Հարկային դաշտում ռիսկային ոլորտներ կան

18/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Անցյալ տարի Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ սոցապ վճարների եւ եկամտահարկի գծով պարտավորություններ կուտակած անհատ ձեռնարկատերերի նկատմամբ արտոնություններ սահմանելու մասին։ Օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Այս եւ հարկային համակարգի այլ խնդիրների մասին զրուցեցինք Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ։

– «Անհատ ձեռնարկատերերի նկատմամբ արտոնություններ սահմանելու մասին» օրենքն արդեն ուժի մեջ է, կարո՞ղ եք ասել, թե մինչ այժմ քանի հոգի են դիմել լուծարվելու խնդրանքով, կամ վճարել պարտավորությունների 30%-ը։

– Նման ամփոփ վիճակագրություն չունենք։ Դիմողները դեռ շատ չեն, քանի որ վերջին ժամկետը սահմանված է մինչեւ մայիսի 1-ը, եւ ինչ-ինչ «հայկական» գործոնների պատճառով անհատ ձեռնարկատերերի մեծ մասը դեռ չի շտապում լուծարման դիմում գրել։ Իմ կարծիքով, որքան մոտենա վերջնաժամկետը, այնքան դիմողների թիվը կմեծանա։ Մենք կամփոփենք եռամսյակային տվյալները եւ ձեզ տեղյակ կպահենք։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրազեկման աշխատանքները։

– Իրազեկման համար մենք հիմնականում օգտվել ենք ԶԼՄ-ների հնարավորություններից։ Այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքները մենք նախատեսել ենք անցկացնել մարտ ամսին, որովհետեւ նախատեսում ենք միջազգային կառույցների օգնությամբ ծանուցագրեր հասցնել անհատ ձեռնարկատերերին։ Հնարավորության դեպքում կաշխատենք «Հայփոստի» հետ՝ մարդկանց անհատապես ծանուցելու համար։ Թեեւ հեռուստատեսությունը եւ տպագիր լրատվամիջոցները հասանելի են բնակչությանը, առավել եւս՝ անհատ ձեռնարկատերերին: Մենք նման օրենսդրական պարտավորություն չունենք, սակայն կօգտագործենք նաեւ այդ հնարավորությունը։

– Կմեկնաբանե՞ք օրենքի հիմնական դրույթները։

– Անհատ ձեռնարկատերերի 3 խավ կա։ Առաջին խավն այն մարդիկ են, որոնք կվճարեն պարտավորությունների 30%-ը, կազատվեն տույժերից եւ կունենան այն նույն կարգավիճակը, ինչ ունեցել են նախկինում։ Երկրորդ խմբի մեջ մտնում են այն անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն վճարի, դիմում կգրեն եւ կլուծարվեն։ Եվ երրորդ խումբը, ովքեր ո՛չ վճարելու են եւ ո՛չ էլ ինքնալուծարման դիմում են գրելու։ Այդ դեպքում հարկային մարմիններն իրենք կլուծարեն այդ ընկերությունները, եւ վերջիններս առաջիկա 5 տարվա մեջ կկարողանան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ կվճարեն իրենց ողջ պարտավորությունները։ Այս կետը վերաբերում է այն մարդկանց որոնք, ըստ էության, չեն ուզում պետության հետ հաշվի նստել։

– Իսկ ՍՊԸ-ների հետ կապված նման օրենք կարո՞ղ է ապագայում ընդունվել։

– Այդպիսի նախագծեր այս պահին չունենք։ Ցանկացած համաներում միայն թուլացնում է հարկային կարգապահությունը եւ սուբյեկտների մոտ առաջացնում է զգացողություն, թե կարելի է չվճարել, վերջում, միեւնույն է, համաներում է լինելու։ Հենց դրա համար էլ մենք համաներումն ընդունեցինք սահմանափակ քանակի անհատ ձեռնարկատերերի համար։ Եթե իրավաբանական անձինք չեն վճարում պարտավորությունները, նրանց գույքն է բռնագրավվում կամ սնանկ են ճանաչվում։ Ի դեպ, ամեն տարի հազարավոր իրավաբանական անձինք են դիմում ինքնալուծարվելու համար։ Նրանց զիջելու հիմքեր մենք չունենք, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում վիճակը մի քիչ այլ էր։

– Իսկ ինչո՞վ կբացատրեք, որ 300 խոշոր հարկատուների վերջին ցուցակում շահութահարկը եւ եկամտահարկը ներկայացված են միասին։ Ի տարբերություն նախորդ եռամսյակների ցուցակների, չի երեւում՝ ով է շահույթով աշխատել, ով՝ վնասով։

– Այս ցանկն առանձնահատուկ է նրանով, որ այս անգամ ներառվել են նաեւ մաքսային սահմանի վրա վճարված հարկերը։ Սա ավելի լավ պատկերացում է տալիս գործարարի վճարած հարկերի մեծության եւ նրա հարկային կարգապահության մասին։ Այսուհետ եւս ցանկերը կհրապարակվեն հարկային եւ մաքսային մարմինների տվյալների ներառմամբ։ Ինչ վերաբերում է շահութահարկին եւ եկամտահարկին, ապա հետագայում մենք ցանկը կհրապարակենք դրանց առանձին ներկայացմամբ։ Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է։

– Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին ներկայացված հաշվետվության ժամանակ նշեց, որ շատ խոշոր գործարարներ իրականում եկամուտները ցածր են ցույց տալիս, սակայն այնպիսի ճշգրիտ թվեր են ներկայացնում, որ խախտումները հնարավոր չէ հայտնաբերել։ Հարկային մարմիններն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկո՞ւմ են, թե՞ համակերպվել են այդ վիճակի հետ։

– Այդ վիճակի հետ հնարավոր չէ համակերպվել։ Մենք բավականաչափ թափանցիկ ենք աշխատում։ 300 խոշոր հարկատուներն ապահովում են հարկային ընդհանուր մուտքերի մոտ 70%-ը։ Հետեւաբար, ուշադրությունն այդ ցանկերի նկատմամբ (ընդ որում՝ ոչ միայն հարկային մարմինների, այլեւ հասարակության, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների կողմից), առաջխաղացման հիմքեր են ստեղծում։ Ցանկերում ներկայացված տվյալները հենց այնպես օդում չեն մնում, եւ սեփականատերերը, բաժնետերերն ու հարկային մարմինները համապատասխան հետեւություններ են անում։ Կարելի է տեսնել, որ ցանկերում մեծ արտացոլում են գտել էներգետիկ համակարգը, բանկերը, վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները, բուհական համակարգը։ Ցավոք, ցանկում իրենց արժանի տեղը չեն գտել ՀՆԱ-ի ստեղծման մեջ մեծ տեսակարար կշիռ ունեցող շինանյութերի, հանքարդյունաբերության ոլորտները։ Չնայած որոշ կազմակերպություններ ցանկում կան, սակայն կարծում եմ՝ նրանք ավելի մեծ տեղ պետք է գրավեին։ Դուք կարող եք հետեւել, թե որ կազմակերպությունները հեռուստատեսությամբ ինչ ծավալի գովազդ են ներկայացնում, եւ հետո համեմատել ցանկում զբաղեցրած տեղի եւ վճարած հարկերի մեծության հետ։ Մենք վերլուծություններ ենք անում եւ մեզ համար որոշում ենք ռիսկային ոլորտները։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն կառավարության առջեւ՝ որպես հարկային եկամուտներ ապահովող մարմին, այլ նաեւ հասարակության։

– Երբ նշում եք` «վճարումները բավարար չեն», դա ենթադրությո՞ւն է, թե՞ կոնկրետ հաշվարկներ կան։

– Անկասկած, հաշվարկներ կան բոլոր կազմակերպությունների համար։ Ցանկացած կազմակերպության կարող ենք ասել, թե ինչու է նա հայտնվել ցուցակի կոնկրետ տեղում։ Երբ ասում եմ` բավարար չէ, նշանակում է՝ այս տարի մենք այդ ոլորտներին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք։ Պետք է ձգտենք, որ ընկերությունները ցույց տան իրենց իրական շրջանառությունը։ Երբ ասում ենք` «ստվեր», դա չի վերաբերում միայն չգրանցված ձեռնարկություններին։ Մեր խորին համոզմամբ, այսօրվա վիճակով ստվերային շրջանառությունն ավելի մեծ է ոչ թե չգրանցված բիզնեսում, այլ այն կազմակերպություններում, որոնք հաշվառված են, գրանցված են եւ ներկայացնում են հարկային հաշվետվություններ։ Նրանք ձգտում են քիչ հարկ վճարել, դա բնական ցանկություն է։ Հարկային մարմինն էլ, բնականաբար, պետք է հակառակն ապացուցի։ Այս աճի ընթացքում էլ պետք է ծնվի ճշմարտությունը։ Դա անընդհատ եւ նորմալ երեւույթ է։

– Իսկ այս հարցում խնդիրներ կա՞ն՝ հարկային տեսուչների պրոֆեսիոնալիզմի հետ կապած։

– Պրոֆեսիոնալիզմի ավելը կամ պակասը մեր բոլոր ոլորտներում, կարծում եմ, գրեթե նույն մակարդակի վրա է՝ եւ՛ լրագրության, եւ՛ առողջապահության, եւ՛ գիտության, եւ՛ հարկային ոլորտներում։ Բոլոր ոլորտներում էլ զգացվում է որակյալ մասնագետների կարիք։ Պետք է նշեմ, որ մեր շատ մասնագետներ ժամանակի ընթացքում տեղափոխվում են մասնավոր բիզնես, որտեղ աշխատավարձերն ավելի բարձր են։ Շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի վրա, որոնք թարմ մտածելակերպ ունեն։ Թեեւ պետք է նշեմ, մասնագիտական որակավորման առումով լուրջ խնդիրներ ունենք։ Բուհեր կան՝ տնտեսագետի որակավորում են տալիս այնպիսի մարդկանց, որոնք չգիտեն ինչ բան է տնտեսագիտությունը։ Իհարկե դժվար է, սակայն աշխատում ենք մրցույթների միջոցով ընտրություն կատարել։ Անցյալ տարի մոտ 800 հոգի է դիմել 200-210 թափուր տեղերի համար։ Սակայն պետք է նշեմ նաեւ, որ կան հիանալի երիտասարդներ, որոնց մոտ պակասում է միայն փորձը։ Լավը գերազանցում է վատին։

– Պրն Ցոլակյանը խոսել էր նաեւ հովանավորչության դեպքերի մասին։

– Պետք է խոստովանենք, որ բոլոր ոլորտներում էլ հովանավորչությունը կա, այդ թվում` նաեւ հարկային համակարգում։ Մեր դեպքում այդ երեւույթն ավելի բացատրելի է, քանի որ գործ ունենք ֆինանսների հետ, եւ մրցակցություն է գնում, թե ով ինչքան կվաստակի։ Եկամուտների բաշխման այս գործընթացի արդյունքում շահեր են բախվում, եւ այդ շահերի ետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ։ Եվ այդ մարդկանց մեջ էլ կան կոնկրետ չինովնիկներ՝ միջին եւ բարձրաստիճան։ Առանձին դեպքերում այդ մարդիկ հանդես են գալիս սեփականատիրական հիմունքներով, առանձին դեպքերում՝ բարեկամական, կամ ինչպես պրն Ցոլակյանն ասաց, քավոր-խնամիական։ Իրականությունն այսպիսին է, եւ մենք բացեիբաց ասում ենք, որ այդ երեւույթը մեզ մոտ արմատախիլ արված չէ։ Այդ խնդիրը մեր առջեւ դրել էր նաեւ հանրապետության նախագահը։ Հավատացեք, որ այդ հարցերի քննարկումը որոշակի առումով պակասեցնում է հովանավորչության ռիսկերը։ Որեւէ պաշտոնյա չի ցանկանա, որ իր անունը հայտնվի թերթերի էջերում, եթե ինքը զբաղվում է հովանավորչությամբ։ Պետք է շահագրգիռ, առողջ կերպով քննարկել։