Տեխնոլոգիաների զարգացումն ու գլոբալիզացիան նոր ապրանքների ու ծառայությունների պահանջարկ են առաջացնում: Այսօր Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, «սնկի նման» ավելանում են ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների ինտերնետային կայքերը (սայթ)` զարգացնելով բիզնեսի նոր ձեւ, որ կոչվում է հոստինգ, այսինքն՝ կայքի տեղադրում:
Հայաստանյան կայքերը պատրաստվում եւ տեղադրվում են հիմնականում տարբեր ընկերությունների կողմից: Պատրաստման գործընթացը բաղկացած է 2 մասից` դիզայներական եւ ծրագրավորման: Այս ծառայության գները խիստ տատանվում են, քանզի պայմանավորված են կայքի առանձնահատկություններով: Օրինակ, պարզ նկարներով կայքը շատ ավելի էժան է, քան Flesh տեխնոլոգիաներով, խաղարկային կայքերը:
Հոստինգի ծառայություն մատուցող ընկերությունները Հայաստանում հիմնականում ինտերնետ պրովայդերներն են: Ինչպե՞ս է ընթանում այս գործընթացը: Ծրագրավորող Հայկ Գեղամյանի խոսքերով` արտաքին ցանցի միջոցով պրովայդերը ձեռք է բերում վճարովի IP (համար), ինչպես նաեւ դոմեն (անուն): Դրանք իրար միացնելով` տեղադրվում է սերվերի մեջ: Վերջինս իրենից ներկայացնում է համակարգիչ` համապատասխան ծրագրային ապահովմամբ: Հավաքելով համապատասխան դոմենը` հնարավորություն է ընձեռվում մուտք գործել ինտերնետ:
Դոմենը հաճախորդը կարող է գնել ինտերնետից: Իսկ դրանից հետո պետք է դիմի պրովայդերին` IP ստանալու համար: Սակայն, հայաստանյան հաճախորդները, ավելորդ «գլխացավանքներից» խուսափելու համար սովորաբար երկուսն էլ գնում են պրովայդերից: «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանի խոսքերով` Հայաստանում կայքերի անունների գրանցմամբ զբաղվում են 6 կազմակերպություններ` «Արմինկո», «Էքստերնետ», «Վեբ», «Կորնետ», «Նետսիս» եւ «Դոլֆին» ընկերությունները: Ի՞նչ արժե այս «հաճույքը»: Անունը պահպանելու համար ռեզիդենտները պետք է վճարեն տարեկան 13 հազար 200 դրամ, իսկ արտասահմանցիները` 50 դոլար: Հոստինգի ծառայության համար տարբեր ընկերություններ տարբեր գնային քաղաքականություն են իրականացնում: Որոշ կազմակերպություններ նույնիսկ 1 մեգաբայթանոց կայքն անվճար են տրամադրում: «Արմինկոն» հիմնականում առաջարկում է հոստինգի համար վճարել տարեկան 10.000 դրամ, ինչը բավարար է կայքում հիմնական տեղեկատվություն տեղադրելու համար: Մի խոսքով, տարեկան մոտ 23 հազար դրամ վճարը սեփական ինտերնետային կայք ունենալը դարձնում է մատչելի:
Հաճախորդն ինքն է ընտրում նաեւ, թե որ երկրի սերվերում է լինելու իր կայքը: Օրինակ, եթե ԱՄՆ-ում է, նշանակում է, որ ամերիկացիները հնարավորություն ունեն արագ օգտվել այդ կայքից: «Արմինկոն» այս խնդրին ավելի բարդ լուծում է առաջարկել: Բացի Հայաստանում գտնվող սերվերից` ընկերությունը մեկ հայելական սերվեր էլ ունի ԱՄՆ-ում: 15 րոպեն մի անգամ Հայաստանի սերվերից տեղեկատվությունը տեղափոխվում է ԱՄՆ: Ստացվում է, որ եւ՛ արտասահմանում, եւ՛ Հայաստանում այդ կայքը հնարավոր է արագ բացել: Գ. Սաղյանի հավաստմամբ` այս լուծումն առավել ծախսատար չէ:
Թեեւ հոստինգի ծառայությունից օգտվող անհատների եւ կազմակերպությունների թիվն ամեն տարի մոտ 2 անգամ աճում է, ինչը պայմանավորված է հիմնականում համակարգչային գիտելիքների աճով եւ ինտերնետի զարգացմամբ, այնուամենայնիվ, այս ոլորտն էլ զերծ չէ խնդիրներից: Մասնագետները միակարծիք են այն հարցում, որ ոլորտի ամենամեծ հիմնախնդիրն «ԱրմենՏելի» կողմից սահմանված միջազգային կապուղիների գերբարձր սակագինն է: «Մենք սպասում ենք գների իջեցմանը: Այդ պարագայում շատ հարցեր լուծում կստանան»,- ասում է Գ. Սաղյանը: