– Պրն Հայրապետյան, նախ կխնդրեինք արտահայտել Ձեր կարծիքը Եվրոպայի 2008թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքների վերաբերյալ:
– Վատ վիճակահանություն էր նախ ֆինանսական ռեսուրսների առումով: Գիտեք, որ ընդամենը 1 ենթախումբ կա, որում 8 թիմ է ընդգրկված: Եվ որքան շատ է ազգային թիմի հանդիպումների թիվը, այնքան, բնականաբար, շատ են ծախսերը: Բացի այդ, բոլորդ էլ տեղյակ եք, թե վիճակահանությունն ինչպիսի թիմերի է մեզ բաժին հանել, եւ հեռուստահեռարձակումից ակնկալվող գումարները կրկին շատ փոքր են. ընդամենը 400 հազար եվրոյի մուտք կարելի է ակնկալել: Դեռ լավ է, որ նախապես կարողացել էինք բանակցություններ վարել եւ պայմանագրեր կնքել եւ նույն այդ երկրների թիմերի հետ հանդիպումների հեռուստահեռարձակման գումարը բարձրացնել մոտավորապես 50 տոկոսով: Այսինքն` ֆինանսական մուտքերը կարող էին ավելի ցածր լինել: Եվ վերջին հանգամանքն այն է, որ Ադրբեջանի թիմի հետ հայտնվեցինք միեւնույն խմբում: Այդ հարցին, իհարկե, ես անձամբ այնքան էլ վատ չեմ նայում: Պարզապես խնդիրներ են ստեղծում հենց իրենք` ադրբեջանցիները` հայտարարելով, որ չեն ցանկանում մեզ հետ հանդիպել Բաքվում եւ Երեւանում: Դեռ ոչինչ չեղած` ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների ազգային ասոցիացիաներին նամակներ են հղել, որ մենք «ագրեսոր» ենք եւ այլն: Այնուամենայնիվ, ես դեռ Շվեյցարիայում Ադրբեջանի ֆուտբոլային գերատեսչության ներկայացուցիչներին ասացի, որ պետք չէ հարցը քաղաքականացնել: Մենք մեր համաձայնությունը տվել ենք` խաղալու Բաքվում եւ մրցակցին ընդունելու Երեւանում, եւ մեր իշխանությունները բոլոր երաշխիքները տվել են, որ կապահովեն Ադրբեջանի ֆուտբոլային պատվիրակության անվտանգությունը: Ինչ վերաբերում է խաղացանկին, ասեմ, որ այն կարողացանք հարմարեցնել մեր ֆուտբոլային շահերին:
– Ի՞նչ խնդիրներ են դրվելու ազգային հավաքականի առջեւ: Արդյոք Եվրոպայի 2008թ. առաջնության ընտրական փուլն անցումայի՞ն է համարվելու` հաջորդ` աշխարհի առաջնության որակավորման փուլին առավել լավ պատրաստվելու համար:
– Ելնելով այն աղմուկից, որ բարձրացրել է մեր մամուլը, գերխնդիր է դարձել Ադրբեջանի հավաքականին անպայման հաղթելը: Եթե նույնիսկ բոլոր հավաքականներին հաղթենք, սակայն ձախողվենք ադրբեջանցիների հետ խաղում, բնականաբար, ես կդառնամ ազգի «թշնամի»: Երեւի գոլ խփողն էլ եմ ես: Այդպես է, այս առումով մեր հայրենակիցները շատ խիստ են պահանջում: Միգուցե իրավացի են, միգուցե` ոչ: Ես կարծում եմ, որ մեր հավաքականի առջեւ խնդիրներն այնպես չպետք է դնել, թե պարտադիր պետք է հաղթել այն երկրի թիմին, որին մենք չենք սիրում: Մեր ազգային ընտրանու առջեւ խնդիր է դրվելու պայքարել 3-4-րդ տեղերի համար: Այս հավաքականին մենք պետք է միաժամանակ այնպես պատրաստենք, որ արդեն հաջորդ մրցափուլում կարողանանք լուրջ խնդիրներ լուծել գրեթե 100 տոկոսով երիտասարդացված հավաքականով: Ընտրական փուլում, ներառյալ` պարգեւավճարները, կծախսենք մոտ 4-5 մլն դոլար: Մինչդեռ, ինչպես արդեն նշեցի մեր զրույցի սկզբում, մուտքերը կկազմեն ընդամենը 400 հազար եվրո:
– Կարեւորելով Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպումները` մեզ հետ զրույցներից մեկում «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանն առաջարկել է հավաքականին աջակցելու համար ստեղծել Համահայկական հիմնադրամ: Ինչպե՞ս եք մոտենում այդ գաղափարին, եւ իրագործման ինչպիսի՞ մեխանիզմներ եք տեսնում:
– Փայլուն գաղափար է, սակայն հաստատ դրա իրագործումը ես չեմ նախաձեռնի: Այս անգամ էլ իմ բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները գործի կդնեմ, որպեսզի հավաքականը լավ ու արդյունավետ խաղ ցուցադրի: Դա, իրոք, ազգային խնդիր է, այլ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի կամ Ֆուտբոլի ֆեդերացիայի խնդիրը: Ամբողջ երկիրը` պետությունը, իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հասարակությանը հուզող խնդիրները լուծվեն: Դա չի նշանակում, որ ես խուսափում եմ պատասխանատվության իմ բաժնից: Ընդհակառակը, կրկնում եմ, ես իմ հնարավորությունների շրջանակներում ամեն ինչ անելու եմ, ստեղծելու եմ բոլոր պայմանները, ոչ մի խնդրի առաջ չեմ կանգնելու: Այն ամենը, ինչ կցանկանան հավաքականի ֆուտբոլիստները, արվելու է, որպեսզի հաջողություններ ունենանք: Փայլուն գաղափար է, եւ ինձ համար, իրոք, շատ հաճելի էր նման առաջարկ լսելը: Ես դրական եմ վերաբերվում այդ գաղափարին, բայց նախաձեռնողի դերում չեմ լինի: Թող միավորվեն իշխանություններն ու ժողովուրդը:
– Մոսկովյան մրցաշարում հանրապետության չեմպիոն «Փյունիկը» հասավ կիսաեզրափակիչ, սակայն հրաժարվեց Բաքվի «Նեւթչիի» հետ խաղից: Ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ բանակցություններ է վարել նաեւ Ձեզ հետ: Մանրամասնեք, խնդրեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
– Մուտկոն զանգահարել է ինձ, ներկայացրել իրավիճակը: Մենք բանակցություններ չենք վարել: Երկուսս էլ նույն կարծիքին ենք եղել, որ ֆուտբոլիստները պետք է խաղան: Փորձել ենք համոզել ակումբի ղեկավարությանը, նաեւ ֆուտբոլիստներին` մտնելու ասպարեզ, սակայն վերջիններս եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառներով, այնուամենայնիվ, որոշեցին հրաժարվել այդ հանդիպումից: Պետք է նաեւ լսել ակումբի ղեկավարներին, ապա միայն վերլուծություններ կատարել: Իհարկե, տհաճ դեպք էր, ցանկալի էր, որ չլիներ, բայց եղել է այն, եւ սա փաստ է: Ասում են, թե հրահանգը ես եմ տվել: Ամենայն պատասխանատվությամբ ընդգծում եմ, որ ես հրահանգ չեմ տվել: Եթե նման բան լիներ, ինքս կասեի, որ անձամբ եմ հրահանգել` հրաժարվելու կիսաեզրափակիչ այդ խաղից: Ես այդ տեսակի մարդ եմ: Ոմանք պարզապես առիթը բաց չեն թողնում եւ փորձում են վարկաբեկել մարդկանց: Բայց նրանք իրենց նպատակին չեն հասնի:
– «Փյունիկի»` մոսկովյան մրցաշարի կիսաեզրափակիչից հրաժարումը, ըստ էության, ոչ միայն չարչրկվեց, այլեւ բերեց հարցի շահարկման: Արդյունքում իրադարձություններն այնպիսի ընթացք ունեցան, որ «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանն իր ավտոմեքենայի հրկիզման փորձի մեջ Ձեզ մեղադրեց:
– Այժմ դատական քննությունն ընթացքի մեջ է, եւ ես չեմ ուզում խանգարել այդ գործընթացին: Մի բան կասեմ. բոլորիդ է հայտնի, թե ով է Սուրեն Բաղդասարյանը: Եթե ես անեի այն ամենը, ինչը Սուրեն Բաղդասարյանն ուզում էր Ֆեդերացիայից եւ ինձանից, բնականաբար, նա կդառնար հեզ ու խոնարհ կամակատար: Իսկ մեքենայի հրկիզման փորձն ինձ հետ կապելը աբսուրդ է: Եթե ես ուզենայի պատժել, դա կանեի բացեիբաց, եւ մարդիկ էլ կիմանային, որ, այո, ես եմ արել` նրան պատժելու նպատակով: Մեքենա վառելը, դավադրություններ կազմակերպելը եւ թիկունքում նենգորեն գործելը նրա ու նրա ուսուցիչների տեսակին է բնորոշ: Դա Ռուբեն Հայրապետյանի ոճը չէ: Գործկոմի նիստում, մարդկանց ներկայությամբ` նրա երեսին ասել եմ այն ամենը, ինչ մտածում եմ նրա մասին: Թող Սուրեն Բաղդասարյանը մտածի իր ուսուցիչների մասին: Մի քիչ քննությունը եթե օբյեկտիվ լինի, ինչին ես չեմ էլ կասկածում, հանգիստ կարող է պարզվել, թե Սուրեն Բաղդասարյանի մեքենան ով է վառել:
– ՀՖՖ նախագահ ընտրվելիս հայտարարեցիք, որ լավատես եք եւ հավատում եք հայկական ֆուտբոլի ապագային: Այդ պաշտոնում առավել ակնառու տեսաք առկա թերություններն ու խոչընդոտները: Պահպանե՞լ եք լավատեսությունը…
– Ես կրկին հայտարարում եմ, որ լավատես եմ, եւ ոչ թե հուսով եմ, այլ համոզված, որ հայկական ֆուտբոլն ապագա ունենալու է: Պարզապես պետք է անընդհատ աշխատել: Մեր ֆուտբոլի բոլոր կառույցները` սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, զրոյական վիճակում են եղել: Ուղիղ երեք օր է` գիշեր-ցերեկ մտածում եմ, թե ում վստահեմ մանկապատանեկան ֆուտբոլի ղեկավարման գործը: Տվեք ինձ անուն, վետերաններից մեկի անունը, ով աստղ է եղել: Որտեղ տեսախցիկ են տեսնում, սկսում են իրենց գովաբանել: Թող գան, մի օգուտ տան: Ո՞ւր են մեր լեգենդները, ինչո՞ւ չեն գալիս, գոնե խորհրդով ինչո՞ւ չեն օգնում: Անկախ այս եւ բազմաթիվ այլ խնդիրներից` հավատում եմ, որ բոլորս միասին կտեսնենք հայկական ֆուտբոլի լավ ապագան: