Եհովայի վկաները դիմում են շանտաժի

18/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Շվեյցարացիների փողերը լվանում են» հոդվածում անդրադարձել էինք «Հույսի ավանի» բնակիչներ Վաչագան եւ Անգին Խաչատրյանների խնդրին: Վերջիններս հիմնադրամի նախագահ Պարույր Ջամբազյանին մեղադրում են դրամաշորթության մեջ եւ պահանջում 3 սենյականոց բնակարանի փոխարեն իրենց տրամադրել 5 սենյականոց բնակարան:

Սակայն հարկ է նշել, որ այս ընտանիքի պահանջները գնալով ավելի զավեշտական բնույթ են ստանում, եւ մեր հրապարակումից հետո նրանք ոգեւորությամբ իրենց կամքն են թելադրում, ամենայն հավանականությամբ, թաքուն մտածելով ինչ-որ բան ստանալ` օգտագործելով լրատվամիջոցների լծակները: Երեքշաբթի օրն «Աջափնյակ եւ Դավիթաշեն» համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հայցն ընդդեմ Վաչագան Խաչատրյանի դատական նիստը: Իրավաբան Շողեր Դանիելյանն արդեն պատրաստվում է դատարանի միջոցով ոչ թե Խաչատրյաններին պարտադրել գույքի օգտագործման պայմանագիր ստորագրել, ինչպես նախկինում այդ պահանջով հայցադիմում էր ներկայացրել, այլ ընտանիքի վտարման հարցը բարձրացնել: Հիմնադրամի նման վճռականությունն ամենեւին պատահական չէ, քանի որ Խաչատրյանների ընտանիքի պահանջներն օրըստօրե ավելանում են: Անգին Խաչատրյանը գրավոր դիմում ներկայացրեց նախագահող Նարինե Բարսեղյանին, ըստ որի՝ իրենք հրաժարվում են ստորագրել պայմանագիրն այնքան ժամանակ, մինչեւ չստանան 4 կամ 5 սենյականոց բնակարան, մինչեւ ճշտվի բնակարանի մակերեսի իրական չափը, մինչեւ դռների եւ պատուհանների արանքից հոսող ձյան հալոցքի խնդիրը հիմնադրամի ծախսերով չլուծվի, մինչեւ հիմնադրամը չլուծի իրենց բնակարանի խոնավության հարցը եւ այլ ուշագրավ պահանջներ: Իսկ նրա ամուսին Վ. Խաչատրյանը չէր ներկայացել նիստին` բերանը կարելու եւ հացադուլ հայտարարելու պատճառաբանությամբ: Թեեւ նիստը կրկին հետաձգվեց, այդուհանդերձ, նշենք, որ Խաչատրյաններն ամեն պատեհ-անպատեհ առիթով ցանկանում են աղմուկ բարձրացնել եւ վարկաբեկել «Դիակոնիա» հիմնադրամի ղեկավարներին: Բոլոր ատյաններում բողոք ներկայացրած տիկին Անգինին առաջարկեցինք փաստաթղթեր տրամադրել Պարույր Ջամբազյանի գրպանած գումարների վերաբերյալ մեղադրանքները հիմնավորելու համար, սակայն պարզվեց, որ ոչ մի ապացույց չունեն: Վերջինս մեծ հույսեր է կապում մասնավորապես մամուլի հետ եւ բազմիցս մեզ խնդրել է մասնակցել դատական պրոցեսին: Արձագանքելով նրանց խնդրանքին` համոզվեցինք, որ Խաչատրյանների պահանջների ցանկը գնալով մեծանում է, այն դեպքում, երբ բոլոր փաստաթղթերը վկայում են, որ հիմնադրամն այս ընտանիքի հանդեպ որեւէ պարտավորություն չունի: Մինչեւ «Հույսի ավանում» բնակվելն այս ընտանիքը շուրջ 10 տարի ապրել է Նոր Նորքի զանգվածի ռեստորաններից մեկի նկուղային հարկում, որից հետո Պ. Ջամբազյանը, խղճալով Խաչատրյանների 10 երեխաներին, տրամադրել է 3 սենյականոց բնակարան: Տիկին Անգինը պնդում է, որ Պ. Ջամբազյանն իրենց խոստացել է ապահովել 5 սենյականոց բնակարանով, սակայն վերջինս դա համարում է բացարձակ սուտ՝ ասելով, որ հիմնադրամը կարիքավորներին օգնում է հնարավորության սահմաններում եւ որեւէ մեկին խոստում չի տալիս: «Դիակոնիա» հիմնադրամի իրավաբան Շողեր Դանիելյանը Խաչատրյանների վարքագիծը կապում է նրանց` «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ լինելու հետ, քանի որ ամուսինները` 10 երեխա ունենալով հանդերձ` առանձնապես շահագրգռված չեն աշխատելու հարցում եւ ամեն ինչ անում են, որպեսզի պետությունից կամ բարեգործական կազմակերպություններից ինչ-որ բան «պոկեն»: Տիկին Անգինը հաստատեց իրենց Եհովայի վկա լինելու Շ. Դանիելյանի մեջբերած փաստարկը, սակայն չաշխատելը կապեց հարմար աշխատանք չգտնելու հետ: Անկախ նրանից, թե այս ընտանիքն ինչ կազմակերպության կամ աղանդի հետեւորդ է, նշենք, որ վերջիններս առանց հիմնավոր ապացույցների փորձում են հեղինակազրկել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին՝ նրանց ենթարկելով շանտաժի: Դատական նիստին մասնակցելու տիկին Անգինի համառ հրավերքներին արձագանքելով՝ տպավորություն ստացանք, որ Խաչատրյանների ընտանիքի բողոքներն անհիմն են: Նշենք նաեւ, որ նրանց նման հազարավոր սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներ ապրում են երկաթե տնակներում, անմարդկային պայմաններում, եւ երանի կտային «Հույսի ավանի» 3 սենյականոց բնակարանում ապրելուն: Տիկին Անգինի հնչեցրած` հիմնադրամի գործունեության վերաբերյալ բանավոր, ոչ կոռեկտ մեղադրանքները լուսաբանելու խնդրանքը մերժեցինք` առաջարկելով ներկայացնել փաստաթղթեր, ինչը լռության արժանացավ: