Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցան «Գնաճը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսարանին եւ ընդհանրապես Հայաստանի բնակչությանը հուզող հիմնական հարցադրումն այս թեմայի շուրջ հետեւյալն է. «Իրականում մեր երկրում գներն աճո՞ւմ են»:
Բանն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) 2005թ. Հայաստանում արձանագրել է 0,2% գնանկում: Իր հերթին, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում է, որ իրենց վիճակագրական տվյալները նույնպես վկայում են այն մասին, որ անցած տարի Հայաստանում գները նվազել են: Այնուամենայնիվ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը վստահեցնում է, որ «տնային տնտեսուհին շուկայում տեսնում է, որ ինչ-որ ապրանքատեսակ թանկացել է»: «Ի՞նչն է պատճառը, որ մեզ մոտ պարենային ապրանքների գները բարձրանում են: Խնդրում եմ, այս հանելուկային հարցին պատասխանեք, որ մենք էլ ժողովրդին կարողանանք պատասխան տալ»,- ասաց պատգամավորը` հարցն ուղղելով ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանին: Վերջինս, ինչպես նաեւ Տ. Սարգսյանը, փորձում էին համոզել, որ այս գործում ո՛չ պարադոքս կա, ո՛չ «նկարչություն»: Նրանց խոսքերով` կան որոշ ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են, մասնավորապես, հացամթերքի գները 4,2%-ով նվազել են, մրգինը` 17%-ով եւ այլն: Իսկ ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է 2,1% գնաճ, ծառայությունների ոլորտում` 1,9% գնաճ: Տարբեր ապրանքների գների տարբեր ուղղություններով շարժը փոխհատուցում են մեկը մյուսին եւ արդյունքում ստանում ենք առկա ցուցանիշը: «Հայկական որեւէ ստեղծագործություն այստեղ չկա»,- ասում է ԿԲ նախագահը: Բացի այդ, գնաճը հաշվարկելիս հաշվի չեն առնվում «ոչ սպառողական» ապրանքների (անշարժ գույք, բենզին եւ այլն) գները: Իսկ այն ապրանքատեսակները, որոնց տեսակարար կշիռը տնային տնտեսությունների սպառման մեջ 0,05%-ից ցածր է, անտեսվում են: Այսինքն, ԿԲ նախագահի խոսքերով, հաշվի է առնվում միջին հայկական ընտանիքի բյուջեն:
Պատգամավոր Թաթուլ Մանասերյանն ասաց, որ նման «հանելուկները» միգուցե պետք է փնտրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մեթոդաբանության հիմքո՞ւմ եւ առաջարկեց այդ մեթոդաբանությունը տեղայնացնել Հայաստանի համար: Ս. Մնացականյանը, սակայն, նկատեց, որ նման վատատեսական կարծիք առաջին անգամ է լսում, քանի որ ԱՄՀ-ն մեթոդաբանության առումով ԱՎԾ-ին շատ է օգնում, եւ «բացի երախտագիտության խոսքերից` ինքն այլ բան չունի ասելու»: ԱՎԾ նախագահն այս առնչությամբ տեղին համարեց հիշեցնել նաեւ իր ռուսաստանյան գործընկերոջ խոսքն այն մասին, որ վիճակագրական մարմինները «միշտ պետք է պատրաստ լինեն նրան, որ վիճակագրությունից եւ բժշկությունից բոլորը հասկանում են»:
Առանձին ապրանքների գների վրա ԿԲ-ն չի կարող ազդել: ԱՎԾ-ն ընդհանրապես միայն փաստեր է արձանագրում: Ուստի այս երկու գերատեսչություններն էլ, ըստ էության, չեն կարող լիարժեք պատասխանել «Ինչո՞ւ» հարցին: Ժողովուրդն առանց պատասխանի` պետք է համակերպվի որոշ ապրանքների եւ ծառայությունների գների աճի հետ:
Բնականաբար, խորհրդարանական լսումները չէին կարող շրջանցել նաեւ բազմիցս «չարչրկված» փոխարժեքի ֆենոմենը: Ս. Բալասանյանը կրկին առաջ քաշեց «տնային տնտեսուհու մոդելը»` այն, որ վերջինս դոլարը փոխելիս ֆինանսապես տուժում է: Եվս մեկ անգամ կրկնելուց հետո այն, որ ԿԲ-ի կողմից փոխարժեքի կարգավորումն ամենեւին էլ նպատակահարմար չէ եւ կարող է առաջացնել գնաճ, Տ. Սարգսյանը բերեց դրամի արժեւորման եւ արտահանման վրա վերջինիս ազդեցության մասին իր տեսակետը: ԿԲ նախագահը գտնում է, որ դոլարի էժանացումը կհանգեցնի կարճաժամկետ հատվածում ներմուծման աճին, այդ թվում` տեխնոլոգիաների ներմուծման: Զինվելով նոր տեխնիկական հզորություններով` տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան երկարաժամկետ հատվածում ավելի մրցունակ արտադրանքով «դուրս գալ» միջազգային շուկա` դրանով իսկ խթանելով արտահանումը: Տեսականորեն այս դրույթները հիմնավոր են, բայց ինչպե՞ս կարելի է պատկերացնել այն, որ տեղական արտադրողները դոլարի արժեզրկման շարունակական փուլում սկսում են տեխնոլոգիաներ ներմուծել: Ուստի կարելի է պնդել, որ Տ. Սարգսյանի առաջարկած «մրցունակության գաղտնիքը» մեր երկրում դեռ չի աշխատում:
Ի՞նչ պետք է անել, որպեսզի երկարաժամկետ հատվածում Հայաստանն ապահովի մրցունակություն եւ կայուն տնտեսական աճ: Այս հարցի շուրջ Թ. Մանասերյանը փորձում էր իմանալ ԿԲ նախագահի կարծիքը: Սակայն վերջինս պատգամավորին առաջարկեց այս թեմայով առանձին զրուցել եւ կիսվել իրենց պատկերացումներով: