«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը տեր է փնտրում

18/02/2006

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում «Գազպրոմը», նավթային ընկերությունները եւ արեւմտյան ներդրողները»,- հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ «ՖՍԿ ԵԷՍ» ԲԲԸ վարչության նախագահ Անդրեյ Ռապոպորտը: Նրա ասելով, մոտ ժամանակներս «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» («ՌԱՕ ԵԷՍ») ԲԸ-ն պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ կքննարկի «ՌԱՕ ԵԷՍ»-ի արտասահմանյան ակտիվների ճակատագիրը էներգահոլդինգի վերակազմավորումից հետո: «Այդ հարցն առայժմ պատասխան չունի»,- հայտարարել է նա: «Բանավեճը շարունակվում է, պետությունը պետք է կողմնորոշվի: Կարծում եմ, որ «Ինտեր ՌԱՕ»-ի ճակատագիրը եւ՛ տնտեսական, եւ՛, մասամբ, քաղաքական հարց է»,- ավելացրել է Ա. Ռապոպորտը: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը Ռուսաստանի տարածքում էլեկտրաէներգիայի արտահանման եւ ներմուծման գծով խոշորագույն օպերատորն է. նրան է պատկանում Հյուսիս-արեւմտյան ՋԷԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը: Բացի այդ, «Ինտեր ՌԱՕ»-ին են պատկանում «ՌԱՕ ԵԷՍ»-ի արտասահմանյան էներգաակտիվները, այդ թվում` Հայկական ԱԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի կառավարման իրավունքը, «Ինտեր ՌԱՕ»-ն նաեւ վերահսկում է «Հայաստանի էլեկտրացանցերի» եւ Սեւան-Հրազդան կասկադի բաժնետոմսերի 100 տոկոսը: