Ինչպես հայտնի է, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրամանով բոլոր տեսակի թռչունների որսն արգելված է: Նախարարությունը լուրջ ուսումնասիրություններ է կատարում վայրի թռչունների ինչպես տեսակային կազմի, այնպես էլ պոպուլյացիոն եւ արդյունաբերական պաշարների առումով: Ներկայումս Հայաստանում կան 351 տեսակի թռչուններ, որոնց մի մասը` նստակյաց, իսկ մյուս մասը չվող են: Նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի խոսքերով՝ թռչունների չուն արդեն սկսվել է. սովորաբար փետրվարի 15-ը համարվում է չուի սկիզբ, իսկ ապրիլ ամիսը՝ չուի ակտիվ ժամանակահատված: Բնապահպանության նախարարությունը, ըստ Զիրոյանի, թռչնի գրիպից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել: «Վիրուսի տարածումը կանխելու համար պետք է ամեն ինչ անենք, որ թռչունները չշփվեն ընտանի թռչունների հետ: Ընտանի թռչուններն ավելի վտանգավոր են, որովհետեւ դրանք բաց են թողնվում դուրս, իսկ ֆերմաների թռչունները փակ տարածքում են գտնվում եւ 90-95%-ով պատվաստումները ստացել են»,- նշում է պրն Զիրոյանը: Վերջինիս հավաստմամբ՝ ակնկալվող մեծ չուից զգուշանալու համար խիստ հսկողություն է սահմանվել: Մասնավորապես բաժանվել են ռիսկի բարձր գոտիները, քննարկվել են, թե որ լճերում, գետերում կամ ցամաքային տարածքներում կարող են թռչունները հանգրվանել, եւ մշակվել են պաշտպանող մեխանիզմներ, սակայն դրանց էֆեկտիվությունը պրն Զիրոյանն առանձնապես չմեկնաբանեց: Ըստ նրա՝ որոշ ժամանակ մասնավորը թռչուններին կպահի ստացիոնար վիճակում կամ ցանցավորված փակ գոտիներում, որպեսզի չվող թռչունների մուտքն արգելված լինի:
Լ.Ս.