Լենայի կյանքը

18/02/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

«Տնտեսական աճ» ապրող երկրում դոնոր կազմակերպությունները կրճատում են օգնությունը` ծանրացնելով տարեցների վիճակը: 75-ամյա Լենա Հովսեփյանը 37 տարեկանում գրիպի հետեւանքով հիվանդացել է ինֆեկցիոն պոլիարթրիտով: Բժիշկները սխալ են բուժել, ինֆեկցիան չի վերացել, եւ հիվանդությունը ժամանակի ընթացքում շարքից հանել է նրա վերջույթները: Իսկ վերջնականապես դարձել է անօգնական 1997 թվականից, երբ ավտոբուսից իջնելիս հետեւից հրել են, ու ընկել ոտքը ջարդել է:

Նրա փրկությունը «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ծրագրով իրեն խնամող սոցիալական աշխատողն է, որ մինչեւ վերջերս շաբաթը երկու անգամ այցելում էր նրան: «Մայրանուշը արդեն երկու տարի գալիս ա, էնքան լավ կին ա, ինձ էրեխի նման նստեցնում ա, գդալը բռնում կերակրում ա, լողացնում ա, մազերս ա սանրում, եղունգներս ա կտրում: Որ չլինի` ես կորած եմ»,- ասում է Լենան:

Սակայն երբ Մայրանուշը չկա, վայ էն ուտելուն. Լենան ստիպված ինքը պիտի շարժվի, հաց ուտի, որ նրա համար տառապանք է. քարացած մատները գդալը չեն պահում, հազար անգամ ձեռքից ընկնում է: Երբեմն եղբայրն է գալիս օգնում, բայց նա էլ է հիվանդ: Մի քանի ժամ է տեւում, մինչեւ Լենան անկողնուց ելնում է, մոտենում սեղանին: Հաճախ ընկնում է: Երեք շաբաթ առաջ ընկել է, ու դեմքը հատակին հարվածելուց ուռել-կապտել է, որ մինչեւ հիմա չի անցել: Ընկած տեղից, եթե հեռախոսը մոտ է լինում, զանգում է հարեւանին, իսկ եթե հեռու է լինում, բղավում է Աիդա, Աիդա, մինչեւ հարեւանը լսի-գա:

«Շատ ա լինում, որ ընկնում ա, կանչում ա, ես մենակ չեմ կարում բարձրացնեմ, հարեւաններին եմ բերում»,- ասում է դիմացի հարեւան Աիդան:

«Փարոսից» ստանում է ալյուր, որ խոհանոցում դրած է մնում. իրեն պետք չէ, քանի որ չի կարող օգտագործել: Առաջարկում է սոցիալական աշխատողին, բայց նա չի վերցնում, ասելով, որ իմանան բան եմ վերցրել, գործից կհանեն:

Տասը օր առաջ «Առաքելություն Հայաստանը» կրճատել է սոցիալական աշխատողի այցելությունը` շաբաթը երկուսի փոխարեն դարձնելով մեկ անգամ: «Ես շատ եմ խնդրում, թող իմ համար բացառություն անեն, գան տեսնեն վիճակս: Ի՞նչ անենք կրճատել են, գոնե մի հոգու չե՞ն կարա օգնեն»,- հուսահատ ասում է Լենան:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության սոցիալական աջակցության ծրագիրը, որ հինգ տարի գործում էր, կրճատվել է 90 տոկոսով: Այժմ միջոցներ չկան շաբաթը երկու անգամ տներ սոցիալական աշխատող ուղարկելու համար: Ֆինանսավորումը դադարեցրել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ՄՆՄԶԳ), եւ այժմ ծրագիրը շարունակվում է մասամբ գործել միայն շվեյցարական «Կարիտաս» կազմակերպության դրամաշնորհով:

Մինչեւ 2009 թվականը լիարժեք կշարունակվի «Առաքելության» մյուս սոցիալական ծրագիրը` համայնքային կենտրոններինը, որ այցելում են շարժունակ տարեցները? սնունդ եւ այլ օգնություն ստանալու (երկու ծրագրերի համար ՄՆՄԶԳ-ն հատկացրել է 6 միլիոն դոլար):

«Նրանց հետ աշխատելը հեշտ է, իրենք գալիս են եւ կենտրոններում ստանում անհրաժեշտ խնամք,- ասում է «Առաքելություն Հայաստանի» նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը: -Իսկ անկողնուն գամվածներին պետք է այցելել: Շատերի դռան բանալիները հարեւանների մոտ են, նրանք չեն կարողանում շարժվել: Լենային անհրաժեշտ է շաբաթը երեք անգամ այցելել: Մենք էլ գիտենք, որ ծանր վիճակ է առաջացել: Շատերին ընդհանրապես այլեւս սոցաշխատող չի այցելում: Փետրվարի 1-ից մենք այլեւս հնարավորություն չունենք սոցաշխատող պահել»:

Միայն Երեւանում մոտ 3000 անօգնական ծերեր զրկվում են սոցիալական ծառայությունից: Մի մասին սոցիալական աշխատողներն այցելում են նախկինի 2 անգամի փոխարեն մեկ անգամ, մի մասն էլ ընդհանրապես զրկվել է խնամքից: Կիրակոսյանն ասում է, որ միջազգային դոնոր կազմակերպությունները 30 տոկոսով կրճատել են ֆինանսավորումը, քանի որ երկիրը տնտեսական աճ է ներկայացնում, եւ առաջարկում են, որ կառավարությունն ինքը ֆինանսավորի սոցիալական ծրագրերը (ՄՆԶՄԳ ներկայացուցիչ Անուշ Դավթյանը հայտնում է, որ պարզապես ավարտվել է դրամաշնորհի ժամկետը): «Առաքելություն Հայաստանը» Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակել է սոցիալական օգնության նախագիծ եւ ներկայացրել կառավարություն: Եթե այն ընդունվի, ապա կմտնի հաջորդ տարվա բյուջեի մեջ եւ կսկսի գործել 2007 թվականից:

Իսկ ինչպե՞ս ապրեն ծերերը այս մեկ տարվա ընթացքում:

«Մենք տնտեսած գումար ունենք ՄՆՄԶԳ դրամաշնորհից: Նամակ ենք գրել, որ այդ գումարով թույլ տան շարունակել ծրագիրը, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- ասում է Կիրակոսյանը: Կազմակերպությունը մշակել է նաեւ մի տարբերակ, որ ծերերը պայմանագիր կնքեն սոցաշխատողների հետ եւ հավելյալ այցելության դիմաց վճարեն 600 դրամ (1,3 դոլար):

Լենան ստանում է ամիսը 12 հազար դրամ թոշակ (26 դոլար): Եվ հիմա պիտի ընտրություն անի որոշ սննդատեսակների եւ խնամք ստանալու միջեւ, որի համար անհրաժեշտ է վճարել ամիսը 2400 դրամ (6 դոլար):

Արմենիանաու