Ցանկացած ժողովրդի մշակույթը կյանքի բարձրակետն է, մարդկային հիշողության կվինտէսենցիան, որն արտահայտվում է որպես հոգեւոր ու բարոյական արժեքների կուռ համակարգ, որպես մարդու էության ըմբռնում: Մշակույթը ազգի կյանքի, պետականության զավակն է կամ համակարգի արդյունքը:
Որքան բարդ ու նուրբ է պետական իշխանության մեխանիզմը, այնքան դժվար է մարդու էությունը, նրա փիլիսոփայական ու էթիկական տեղը Տիեզերքում հասկանալը, այնքան հարուստ է մշակույթը, մշակույթն ազդեցիկ է: Ամենահզոր մշակույթները ստեղծել են ամենաազդեցիկ կայսրությունները, որ արտացոլում էին կայսրության մեջ մտնող երկրների ու ժողովուրդների սինթեզն ու սինթեզի խնդիրները: Որքան բարձր է փիլիսոփայական միտքը կյանքի ու մարդու ըմբռնման ազգային վերլուծության ներսում, այնքան համակողմանի է պետական իշխանության համակարգը, այնքան նուրբ են մարդկային հարաբերությունները պետական համակարգի ներսում, այնքան հեշտ են հաղթահարվում ճգնաժամային իրավիճակները, քանի որ հարաբերությունների բազմաշերտ կառուցվածքը պաշտպանված է պրոֆիլակտիկ մեթոդներով եւ թույլ չի տալիս ճգնաժամային իրավիճակ կամ բախում: Հայկական մշակույթը հայ ազգային բնավորության արգասիքն է ու հայելին: Հայ մշակույթը 4-11-րդ դարերում կանգնած էր համաշխարհային քրիստոնեական մշակույթի ակունքներում եւ Արեւմուտքի հետ միասին ստեղծում էր այն: Այդ շրջանը ես բնութագրում եմ որպես Հայկական քաղաքակրթության շրջան: Իսկ չէ՞ որ այդ ժամանակ Հայաստանն առանձնապես ոչ ռազմական հզորություն ուներ, ոչ տնտեսական ռեսուրսներ, նա ընդամենն իր համար կարեւորել էր ինքնարտահայտվելը` իրեն գիտակցելով իբրեւ կայսերական ազգ: Այո, Տիգրան Մեծի ժամանակներում հայերն իրենց իբրեւ կայսերական ազգ էին գիտակցում. հիշո՞ւմ եք` «Չլինել ոչ Հռոմի, ոչ Պարսկաստանի հետ», ինչն էլ նշանակում էր, որ դու, ժխտելով երկու հզորագույն կայսրությունները, այն ժամանակվա համաշխարհային քաղաքականության երկու բեւեռները, քեզ գիտակցում ես նրանց հետ հավասար: Սակայն Անիի թագավորության անկումից հետո, ինչպես նաեւ` Կիլիկյան թագավորության կարճ ժամանակահատվածում, սկսվում է ոչ միայն իշխանության փլուզումն ու տարածքների կորուստը, այլեւ ձեւախեղվում ու քայքայվում է ազգային կյանքի ներսում համակարգված վերլուծությունը: Արվեստի շատ տեսակներ, ինչպես, օրինակ, աշխարհիկ ճարտարապետությունը, վերածնունդ ապրեցին 20-րդ դարում` Թամանյանի ու Առաջին Հանրապետության ի հայտ գալով: Հենց այդ ժամանակ էլ Թամանյանի կողմից վերածնվեց քաղաքաշինությունը: Կամ վերցնենք թատրոնը` անտիկ թատրոնը, որ դեռ 4-5-րդ դարերում սպանվեց քրիստոնեության կողմից, Եվրոպայում եւ Հայաստանում հայտնվում է ընդամենը 9-10-րդ դարերում, բայց Անիի ու Կիլիկյան թագավորությունների անկումից հետո այն մեզ մոտ դարձյալ անհետանում է մի քանի դար: Նույնն է հոգեւոր երաժշտության ոլորտում: Արվեստի մի շարք տեսակներ, ասենք` քանդակագործությունը, դեգրադացիա են ապրում, անհետանում են մի քանի դարով, մյուսները լճացում են ապրում, օրինակ` եկեղեցական ճարտարապետությունը ավարտվում է 14-15-րդ դարերում: Երեւի թե միայն պոեզիան է շարունակում ապրել ու դինամիկ զարգանալ, բայց նա էլ արտացոլում, ուսումնասիրում եւ վերլուծում էր հայ կյանքի հուզական կողմը: Սակայն ուզում եմ նշել, որ Մշակույթը ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է, ԱՅԼԵՎ ԱՆԸՆԴՀԱՏ արվեստի բոլոր տեսակների ու ժանրերի համար: Այսինքն` առանց պետության չի կարող լինել ամբողջական, պրոֆեսիոնալ արվեստ: Այդ է պատճառը, որ պետության բացակայության կամ ժողովրդի ընդհանուր իմունիտետի բացակայության պայմաններում արվեստի շատ տեսակներ, ամբողջ ժանրեր անհետանում են, կորչում, դեգրադացիայի ենթարկվում կամ պարզապես մահանում են: Սակայն պատմության ամենածանր ժամանակներում մշակույթը, ի դեմս ֆոլկլորի, որոշ ժանրերի (օրինակ` երգի), գոյատեւում էր` իր վրա կրելով ազդեցության հսկա բեռը: Հենց այդ ժամանակներում է հայկական մշակույթն իր ներսում ստեղծում լալյաց երգերի ժանրը, պանդուխտի աշխարհը` որպես կանոն ուսումնասիրելով թախիծը, մենակությունը, հուսահատությունը, հայրենիքի կարոտը եւն:
Եվ այսպես, մենք տվեցինք մշակույթի սահմանումը, փորձեցինք հասկանալ ազգային մտքի ինքնագնահատականը քրիստոնեացման սկզբնական փուլում, նաեւ, թե ինչու եւ ինչպես է դեգրադացիա ապրում, հիվանդանում մշակույթը:
Ազգային մշակույթի զարգացման պատմությունը նրա բարձունքներում կապված է հենց համաշխարհային մշակույթի, համաշխարհային կրոնների հետ, այսինքն` յուրօրինակ գլոբալիզացիայի, կամ, ինչպես մշակութաբաններն են ասում, մեծ սինթեզի հետ: Այդպես էր եւ ԽՍՀՄ-ում, երբ մենք համաշխարհային մշակույթին տվեցինք մեծություններ: Եթե մենք չլինեինք մեծ Միության կազմում, դժվար է ասել` կլինեի՞ն արդյոք այնպիսի երեւույթներ, ինչպես Վախթանգովը, Խաչատրյանը, Փարաջանովը, Սարյանը կամ Տերտերյանը, Թամանյանն ու Իսրայելյանը: Ու ոչ միայն Փարաջանովը, մենք մտնում ենք այն երկրների ցանկի մեջ, որոնք կինեմատոգրաֆի արշալույսին ստեղծել են սեփական ազգային կինո: Մեր երաժշտարվեստը դուրս է եկել համաշխարհային ասպարեզ եւ իր արժանի տեղն է գրավում: Եվ ֆոլք երաժշտության հաջողությունները, նրա կարեւոր սինթեզը Հոլիվուդի երաժշտարվեստի լավագույն նմուշների ու ավանգարդի հետ այն աշխատանքն է, որ արել են մեր կոմպոզիտորական դպրոցի նշանավոր վարպետները:
Այսօր մշակույթի բնագավառում գլոբալիզացիայի գործընթացը մեզ տալիս է նոր, մինչ այդ չտեսնված հնարավորություն` մեր ազգային մշակույթը դուրս բերել դեպի համաշխարհային մշակույթների առաջին շարքերը, որոնք 3-րդ հազարամյակում որոշում են գեղարվեստական մտքի զարգացման ուղիները: Բայց դրա համար հարկավոր է արարողների առաջնորդող խումբ, հարկավոր է բարձր գեղարվեստական միտք, անհրաժեշտ է այդ լիդերների, առաջնորդների ոչ գավառական ընտրություն, քանի որ մեր մշակույթի մեջ այսօր նմանակողներն ավելի շատ են, քան ցանկալի է: Շատ քիչ են մեծ անհատականությունները, որոնք կարող են իրենց վրա վերցնել ազգային մշակույթը դեպի բարձունքները տանելու բեռը: Հարաբերությունների նման մակարդակին հասնելու համար մեծ ջանքեր են հարկավոր, քանի որ ինչպես ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այնպես էլ ՄԵԾ ԿԱՊԻՏԱԼԸ ԴԵՌ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ այդ նկարիչներին, կոմպոզիտորներին, գրողներին…: Նրանք սիրաշահում են նրանց, ովքեր սիրաշահում են իրենց:
Իսկ իսկական, ոչ թե կոնյունկտուրային ինտելիգենցիայի ձեռքին դեռ չկան միջոցներ` ստեղծելու համար մշակույթի համաշխարհային էլիտա ընկնելու մեխանիզմներ: Գլոբալիզացիան ազգային մշակույթին կարող է տալ մեծ, ուժեղ իմպուլս` տարբեր մշակույթների զարգացման եւ մերձեցման գործում, այն մշակույթների, որոնք յուրացնում են հայ նկարիչները, պոետները, երաժիշտները, դիզայներներն ու ճարտարապետները …: Սփյուռքն ու հայ մտավորականությունը կմիավորվեն մշակույթի համաշխարհային շուկա դուրս գալու եւ որոշ դիրքերում զարգացման գերիշխող ուղղություններից մեկը դառնալու ընդհանուր ձգտման մեջ: Չէ՞ որ նույնիսկ մեծ մշակույթները, ինչպես, օրինակ, անգլիականը կամ ռուսականը, ֆրանսիականը կամ ճապոնականը, իտալականը կամ ամերիկյանը, ունեն իրենց գերակա ուղղությունները, համաշխարհային մշակութային գործընթացների վրա ազդեցության իրենց վեկտորները: Օրինակ` այսօրվա իտալական մշակույթը ամենաառաջադիմականներից մեկն է արդյունաբերական դիզայնի, նորաձեւության եւ օպերային արվեստի բնագավառում, ամերիկյանը` գրականության մեջ, կինոյում, թատրոնում, ճարտարապետության ոլորտում… Երկրների այդ ցանկում կան նաեւ փոքր երկրներ ու հայերից էլ թվով փոքրաքանակ ազգեր, որոնք որոշում են համաշխարհային մշակույթի զարգացման որոշ ուղղությունները, օրինակ` ֆինները (նրանք գերակա տեղ ունեն ինտերյերի դիզայնի, կիրառական արվեստի, մասնավորապես` ապակու ոլորտներում), կամ բելգիացիները, որոնք 20-րդ դարում աշխարհին տվել են Դելվոյի ու Մագրիտտի նման մեծ գեղանկարիչների, Մետերլինկի ու Հելդերոդի նման դրամատուրգների: Կամ վերցնենք սեւ Աֆրիկայի ժողովուրդներին, որոնք կարողացան օգտվել Եվրոպայի ու Ամերիկայի ժողովուրդների` իրենց մշակույթին դարձրած ուշադրությունից: Այդ երկրներում մշակույթը դարձավ տնտեսության շարժիչ ուժը, այն հնարավորություն տվեց դուրս գալ հասարակության զարգացման լրիվ ուրիշ մակարդակի: Մշակույթը տնտեսության ամենաեկամտաբեր տեսակն է, միայն թե հարկավոր է կարողանալ դրանից օգտվել, հասկանալ մշակույթի զարգացման, ինտելեկտուալ շուկայի միտումները: Բացահայտեմ Արեւմուտքում ինֆլյացիայի դեմ պայքարի հետեւյալ մեխանիզմը: Երբ ինֆլյացիան անցնում է թույլատրելիի սահմանները, որից այն կողմ սկսվում են անցանկալի գործընթացներ, այդ երկրների կառավարությունները արվեստի առաջնակարգ գործերի մեծ աճուրդներ են կազմակերպում եւ գները ինքնաբերաբար բարձրացնում, քանի որ եթե կան ազատ գումարներ, դրանք հարկավոր է ներդնել ամենաապահով բիզնեսի մեջ, ինչպիսին միայն մշակույթն է:
Այսօր հայ մշակույթը Հայաստանում խիստ գավառական է, այն ներփակված է իր ինքնահավանության մեջ, ինչի մասին դեռ 60-ականներին շատ դիպուկ ու սուր ասել է Պարույր Սեւակը: Սակայն չպետք է մոռանալ, որ պրոֆեսիոնալ հայ մշակույթը ստեղծվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում, տարբեր լեզուներով, բացարձակապես տարբեր էթնո-կրոնական եւ մշակութային ավանդույթներով: Այդ ամենը կարող է դառնալ ազգի հարստությունը, ինչպես ազգ-ֆենոմենը, որ ճանաչում է աշխարհն ու մարդուն: Եվ կարող է դառնալ ազգի դժբախտությունը, իբր` տեսեք` ինչքան տարբեր ենք ու տարանջատված:
Ամեն ինչ մեզանից է կախված: Մենք պետք է կազմակերպենք մեր աշխարհը: Մենք պետք է գնահատենք մեր արվեստը: Բայց ովքե՞ր են այն մարդիկ, որոնց մասին ասում եմ` ՄԵՆՔ: Միանգամայն ակնհայտ է, որ այս տողերը գրողս գիտեմ` ում մասին եմ ասում, քանի որ յուրաքանչյուր մեծ մշակույթի մեջ ամեն մի սերունդ ծնում է մի քանի տասնյակ իսկական արարողներ: Այդպես է եւ մեզ մոտ. ընդամենը մի քանի տասնյակ իսկական արարողներ ստեղծում են հայ ազգային մշակույթը: Նրանք նորարարներ են ու ժամանակն արտահայտողները: Մնացյալներն ընդամենը ֆոն են մշակութային կյանքի համար. նրանք անհրաժեշտ երկրորդականներն են: Մենք էլ ունենք այդպիսի մի քանի մարդիկ, բայց նրանք դուրս են մնում իշխանությունների ու մեծ բիզնեսի ուշադրությունից: Եթե ճիշտ կազմակերպվի ու ճիշտ ներկայացվի հայ մշակույթը աշխարհին, կարելի է մեծ դիվիդենտներ շահել, եւ ոչ միայն ֆինանսական: Համաշխարհային էլիտային հետաքրքրում են մշակութային նախագծերը, ոչ թե այլ բան: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր իրեն քիչ թե շատ հարգող եվրոպական, ամերիկյան կամ ավստրալական քաղաք իրենց գերակայությունն ունեն մշակույթի մեջ` իրագործելով այս կամ այն մշակութային նախագիծը: Ամեն ինչ որոշում է բարձր գեղարվեստական ճաշակը, խնդիրների խորությունն ու օրիգինալությունը, եւ իհարկե, դրանք իրականացնողների կազմը: Անուն վաստակել, մշակույթի մեջ դառնալ բրենդ դժվար գործ է, հատկապես մշակույթի մեր չինովնիկների հետ: Դրա համար էլ հարցնում եմ` ո՞ւր ենք մենք: