբերվում ոչ միայն այդ ընտրությանը, այլեւ ընդհանրապես թերահավատ են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի գոյության նպատակայնությանը: Այն, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են, ոչ ոք չի կասկածում (օրինակներն ակնառու են), բայց հարցվածների մեծամասնությունը նաեւ չի կասկածում, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն, իր բոլոր լիազորություններով հանդերձ, միանգամայն անզոր է: «Այդ երկու թեկնածուներն իրենք իրենց չեն կարող պաշտպանել, ուր մնաց հասարակ քաղաքացիներին»,- կարծում է շարքային քաղաքացի Գուրգեն Ստեփանյանը: Հարցվածների մեծամասնությունը, այնուամենայնիվ, գտնում է, որ ընդդիմության թեկնածուի հաղթանակի դեպքում (ինչն իրենց իսկ համոզմամբ` միանգամայն անհնար է) ինչ-ինչ ջանքեր կգործադրվեին մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, եւ չէին ունենա իշխանությունների կատարածու: «Անձերի խնդիր չէ: Հարցը երկրում տիրող մթնոլորտն է: Թե՛ Հրանտ Խաչատրյանը, թե՛ Արմեն Հարությունյանը խելացի, պատրաստված անձնավորություններ են: Բայց Արմեն Հարությունյանն ի սկզբանե դատապարտված է իշխանությունների խամաճիկը լինելու, իսկ Հ. Խաչատրյանն, իր սկզբունքայնությամբ հանդերձ, անզոր է այսօրվա իշխանությունների դեմ»,- իր կարծիքը հայտնեց ներկայանալ չցանկացող մի քաղաքացի: Այս մտայնությունը կիսում էին հարցվածներից շատերը՝ մատնանշելով Լարիսա Ալավերդյանի օրինակը: «Նախկին պաշտպանն իշխանություններից անկախ գործելու շռայլություն թույլ տվեց իրեն: Արձագանքն ինքներդ տեսաք»,- ասում է տնտեսագետ Կարինե Դավթյանը: Թեկնածուների վերաբերյալ քաղաքացիների հնչեցրած գնահատականները կրկնվում էին. հարցվածները Հ. Խաչատրյանին համարում էին սկզբունքային, հավասարակշռված, զուսպ, Արմեն Հարությունյանին՝ խելացի, բանիմաց: Սակայն հնչած կարծիքներից ու տեսակետներից ամենապերճախոսը, թերեւս, 73-ամյա մի ծերունու խոր հոգոցն էր:

Ս. Ն.