Փետրվարի 14-ին Ալեքսանդրիայի գրադարանում Մատենադարանի գանձերի ցուցադրություն է բացվել: Ցուցադրվում են հայկական 8 ձեռագրերի ու 24 մանրանկարների ֆաքսիմիլային ու ձեռատիպ պատճենները, անցկացվել է գիտաժողով, որի ընթացքում 7 զեկույց է ներկայացվել:
Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը տեղեկացրեց, որ ցուցադրության բոլոր նմուշները հայ-արաբական կապերի հետ են առնչվել: «Մենք դեպի Եվրոպա ենք ձգտում, բայց չպետք է մոռանանք, որ արաբական երկրներով ենք շրջապատված, որոնց հետ բազմադարյան պատմա-մշակութային կապեր ունենք»,- ասաց նա: Այս ցուցահանդեսն իր բնույթով բացառիկ է, քանի որ Մատենադարանը Եգիպտոսում երբեք նման լայնածավալ ներկայացված չի եղել: Ցուցադրությունը նվիրված է Գրերի գյուտի 1600-ամյակին: Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են կապեր հաստատել մի քանի տարի առաջ վերականգնված Ալեքսանդրիայի գրադարանի եւ աշխարհի տարբեր թանգարանների միջեւ: Փառավոր անցյալ ունեցող Ալեքսանդրիայի գրադարանը ձգտում է միջազգային գիտական կենտրոն դառնալ: Իսկ մեր ձեռագրերի պահոցում եգիպտացիներին հետաքրքրող շատ նյութեր եւ արաբերենից թարգմանված ձեռագրեր կան:
Մ.թ.ա 3-րդ դարում հիմնված Ալեքսանդրիայի գրադարանը անտիկ ժամանակաշրջանի ամենախոշոր գրապահոցն էր, որտեղ աշխարհի տարբեր լեզուներով գրված մոտ 1 մլն ձեռագրեր եւ սեպագրեր էին պահվում: Համարվում էր նույնիսկ, որ աշխարհում ոչ մի արժեքավոր ձեռագիր չկա, որի պատճենը գրադարանը չունենա: Հելլենիստական աշխարհի ամենամեծ այս գրադարանն աշխարհի ութերորդ հրաշալիքն էր համարվում: Գրադարանի պահոց մուտք գործելու համար պարտադիր պետք էր մաքրման արարողություն անցնել, քանի որ այն սրբավայր էր համարվում: Թուրք-օսմաններն իրենց հաղթարշավի ժամանակ Ալեքսանդրիայի փողոցներում հսկայական խարույկ վառեցին ու այրեցին գրադարանի գրեթե ողջ հարստությունը: Գրադարանը վախճանվեց: Սակայն արդեն 20-րդ դարի 80-ական թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ որոշվեց վերականգնել երբեմնի փառավոր գրադարանը: Ընդ որում՝ օգնությունը միայն ֆինանսական չէր. աշխարհի տարբեր թանգարաններ պատրաստ էին իրենց նմուշներից մի քանիսը տրամադրել նորաբաց գրադարանին: Եվ արդեն 2002 թվականին Ալեքսանդրիան նոր, շատ ժամանակակից գրադարանն իր դռները բացեց այցելուների համար: Այն այժմ չի կարող ամենախոշոր գրադարանը համարվել, սակայն կառուցվել եւ հագեցվել է բարձր տեխնոլոգիական նորույթներով: Գրադարանը աշխարհի բոլոր գրքերը հավաքելու նպատակ չունի, այլ ձգտում է հին ձեռագրերի հետազոտման եւ ցուցադրման միջազգային կենտրոն դառնալ: Այստեղ պահվում են տեսաֆիլմեր, ձայներիզներ, գործում են թանգարաններ, ընթերցասրահներ ու ցուցասրահներ, իսկ գրադարանի էլեկտրոնային համակարգը կարող է ինֆորմացիան մշակել աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: «Այժմ այդ գրադարանը միայն ձեռագրերի պահոց չէ, այլ տեխնիկապես հագեցած ժամանակակից գրադարան է, որի հագեցվածությանը մենք միայն կարող ենք նախանձել»,- ասաց Ա. Բանուչյանը: Հայ-եգիպտական համակործակցությունը միայն ցուցահանդեսով չի սահմանափակվի, Մատենադարանի եւ Ալեքսանդրիայի գրադարանի տնօրինության կողմից արդեն մշակվել է համատեղ ուսումնասիորւթյունների եւ գիտական աշխատանքների ծրագիր: