«Վրաստանի 20 հազարանոց բանակը կարգապահ եւ բռունցքված բանակ է, որը ցանկացած մարտահրավերի դեպքում կկանգնի եւ կպաշտպանի Վրաստանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես ժամանակին պաշտպանվում էին ֆինները, լեհերը, բալթյան երկրները, եւ ինչպես դարերի ընթացքում պաշտպանվում էին վրացիները»,- Վրաստանի խորհրդարանում նախօրեին հնչեցրած իր տարեկան ուղերձում հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք լիովին անցում ենք կատարում ՆԱՏՕ-ի չափանիշներին: Վրաստանի բանակը ամենափոքրն է տարածաշրջանում, բայց մի գաղտնիք բացեմ՝ տեխնոլոգիապես ամենահագեցածն է: Մենք այդ ուղղությամբ մեծ ջանքեր ենք գործադրում, քանի որ շատ լավ գիտենք, թե ինչ է ուզում թշնամին եւ որոշ ներքին «բարեկամներ»,- ըստ «Ռեգնում»-ի, ասել է Սահակաշվիլին եւ ավելացրել, թե իրենք պարծենում են այդ բանակով, քանի որ առանց դրա Վրաստանի զարգացումը խնդրահարույց կլինի: «Մենք խաղաղ երկիր ենք, բայց նման տարածաշրջանում, այսպիսի վտանգների պայմաններում, խաղաղությունը պաշտպանության եւ ամրապնդման կարիք ունի»,- ասել է Վրաստանի նախագահը: