Ձյունը մի պրոբլեմ է, հալվելը` երկու

18/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Սակայն հետո պարզվեց, որ այս ձմեռն էլ իր տեղումներով անակնկալ էր մեր քաղաքային իշխանությունների համար: Եվ նրանց անփութության, անտարբերության կամ անկարողության արդյունքում Երեւանի փողոցներն ու մայթերը պատվեցին սառույցի հաստ շերտով, եւ դժվարանցանելի դարձան մարդկանց ու մեքենաների համար: Փողոցները մաքրվում էին կիսատ-պռատ: Իսկ մաքրելուց հետո էլ մայթեզրերին կուտակված ահռելի ձնակույտերը նորից փողոց էին շպրտում մոտակա խանութների ու գրասենյակների աշխատակիցները: Դրան գումարած` նաեւ տանիքներից կախված սառույցներն ու ձնակույտերը, որոնք ամեն վարկյան սպառնում են ընկնել անցորդների գլխին:

Երեւանում, ինչպես նաեւ ամբողջ հանրապետությունում ստեղծվել էր արտակարգ իրավիճակ: Համայնքային իշխանություններն էլ դժգոհում էին, որ իրենց միջոցները չեն բավարարում փողոցները նորմալ մաքրելու համար: Ձյան կույտերը տեղափոխվում էին միայն կենտրոնական փողոցներից: Ի վերջո, կառավարությունն ուշացումով որոշեց 100 մլն դրամ հատկացնել ճանապարհները ձյան կույտերից մաքրելու համար: Ուղղակի վերջին օրերին ջերմաստիճանը բարձրացավ ու թեթեւացրեց քաղաքային իշխանությունների հոգսը: Բայց քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Ֆրունզ Բասենցյանն ասում է, որ անակնկալ առատ ձյունը թաղապետարաններին ստիպել էր նախատեսվածից ավելին ծախսել:

«Քաղաքապետն էլ հանձնարարել էր, որ ձյան մաքրման աշխատանքների համար ծախսենք նախատեսվածից ավելին,- ասում է Ֆ.Բասենցյանը: -Նա ասել է, որ հետո դրա համար կառավարությունը կփոխհատուցի: Այդ գումարը կառավարությունը դեռ չի էլ փոխանցել: Իսկ ջերմաստիճանի թեթեւ բարձրացումը մեր հոգսերը չթեթեւացրեց: Ինչպես տեսնում եք` ձյունը փողոցներից դեռ հավաքվում է եւ դուրս տարվում»:

Ինչեւէ, ջերմաստիճանի բարձրացումը եթե ինչ-որ տեղ կթեթեւացնի մեր քաղաքային իշխանությունների հոգսը, մեկ այլ տեղում այդ հոգսը կրկնապատկելու վտանգ կառաջացնի: Բանն այն է, որ փողոցներից հավաքած ձյունը թափվում է Հրազդանի կիրճում, Գետառում ու Երեւանից դուրս՝ դաշտերում, եւ հալվելուց հետո կարող է նոր արտակարգ իրավիճակ առաջացնել: Պարոն Բասենցյանը հավատացնում է, որ ձյունը թափվել է այն տեղերում, որտեղ հալվելուց հետո վտանգավոր իրավիճակներ հաստատ չեն ստեղծվի: Բայց նրա հետ համաձայն չեն բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրինակ, «Հանուն կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը մտավախություն ունի, որ եթե ջերմաստիճանը մի փոքր ավելի բարձրանա եւ անձրեւներ էլ տեղան, ինչպես դա արդեն տեղի է ունենում, ապա Գետառում եւ Հրազդանի կիրճում ջրհեղեղ կսկսվի:

«Բոլորս էլ գիտենք, որ այդ երկու գետերի ափերին էլ օբյեկտներ կան կառուցված,- ասում է տիկին Դանիելյանը: -Ջրհեղեղի դեպքում այդ օբյեկտները կհեղեղվեն, կքանդվեն՝ վնասելով նաեւ ափերը: Եթե ջերմաստիճանն ավելի բարձրանա, կուտակված ձյանը կմիանա նաեւ սարերից հալվող ձյան հոսքը, եւ այդ ամբողջ հալոցքը կթափվի այդ երկու գետերը: Հրազդանը եւ Գետառը մեր բնական հեղեղատարներն են: Դրանց շրջակայքը պետք է ազատ պահպանել: Բայց մյուս կողմից էլ մենք ձյունը գետերից բացի ուրիշ տեղ թափելու հնարավորություն չունենք: Ավելի հեռու տեղափոխելու համար միջոցները չեն բավարարում: Սովորաբար ձյունը հավաքվում եւ լցվում է շրջակա կանաչ տարածությունների՝ գազոնների ու պուրակների մեջ: Բայց քանի որ մեր քաղաքում այլեւս կանաչ տարածություններ չկան, պետք է լցնեն այդ գետերը: Իսկ գետերն էլ, ցավոք սրտի, շրջապատված են օբյեկտներով»:

Ուղղակի տիկին Դանիելյանը հույս ունի, որ բնությունը բարեգութ կլինի եւ ջերմաստիճանը միանգամից չի բարձրացնի: Նույն հույսն է սփոփում նաեւ Ֆրունզե Բասենցյանին, որը գտնում է, որ բնությունն այդպիսի կտրուկ անակնկալներ չի մատուցի: Բայց ձյան պատճառած վնասը լրացուցիչ գումարներ պահանջելով չսահմանափակվեց: Փողոցների այն հատվածները, որոնք արդեն սառույցից ազատվել են, տեղ-տեղ ազատվել են նաեւ ասֆալտից: Այս տարվա ձմեռը կարծես թե եկավ ապացուցելու, որ երկու տարի առաջ «Լինսի» գումարներով արված ասֆալտը բոլորովին էլ «աննախադեպ որակյալ» չէր: Հակառակը, այնքան անորակ էր, որ ընդամենը մեկ-երկու տարի հետո անհրաժեշտություն առաջացրեց լրացուցիչ գումարներ հատկացնել քանդված տեղերը կարկատելու համար: Կա նաեւ առատ ձյան մեկ այլ, ավելի մեծ վտանգ. փողոցներից հավաքած ձյունը աղակալված է: Եթե դա տեղափոխվում եւ լցվում է մոտակա դաշտերը, ապա առաջացնելու է հողերի երկրորդ կարգի աղակալում: Իսկ այս երեւույթը մեր սակավահող Հայաստանի համար փոքր վտանգ չէ: