Բրիտանական հեղինակավոր «Economist» հանդեսը հերթական վերլուծական կանխատեսումն է հրապարակել Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական զարգացումների վերաբերյալ, ըստ որի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կշարունակի ամրապնդել իր դիրքերը եւ տեսանելի ապագայում կմնա իշխանության գլուխ: «Այնուամենայնիվ չի բացառվում, որ քաղաքական դաշտը կտրուկ քայլերով վերակառուցելու Ալիեւի փորձերը հակասություններ առաջացնեն իշխանական վերնախավում»,- նշում են «Economist»-ի վերլուծաբանները: Ըստ նրանց, նախորդ տարի հեղաշրջման մեղադրանքով պաշտոնանկ անելով բարձրաստիճան մի քանի ղեկավարների, Ալիեւը ցույց է տվել, որ պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել հավանական բոլոր մրցակիցների նկատմամբ, սակայն վերլուծաբանների կարծիքով, պարզ չէ, թե արդյո՞ք դա բավարար կլինի, եթե Ալիեւի իշխանությանը մարտահրավեր նետի ավելի համախմբված ուժ: Վերլուծաբանները փաստում են, որ թեեւ 2005-ի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության ճնշմամբ մի քանի ընտրատարածքներում նշանակվել են նոր քվեարկություններ, այնուամենայնիվ ընդդիմությունը չի հասել այն բանին, որ ամբողջ երկրում զանգվածները պահանջեն համընդհանուր նոր ընտրություններ: Ըստ «Economist»-ի, դրան նպաստել է նաեւ այն, որ կառավարությունը խիստ սահմանափակումներ է գործադրել, իսկ իրավապահներն ապացուցել են, որ պատրաստ են ուժ կիրառել ցուցարարների դեմ, ինչի արդյունքում բողոքի ակցիաները լայն տարածում չեն ստացել: «Միջազգային համայնքի կողմից էլ՝ հանուն Ադրբեջանի եւ տարածաշրջանի կայունության առանձնապես լուրջ քննադատություն չի հնչի Ադրեբեջանի հասցեին, ինչն էլ ավելի նպաստավոր է Իլհամ Ալիեւի համար»,- գտնում են վերլուծաբանները, որոնց կարծիքով` ԱՄՆ-ը եւ Եվրոպական միությունը գործնականում մեծ ընտրություն չունեն, քանզի կողմերից ոչ մեկը չի ցանկանում ապակայունացնել իրավիճակը, բացի այդ, Ադրբեջանում արեւմտյան նավթային ընկերությունների ներկայությունը նույնպես նվազեցնում է այդ երկրի նկատմամբ քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: «2006-2007-ին Ադրբեջանում տնտեսության աճը կշարունակվի, բնականաբար, դրա հիմքում կլինի ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ածխաջրածնայինների արդյունահանումը: 2005-ին նավթի մեկ բարելի գինը մոտ 55 դոլար էր, 2006-ին էապես չի փոխվի, 2007-ին գուցե կիջնի մինչեւ 47 դոլար»,- կանխատեսում է «Economist»-ը: Վերլուծաբանները փաստում են, որ Ադրբեջանում համախառն ներքին արդյունքի աճը 2005-ին 24% էր, եւ գտնում են, որ 2006-ին այն կհասնի 27,5%-ի, սակայն 2007-ին կիջնի մինչեւ 11%, ինչը պայմանավորված կլինի նավթի գնի ակնկալվող անկումով եւ արտասահմանյան ներդրումների նվազմամբ: Վերլուծաբանները նաեւ այն կարծիքին են, որ Ադրբեջանի ազգային տարադրամը՝ մանաթը տեսանելի ապագայում եւս կշարունակի արժեւորվել: