Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը պատասխան-նամակ է ուղարկել մեր թերթում հրապարակված «Հաստատ, բայց անկանխատեսում» հոդվածին: Իսկ վերջում նաեւ առաջարկ է ներկայացրել՝ ակնկալելով, որ այն ընդունելի կլինի տնտեսագիտական շրջանակների համար:
Նամակիս համար առիթ են դարձել Ձեր թերթի 2006 թ. փետրվարի 9-ի թիվ 13 (101) համարում լույս տեսած «Հաստատ, բայց անկանխատեսում» հոդվածում տեղ գտած որոշ անճշտություններ, որոնց վրա էլ, ցավոք, կառուցված է ամբողջ հոդվածը: Առաջին անճշտությունը վերաբերում է հետեւյալ պնդմանը, թե «մեր օրենսդրության համաձայն՝ երկրում գների աճի կարգավորումը ԿԲ-ի պարտականությունն է»: «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն «Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով ԿԲ-ն մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը»: Այստեղ կցանկանայի նշել, որ ԿԲ-ն իր հիմնական խնդիրն իրագործում է դրամի քանակությունը (դրամական բազայի միջոցով) ավելացնելու կամ նվազեցնելու միջոցով, եւ ոչ երբեք գների կարգավորմամբ:
2-րդը վերաբերում է հետեւյալ մեջբերմանը. «2002թ. գնաճը 2,5 անգամ գերազանցեց պլանավորված ցուցանիշը: ԿԲ-ի բացատրությունն ինքնատիպ էր՝ գնաճը չհաջողվեց կանխել, որովհետեւ միջազգային շուկայում աճել էր հացահատիկի գինը: Նույն «միջազգային շուկայում» սպասվող գազի գնի աճն այս տարի չի սարսափեցնում ԿԲ-ին»: 2002թ. գնաճի բարձր մակարդակն իսկապես հիմնականում պայմանավորված էր միջազգային շուկայում հացահատիկի գնի շեշտակի աճով, եւ ԿԲ-ն հայտարարեց, որ եթե փորձի այդ շոկը չեզոքացնել իր գործիքներով, այսինքն, էականորեն կրճատելով դրամական բազան, ապա մեծ շեղումներ եւ վնասներ կարող է պատճառել Հայաստանի տնտեսությանը: Ինչ վերաբերում է գազի գնի բարձրացման հնարավոր ազդեցությանը գնաճի ցուցանիշի վրա, ապա բացի դրամավարկային քաղաքականության ծրագրում այդ ռիսկի մասին նշումից, ուզում եմ մեջբերում անել ԿԲ խորհրդի հայտարարությունից, որն արվել է մի քանի օր առաջ՝ փետրվարի 3-ի մամլո ասուլիսում, ռեպո (վերաֆինանսավորման) տոկոսադրույքը 0,5 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո. «Խորհուրդը գնահատում է, որ առաջիկա տարվա ընթացքում կշարունակվի նախորդ տարիներից եկող երկնիշ տնտեսական աճը, ինչը, համակցվելով տարվա ընթացքում համաշխարհային շուկայում եւ տարածաշրջանում էներգակիրների բարձր գների հետ, կարող է ստեղծել գնաճային ճնշումներ»: Այսինքն, հաշվի առնելով առկա ռիսկերը, ԿԲ-ն բարձրացրեց տոկոսադրույքը, ընդ որում` նույն հայտարարության մեջ ակնարկեց, որ կախված իրավիճակից, տոկոսադրույքների աստիճանական բարձրացումը կարող է շարունակվել, եւ այդպիսով, ազդակ տվեց տնտեսավարող սուբյեկտներին եւ քաղաքացիներին, որ վարելու է ավելի զգուշավոր կրճատողական քաղաքականություն բարձր գնաճ թույլ չտալու համար:
3-րդ անճշտությունը վերաբերում է նրան, որ 2006թ. փետրվարի 3-ին մամուլում տպագրված դրամավարկային քաղաքականության ծրագիրը 2000թ. տարեվերջի մասին խոսում է կանխատեսումով (մասնավորապես՝ գնաճի վերաբերյալ): Բանն այն է, որ 2006թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը 2005թ. վերջի գնաճի վերաբերյալ այլ կերպ չէր էլ կարող խոսել, քանի որ այն ԿԲ խորհրդի կողմից հաստատվել է 2005թ. դեկտեմբերի 19-ին, այսինքն՝ օրենքի պահանջին համապատասխան «Պետական բյուջեի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ այդ ժամանակ գնաճի տարեկան ցուցանիշն ուղղակի հաշվարկված չէր: Ընդ որում, նշագրումն առ այն, որ դրամավարկային քաղաքականության ծրագիրը հաստատվել է 2005թ. դեկտեմբերի 19-ին, մամուլում հրապարակված տարբերակի վերնագրում արված է:
Հոդվածում կան նաեւ այլ կետեր, որոնք առավել ընդարձակ մեկնաբանությունների կարիք ունեն, սակայն այս նամակում դրանց չենք անդրադառնա: Այժմ կցանկանայինք առաջարկություն անել թերթին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2006թ. ԿԲ-ն որդեգրել է գնաճի նպատակադրման ռազմավարություն, թերթի էջերում քննարկում կազմակերպել այդ խնդրի շուրջ, հնարավորություն տալով անվանի տնտեսագետներին եւ ակադեմիական շրջանակներին հրապարակային ներկայացնել իրենց տեսակետները եւ կանխատեսումները: Հավելենք միայն, որ գնաճի նպատակադրման ռազմավարության անցնելու հնարավորությունները ԿԲ-ն քննարկում է արդեն ավելի քան 3 տարի. առաջին անգամ այդ մտադրության մասին ԿԲ-ն հայտարարել է 2002թ. հրապարակած իր զարգացման տեսլականում, որից հետո իրականացվել են համապատասխան վերլուծություններ: Շուրջ 6 ամիս առաջ այդ ռազմավարությանն անցնելու վերաբերյալ հայտարարվել է լրագրողական շրջանակներին, ինչը լուսաբանվել է նաեւ ձեր թերթում: Այդ նոր ռազմավարությունը ԿԲ նախագահի կողմից ներկայացվել է տնտեսագետ ուսանողներին եւ ակադեմիական շրջանակներին 2005թ. դեկտեմբեր ամսին, ինչը նույնպես լուսաբանվել է մամուլում: Այս թեմայի շուրջ ամբողջական տեղեկատվական նյութերը, դրանք են` «ՀՀ ԿԲ կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորումը», «ՀՀ ԿԲ-ի զարգացման տեսլականը», «Գնաճի նպատակադրումը ՀՀ-ում», զետեղված են ԿԲ ինտերնետային կայքում: