Փետրվարի 13-ին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը, դատավոր Ա. Ալավերդյանի նախագահությամբ, քննության առնելով Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ամբիոնի վարիչ Գարեգին Ղույումչյանի հայցը, անվավեր ճանաչեց «ՎՊՄԻ պետական ոչ առեւտրական կազմակերպության» խորհրդի եւ գիտխորհրդի ստեղծման առթիվ ռեկտորի 2002թ. հրամանները: Սա նշանակում է, որ այդ խորհուրդների կողմից ընդունված որոշումները եւ այդ առթիվ ռեկտորի հրամանները (այդ թվում՝ Ղույումչյանի ղեկավարած տարրական կրթության ուսուցման եւ մեթոդիկայի ամբիոնը գիտխորհրդի կողմից լուծարելու եւ դրա հիման վրա ռեկտորի կողմից վարիչին ազատելու) համարվում են անվավեր: «Խորհուրդների ստեղծման իրավունքը կրթության եւ գիտության նախարարինն էր, մինչդեռ այդ իրավունքն իր վրա էր վերցրել նախկին ռեկտոր Եդոյանը,- դատարանի վճիռը մեկնաբանում է պրոֆեսոր Ղույումչյանը եւ ավելացնում,- կատարել է քրեական հատկանիշներով մի շարք հանցանքներ. պաշտոնական դիրքի չարաշահում, պետական պաշտոնի անօրինական յուրացում, պետական լիազորությունների ինքնիրավչություն»: Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չի դատական հայց ներկայացրել այդ որոշումները անօրինական համարելու վերաբերյալ, Գ. Ղույումչյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ ես բողոքարկում էի ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ ռեկտորի հրամանները, դեռեւս տեղյակ չէի, որ նա ընդհանրապես իրավունք չուներ ինստիտուտի խորհուրդ եւ գիտխորհուրդ ստեղծել»: (Հիշեցնենք, որ աշխատանքի վերականգնման վերաբերյալ Ղույումչյանի առանձին գործն էլ դատական 3 ատյաններով անցնելուց եւ մերժվելուց հետո ուղարկվել է Եվրոդատարան): Նա միաժամանակ տեղեկացրեց, որ դատական այս նոր հայցով սկսված գործի «վրայով» Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանում, մինչ փետրվարի 13-ի վճիռը, 3 դատավոր է անցել, որոնցից 2-ի դեմ ինքը բացարկ էր հայտնել: