Մեր տեղեկություններով, փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ Նուբարաշենի թիվ N զորամասում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Առատ ձյան տեղումների հետեւանքով, զորամասի այդ օրվա պատասխանատու 2-րդ վաշտի 5-րդ գումարտակի հրամանատար կապիտան Վահագն Դոլունցը հանձնարարել է զորամասի մի քանի ժամկետային զինծառայողների, որպեսզի զորամասի տարածքը մաքրեն կուտակված ձյան շերտից։ Որոշ ժամանակ անց, ժամը 22.30-ի սահմաններում Վ. Դոլունցը ստուգելու նպատակով շրջել է զորամասի տարածքում, որտեղ «կապտյոռկում» հայտնաբերել է մի քանի զինվորների գինարբուքի պահին։ Դոլունցը նկատողություն է արել նրանց, ինչից հետո ժամկետային զինծառայողներից 6 հոգի ծեծի են ենթարկել կապիտան Վ. Դոլունցին, որի հետեւանքով վերջինս տարբեր աստիճանի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի նեւրո-վիրաբուժական բաժանմունք։ Մեր տեղեկություններով` Դոլունցին ծեծի ենթարկած 6 զինվորներից 4-ը եղել են «դեմբելներ»։ Իսկ նրանցից մեկի հորեղբայրն աշխատում է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբում` գեներալ-մայորի կոչումով։ Ներկայումս զինվորները գտնվում են ՀՀ ՊՆ Զինվորական ոստիկանությունում։ Կատարվում է քննություն։ Քննությունը վարում է Զինվորական դատախազությունը։