Գրքի սպառումը պատվիրատուի գլխացավանքն է

18/02/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սկզբում հրատարակչական բում սկսվեց, տպագրվում էին մինչ անկախությունն արգելված հեղինակների գործերը, որոնք մեծ պահանջարկ ունեին: Սակայն այդ բումը կարճ տեւեց, «դեֆիցիտային» գեղարվեստական գրականությունն անսահմանափակ չէր: Հետո ի հայտ եկավ ազատ շուկայի գլխավոր խնդիրը` ի՞նչ տպագրել, որպեսզի գումարը չկորչի: Գրքի վաճառքը հրատարակչության կամ տպարանի խնդիրը չէ, նա իր արտադրանքի սպառումով մտահոգված չէ: «Մենք տպագրում ենք, չենք վաճառում»,- ասացին մի քանի հայկական հրատարակչություններում: Հրատարակչությունները սեփական նախաձեռնությամբ հազվադեպ են գիրք տպում: Իսկ պատվերով տպագրված գրքերը նրանց համար ռիսկ չեն ներկայացնում: Հիմնական պատվերները պետական կամ էլ դրամաշնորհային են լինում: Տպագիր արտադրանքի 95%-ը կազմում են դասագրքերը, ամսագրերը, օրաթերթերը, բուկլետները եւ այլն: Սակայն յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է իր ստեղծագործությունները տպագրված տեսնել, կարող է վճարել հրատարակչությունների սահմանված գները եւ շուկա դուրս գալ: Գները կարող են շատ ցածր լինել, եթե հեղինակին կբավարարի սեւ-սպիտակ, փափուկ կազմով գիրքը, նա կարող է մեկ էջի համար քսերոքսային վերատպման գումար` 10 դրամ վճարել: Սակայն նույնիսկ գների մատչելիության ու ազատ շուկայի պայմաններում, Հայաստանում հայերեն լեզվով որակյալ գեղարվեստական գրականություն քիչ է տպվում: Գնորդ չկա: Սեփական գիրքը տպագրված տեսնելու տենչանքն, իհարկե, կարող է ստիպել հեղինակին անտեսել շահույթի գաղափարը: Սակայն յուրաքանչյուր գիրք, վաղ թե ուշ, ապրանք է դառնում: Եվ այդ ապրանքի լայն սպառումը կարող է գումար բերել հեղինակին: Ողջ պատասխանատվությունը պատվիրատուի ուսերին է:

Եթե հաշվի առնենք համաշխարհային տենդենցները, պարզ կդառնա, որ ամենաշատը սիրավեպերն ու դետեկտիվներն են գնվում: Հայաստանում մի քանի տարի առաջ հայերեն սիրավեպ տպագրելու փորձ եղավ, սակայն այն հաջող չէր, եւ ռուսալեզու գրքերի հետ մրցել չկարողացավ: Այդ ժանրերի սիրահարները, միեւնույն է, ռուսերեն են կարդում: Կար մի շրջան, երբ լավ գնվում էին հայալեզու հորոսկոպներն ու խաչբառերի հավաքածուները, սակայն դրանց որակը ռուսալեզուներին զգալիորեն զիջում էր: Մանավանդ, որ դրանք Ռուսաստանի տպաքանակների հետ մրցել չէին կարող, ավելի ձեռնտու էր դրանք գնել, եւ ոչ թե տպագրել: Այս իրողության դեպքում գեղարվեստական գրականության մասին խոսելն ավելորդ է դառնում: Այսօր հայ հեղինակների համար գրեթե անհնար է վեպի կամ վիպակի տպագրման ծախսերը վաճառքից ստացած եկամուտով ծածկել:

Ոչ մի հրատարակչություն հայկական գեղարվեստական գրականության մարքեթինգային ուսումնասիրությամբ չի զբաղվում, քանի որ այդ գրականությունն իրենց տպագիր արտադրանքի միայն 1-2%-ն է կազմում: Պետական ձեռնարկությունները նույնպես չեն զբաղվում այս հարցով: Մարքեթինգը գրախանութներին է հետաքրքրում, քանի որ նրանք չեն կարող գրքերը երկար ժամանակ պահեստում պահելու շքեղություն թույլ տալ իրենց: Երեւանի երկու ամենախոշոր գրախանութները` «Նոյյան տապանն» ու «Գրքերի աշխարհը», հետեւում են այցելուների կարծիքներին եւ փորձում են սպառվող գրքեր ձեռք բերել: Ձեռքբերումն այդ դեպքում ոչ թե հրատարակչությունների աշխատանքին միջամտել կամ շուկա ձեւավորել է նշանակում, այլ Ռուսաստանից սպառվող գրքեր գնելը: Ժամանակակից գեղարվեստական գրքերի ճակատագրով հետաքրքրված լինելն ու դրանք գովազդելը մասնագիտություն է, որին մեծ նշանակություն չի տրվում, թեեւ Հայաստանում նման փորձեր արվել են: Ամենահաճախ գեղարվեստական գրքեր տպագրող «Տիգրան Մեծ» հրատարակչությունը երկու հայ հեղինակների գիրք է տպագրել, որոնք պետք է գովազդի շնորհիվ իրենց գնորդին գտնեին: Սակայն ըստ «Տիգրան Մեծի»` այդ փորձերը հաջող չեն եղել: Խոսքը ոչ թե արժեքավոր, թեթեւ կամ թարգմանված գրականության տարբերակման մասին է, այլ` փաստի: Ոչ մի հրատարակչություն չի հանդգնի սեփական գումար ներդնել, հետո զբաղվել գրքի «փրոմոուշընով» ու եկամուտ ակնկալել: Կամ մի խումբ հեղինակների ինքնակամ պատվեր տալ` ենթադրելով, որ նրանց ստեղծած գիրքը մասսայական կդառնա:

Սեփական նախաձեռնությամբ գեղարվեստական գրքեր տպում են միայն մանկական գրականության վրա մասնագիտացած հրատարակչությունները, օրինակ, «Արեւիկը»: Եվ դա հասկանալի է, հայալեզու մանկական գրականությունն ավելի հեշտ է գտնում սպառողին, քանի որ ծնողները փորձում են երեխաներին գիրք կարդալուն վարժեցնել: Հրատարակչության համար հեքիաթները ժամկետանց եւ չսպառված բեռ չեն կարող լինել: Ծնողները գումար չեն խնայի եւ կգնեն որակյալ ու գունազարդ գրքերը: Այստեղ ֆինանսական ռիսկ գրեթե չկա:

Էլեկտրոնային գրքեր

Գրքերը կարելի է ոչ միայն թղթային հիմքի, այլեւ` մոնիտորի վրա կարդալ: Վերջին տասնամյակում համաշխարհային ցանցում գիրք կարդացողների ու գիրք «տպագրողների» թիվը եռապատկվել է: Երիտասարդ հեղինակների համար ինտերնետի միջոցով ընթերցող ձեռք բերելն ավելի հեշտ է: Եվ հետո, ինտերնետը թեեւ գումար չի բերում, սակայն երկխոսության է տրամադրում: Կարելի է տպավորությունների ու արձագանքների մասին տեղեկանալ, հետո արդեն այն տպագրել: Ինտերնետը գրքի վաճառքին խոչընդոտ չի հանդիսանում, նույնիսկ շատ դեպքերում` խթանում է: Եվ կարող է Հայաստանում դեռ գոյություն չունեցող գրական գործակալություններ ի հայտ բերել: Թեեւ շատ հրատարակչություններ, գրախանութներ եւ պարզապես առանձին քաղաքացիներ նման գործակալություններն անպետք են համարում` մտածելով. «Ի՞նչ գործակալություն, եթե գրքեր չկան»: