ԱՄՆ Պետդեպարտամենտի «Կրոնական բազմախոհությունը ԱՄՆ-ում» ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 150 երկրներից մասնակցության հնարավորություն ստացած 17 երկրների ցանկում եղել է նաեւ Հայաստանը: Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, կրոնագետ Հովհաննես Հարությունյանը եղել է ԱՄՆ տարբեր նահանգներում, ուսումնասիրել տեղի կրոնական կազմակերպություններն ու դրանց դերը հասարակական կյանքում:
– Ամերիկայում ինչպիսի՞ն է վերաբերմունքն աղանդների հանդեպ:
– Այնտեղ դրանք կոչվում են ուղղակի կրոնական կազմակերպություններ եւ ունեն գործունեության հավասար դաշտ: Մեզ մոտ դրանք կոչվում են աղանդներ, որովհետեւ մեր ազգային կրոնը գերակա դիրքում է, իսկ այդ կրոնական ուղղությունները պարզապես հակադրվում են մեր ազգային եւ կրոնական պատկերացումներին: Կրոնական կազմակերպությունների տարածվածության առումով ԱՄՆ-ը միատարր չէ. նահանգներ կան, որտեղ տարբեր կրոնական կազմակերպություններ են գործում կողք կողքի եւ մրցակցության մեջ են միմյանց հետ, նահանգներ էլ կան, որտեղ կրոնական միայն մեկ ուղղություն է գերիշխում:
– Կարո՞ղ եք որեւէ պատճառ նշել, որի շնորհիվ որեւէ կրոնական ուղղություն որեւէ վայրում գերակա դիրք է գրավում:
– ԱՄՆ-ում կոնկրետ քաղաքներ կան, որոնք հիմնվել են այս կամ այն կրոնական ուղղության հետեւորդների կողմից: Այդպիսի օրինակ է Սոլթ-Լեյք-Սիթին, որը հիմնել են մորմոնները: Իսկ, օրինակ, Կալիֆոռնիայում որեւէ կրոնական ուղղություն չի կարող հեգեմոն դեր ունենալ, որովհետեւ այստեղ բնակություն են հաստատել ոչ միայն ամերիկյան երկրներից, նաեւ՝ Եվրոպայից ներգաղթածները: Կալիֆոռնիան նաեւ ծովափնյա շրջան է, եւ այդ առումով, գրավել է հասարակության ամենատարբեր շերտերի, հոսանքների. բնակչությունն այնտեղ շատ խայտաբղետ է: Նույն համատեքստում եթե դիտարկենք, հայերն էլ կրոնական ինչ-որ ուղղության են հարում, եւ Կալիֆոռնիան իր աշխարհագրական դիրքով գրավում է նաեւ հայերին՝ ափամերձ լավագույն շրջաններում մեծաթիվ հայեր են բնակվում, սակայն չի կարելի ասել, որ նրանք իրենց դավանանքով գերիշխող դեր ունեն:
– Ո՞րն է կրոնական այդ կազմակերպությունների գերխնդիրը:
– Նպատակը մեկն է՝ համաշխարհային գերակա դիրք ունենալը, հնարավորինս մեծաթիվ մասսաների իշխելը՝ թե՛ հոգեւոր, թե՛ քաղաքական դաշտում: Նույն խնդիրը նաեւ Քրիստոնեության հիմքում է դրված, չէ՞, երբ ասում է՝ գնացեք քարոզեք բոլոր հեթանոսներին, քանի դեռ բոլորը ծանոթ չեն Ավետարանին, չի գա Աստծո թագավորությունը: Կրոնական այս ուղղություններն էլ նման առաքելության միջոցով փորձում են տարածվել ամբողջ աշխարհում: Սակայն գալով այստեղ՝ նրանք հեռանում են իրենց հիմնական գաղափարախոսությունից եւ կարող են որոշակի վտանգ ներկայացնել թեկուզ միայն այն պատճառով, որ հսկայական ինֆորմացիայի կարող են տիրապետել: Այդ իսկ պատճառով նրանք հրաշալի գնահատել են լեզվի իմացության խնդիրն ու մեր մայրենի լեզվին ավելի լավ են տիրապետում, քան մենք: Բացի այդ, սկզբում նրանք հանդես են գալիս բարեգործական կազմակերպությունների անվան տակ, որպեսզի ավելի հեշտ նվաճեն մեզ: Այդ կազմակերպություններից շատերն իրենց համար այնպիսի անվանումներ են ընտրում, որոնք չեն մատնում դրանց կրոնական կառույց լինելը, ինչպես, օրինակ, «Գարեգին Նժդեհ» կամ «Սասունցի Դավիթ»՝ այդպիսով նրանք ավելի սրտամոտ են լինում եւ ավելի հեշտ են նվաճում մեզ, գնալով այլ երկիր, բնականաբար, նրանք փոխում են անվանումը՝ համարժեք այդ երկրի ավանդույթների, մշակույթի:
– Հասարակ ամերիկացուն ի՞նչն է տանում դեպի այդ կառույցները:
– Ամերիկայում եկեղեցին ավելի շատ սոցիալիզացիայի խնդիր է լուծում: Դա մի վայր է, որտեղ մարդիկ աշխատանքային օրվանից հետո կարող են հավաքվել, զրուցել, շփվել միմյանց հետ: Նրանք հաճախ խիստ կառչած չեն այս կամ այն եկեղեցուց, ասենք՝ աշխատանքի կամ բնակավայրի փոփոխությամբ պայմանավորված նրանք կարող են մի որոշ ժամանակ հաճախել մեկ, ապա՝ այլ կրոնական ուղղության պատկանող եկեղեցի: Ուստի եկեղեցիներն էլ մարդկանց գրավելու իրենց մեխանիզմներն ունեն՝ դա նրանց կեցվածքը, կուլտուրան, նույնիսկ սովորական հարաբերությունների մեջ իրենց վարվելակերպը կարող է լինել, այսինքն՝ այն ամենը, ինչը կարող է ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա, որովհետեւ մարդը հոգու փրկության է ձգտում, նրա մեջ անընդհատ հոգեւորի պակաս կա, այսինքն` չի կարելի ասել, թե նրանց նյութական բարօրությունն է հետաքրքրում միայն: Իհարկե, այդպիսիք էլ կան, որոնք այդ ճանապարհով փող են աշխատում, սակայն երբ հոգեւորին գումարվում է նաեւ նյութականը, մեծ արդյունք է տալիս:
– Համաշխարհային մշակույթի բազմաթիվ հայտնի դեմքեր են հարում զանազան կրոնական կազմակերպությունների, նրանց խնդիրը ո՞րն է:
– Նորելուկ կրոնական ուղղություններից սաենտոլոգիան է, որ առավել հայտնի է նման դեմքերի ներգրավվածությամբ: Կրոնական այս ուղղությանն են հարում այնպիսի վառ անհատականություններ, ինչպիսիք են Թոմ Կրուզը, Ջոն Տրավոլտան, Չիկ Կորեան, որոնք հեշտությամբ երկրպագուների հսկայական բանակ են տանում իրենց հետեւից դեպի այս կառույցները: Հասարակ ամերիկացին բավականին լավ գումար է վաստակում, եւ ամեն ամիս նա հարկերի-տուրքերի ձեւով պատկառելի գումար է տալիս իր անդամակցած եկեղեցուն: Պատկերացրեք՝ նման անհատականությունների շնորհիվ ինչպիսի հարստություն կարող են դիզել այդ եկեղեցիները, եւ պատահական չէ, որ ամերիկացիներն ասում են ՝ «Եթե ուզում ես հարստանալ, ստեղծիր քո եկեղեցին»: Սաենտոլոգները հետաքրքիր մեխանիզմներ ունեն մարդկանց ներգրավելու. նրանք նախ անվճար 3-4 րոպեանոց թեստ են անցկացնում ու պարզում, որ դու հոգեկան վատթար վիճակի մեջ ես, այնուհետեւ այդ վիճակից դուրս գալու սեանսներ են առաջարկում՝ առաջին սեանսն արժե 75 դոլար, երկրորդը՝ 150, եւ այդպես շարունակ՝ մինչեւ դու դառնում ես իրենց անդամ ու ինքդ ես կամովին տանում այդ գումարներն իրենց տալիս: Մարդիկ այդ սիստեմները հրաշալի են մշակել, թեեւ իրենց իսկ առաջնորդների՝ ասենք Եհովայի վկաների առաջնորդ Չարլզ Ռասելի կամ թեոսոֆիական եկեղեցու առաջնորդ Մարիա Բլավացկայայի կյանքը լեցուն է բազմաթիվ «խալտուրաներով»: Նույն Չ.Ռասելը հսկայական վնաս պատճառեց՝ Աստծո անունից ժողովրդին համոզելով գնել Կանադայից բերված ցորենի փչացած սերմացուն: Կամ Մարիա Բլավացկայան՝ ժողովրդին համոզում է, որ Աստված երազում իրեն հայտնել է, որ ինքը երեք գույնի ինչ-որ խալաթներ պետք է գնի ու երկար-բարակ նկարագրում է այդ խալաթները, ժողովրդին ասում է՝ բնականաբար դուք չեք կարողանա գտնել այդ խալաթներից, ուստի եթե ուզում եք՝ դուք գումարը փոխանցեք իմ հաշվին՝ ես ինքս կգնեմ. դուք պատկերացրեք ինչքան գումար կարող է հավաքվել նրա հաշվին…
– Հիմա այդ հայտնի մարդիկ փո՞ղ են աշխատում այդ ճանապարհով:
– Ինչո՞ւ ոչ: Ես խիստ կասկածներ ունեմ, որ դա ուղղակի բիզնես է նրանց համար: Թեեւ ինչ-որ տեղ գուցե իրենք էլ են հոգեւոր խնդիր լուծում իրենց համար: Օրինակ` Թոմ Կրուզն այդ մասին ասել է՝ «Ես այստեղ գտա ճշմարտությունը», բայց հիմա դժվար է ասել՝ Թոմ Կրուզն ինչ է նկատի ունեցել` «ճշմարտություն» ասելով, նրա իմացած ճշմարտությունը գուցե փողի մե՞ջ է: Այն, որ դա կարող է նրան հսկայական փողեր բերել՝ փաստ է: Իր ներկայությունը միայն այդ կառույցում լավ գովազդ է, եւ նա կարող է համայնքի հետ ուղղակի շահութաբեր գործարքի մեջ լինել:
– Կրոնական այդ կազմակերպությունները մեր քաղաքական դաշտում ազդեցություն ունե՞ն:
– Որքանով ես տեղյակ եմ, նրանք միշտ էլ փորձում են դա, նրանք չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը վերջիվերջո քաղաքականությունն է, որովհետեւ իշխանական լծակներն օգտագործելով ավելի հեշտ է դառնում տարածվելը: Պատկերացրեք, եթե Հայաստանում գործող կրոնական հոսանքների առաջնորդները մի օր միավորվեն ու որոշեն հանդես գալ համամասնական ինչ-որ ընտրակարգով… Նրանց ընտրողներն ավելի ռեալ ընտրողներ են, դա հսկայական ուժ կարող է լինել, մինչդեռ մենք այսօր մատների արանքով ենք նայում դրան: