ԼՂՀ ԱԳՆ տվյալներով, 2005թ. Ղարաբաղում պաշտոնապես գրանցվել է 3700 զբոսաշրջիկ, որոնք Արցախ են ժամանել աշխարհի շուրջ 50 երկրներից, հիմնականում` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իրանից, Ռուսաստանից եւ Թուրքմենստանից:
Նշենք, որ այդ թիվը վերաբերում է միայն գրանցվածներին, իսկ թե որքան զբոսաշրջիկ է մտնում Ղարաբաղ` հայտնի չէ, որովհետեւ տուրօպերատորների խոսքերով, զբոսաշրջիկների թիվն անհամեմատ բարձր է, հատկապես գարուն-աշուն ժամանակաշրջանում, երբ օրական շուրջ 100 զբոսաշրջիկ է գալիս ԼՂՀ:
Հայտնի է, որ շատերը գալիս են հայաստանյան տուրֆիրմաների կողմից կազմակերպված երթուղիների շրջանակներում: Լինում են դեպքեր, երբ զբոսաշրջիկները, որոնք հիմնականում սփյուռքահայեր են, Երեւանից ավտոբուսներով գալիս են այստեղ մեկ օրով, շրջում հիշարժան վայրերում եւ վերադառնում:
Այդ կապակցությամբ Ղարաբաղի տուրֆիրմաների նախաձեռնությամբ «Զբոսաշրջության մասին» օրենքում հատուկ կետ է մտցվել այն մասին, որ Ղարաբաղում զբոսաշրջությամբ կարող են զբաղվել միայն լիցենզիա ունեցող կազմակերպությունները: Այլ կերպ ասած, եթե երեւանյան ֆիրման ուզում է տուրիստներ բերել ԼՂՀ, նա պետք է կա՛մ ԼՂՀ կառավարությունից ստացած լիցենզիա ունենա, կա՛մ համագործակցի ղարաբաղյան որեւէ ֆիրմայի հետ: Սակայն, փորձագետների կարծիքով, օրենքի այդ կետը չի կիրառվում, քանի որ ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ մաքսակետեր չկան, ուստի դժվար է վերահսկել:
Զրուցելով զբոսաշրջության կազմակերպմամբ զբաղվող ԼՂՀ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փորձեցինք ավելի հստակ պատկերացում կազմել ոլորտի մասին: «Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, ապա զբոսաշրջությունը Ղարաբաղում նկատելիորեն զարգանում է, հատկապես, որ վերջին տարիներին հանրապետությունում գործում է բավականին լավ հյուրանոցային ցանց»,- այս կարծիքն է արտահայտել «Ստեփանակերտ տուր» ՓԲԸ տնօրեն Իգոր Բաղրյանը: Նրա խոսքերով, արտասահմանից զբոսաշրջիկի կարգավիճակով Արցախ են ժամանում հիմնականում մեծահասակները: Ընկերության միջոցով 2005-ին Ղարաբաղ է այցելել մոտ 100 զբոսաշրջիկ:
Իգոր Բաղրյանի կարծիքով, զբոսաշրջության զարգացման համար խիստ անհրաժեշտ է համակարգող մարմնի ստեղծումը, որը կկենտրոնացնի բոլոր աշխատանքները: «Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ինչպես ճանապարհների, այլ ենթակառուցվածքների վատ վիճակը, այնպես էլ` դրսի կազմակերպությունների մուտքը: Ակնհայտ է, որ զբոսաշրջությամբ Ղարաբաղում զբաղվում են նաեւ դրսի կազմակերպություններ ու անհատներ, որոնք, առանց մեր միջնորդության, իրավունք չունեն այստեղ զբոսաշրջությամբ զբաղվել: Ուստի, վերոնշյալ մարմնի ստեղծումը, կարծում եմ, հնարավորություն կտա լուծել նաեւ այդ խնդիրը: Դա իրոք շատ լուրջ խնդիր է, քանի որ դրսից եկած զբոսավարները հնարավոր է Ղարաբաղի մասին հաղորդեն ոչ ստույգ տեղեկություններ, ինչն այնքան էլ ցանկալի չէ մեզ համար»,- գտնում է Ի.Բաղրյանը:
ԼՂՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության ստանդարտացման, առեւտրի եւ զբոսաշրջության բաժնի պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքերով, սկսվել է զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների զբոսավարներին լիցենզիա տրամադրելու գործընթացը: Նա միաժամանակ փաստում է, որ մշակվում է զբոսաշրջության զարգացման ծրագիր (132 մլն դրամի), որը պետք է իրականացվի ոչ միայն պետական միջոցների հաշվին: