Երեկ անհայտ անձինք փորձել են վրաերթի ենթարկել եւ ահաբեկել փաստաբան Մարինա Ջանոյանին: Դեպքը տեղի է ունեցել ժամը 14.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցի վրա` Երեւանի պետական համալսարանի հարեւանությամբ, երբ տիկին Ջանոյանը պատրաստվում էր տուն մեկնել:
«Մայթին կանգնած, մեքենայի էի սպասում, մեկ էլ հանկարծ մի մեքենա կտրուկ արգելակեց, ոնց որ գետնի տակից հանկարծ ծլեր: Մի միլիմետր էր մնում, որ ինձ դիպչեր»,- մեզ հետ զրույցում խիստ հուզված պատմում էր Մարինա Ջանոյանը: Հետո այդ մեքենայից դուրս է եկել մի ամրակազմ երիտասարդ, 30 տարեկանին մոտ, բարձրահասակ (շուրջ 180 սմ) ու գեր տղամարդ: Վերջինս մոտեցել է փաստաբանին ու շատ սիրալիր, ցածր ձայնով սպառնացել. «Ուրիշի կյանքի մասին ես խոսո՞ւմ: Քո կյանքի մասին մտածիր: Ի՞նչ իրավունքով ես վարկաբեկում մեզ: Չափդ ճանաչի, հանգիստ ապրի, այլապես վատ կվերջացնես»: Դրանից հետո այդ երիտասարդը նստել է մեքենան ու միանգամից հեռացել:
Փաստաբանը հասցրել է ֆիքսել, որ իրեն ահաբեկողների մեքենայի պետհամարանիշերը սկսվում է «64»-ով: «Արծաթագույն էր, սեփական ավտոմեքենայի համարանիշներ էին: Ես մեքենաների մակնիշը լավ չեմ տարբերում, բայց գիտեմ, որ արտասահմանյան արտադրության մեքենա էր, ոնց որ BMW լիներ»,- ասաց նա:
Տիկին Ջանոյանի համոզմամբ` ահաբեկման պատճառը փետրվարի 9-ին նրա հրավիրած մամուլի ասուլիսն էր, որտեղ նա անդրադարձել էր 2004-ի մայիսի 17-ին Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարան հրավիրված դասախոս Ջոշուա Հագլանդի սպանության գործին: Այնտեղ նա ներկայացրել էր, որ դեպքից անցել է ավելի քան մեկ ու կես տարի, սակայն մինչեւ հիմա այդ հանցագործությունը բացահայտված չէ: Երեւանի դատախազությունը գործի վարույթը կասեցրել է, իսկ նախաքննությունը եւ ուղեկցվող միջոցառումները դադարեցված են: Ասուլիսի ժամանակ Մ. Ջանոյանը նաեւ ակնարկել էր, որ գործը կասեցվել եւ սխալ ուղղությամբ է ընթացել բարձրաստիճան զինվորականների հովանավորչությամբ: Հետո փաստաբանը 10 կետից բաղկացած առաջարկություն էր ներկայացրել Դատախազություն եւ պահանջել գործը կասեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչել: «Սպանության վերաբերյալ ուրիշ գործ ես հիմա չունեմ, որ ինձ սպառնան` ասելով, թե՝ ի՞նչ ես խոսում ուրիշի կյանքի մասին, քո մասին մտածիր»,- կարծիք հայտնեց տիկին Ջանոյանը:
Իսկ տեղի ունեցածի մեջ տիկին Ջանոյանը կասկածում է ուժային կառույցների ներկայացուցիչներին: «Ոստիկանները դժվար թե կարողանային այդպես զսպված պահեին իրենց, բայց այս տղան բավական նպատակասլաց, բավական կիրթ, ցածր եւ միեւնույն ժամանակ սպառնալից տոնով էր խոսում, այնպես, որ կողքին կանգնածների ուշադրությունը կարողացավ իր վրա չհրավիրել: Ես կարծում եմ, որ ավելի շուտ զինվորական գերատեսչությունից էր,- ասաց նա։ -Այնպիսի տղա էր, որ նրա դեմքը հնարավոր չէ մոռանալ»:
Ի դեպ, երեկ Մարինա Ջանոյանը մեզ տեղեկացրեց, որ սա առաջին անգամը չէ, երբ իրեն կամ իր ընտանիքի անդամներին ահաբեկում են: Սա թվով չորրորդ ահաբեկչությունն է նրանց նկատմամբ: Առաջին անգամ դա կատարվել է 1999 թվականին, երբ ինքն ու իր փաստաբան ամուսինը պաշտպանում էին ՀՀՇ վարչության անգամ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի շահերը: «Այդ ժամանակ փորձում էին տղայիս թունավորել: Հետո 2002-ին իմ վրա ավազակային հարձակում տեղի ունեցավ: Հետո 2004թ. ամուսնուս մեքենան գողացան, երբ ինքը մի աղմկալից գործի մասին բարձրաձայնեց: Իսկ սա էլ չորրորդ դեպքն է»,- ասում է տիկին Ջանոյանը: Նախկինում կատարված դեպքերի վերաբերյալ իրենք դիմել էին իրավապահ մարմիններին: Բայց մինչեւ հիմա այդ գործերը բացահայտված չեն: Իսկ այդ ամենից հետո այս անգամ արդեն տիկին Ջանոյանն անիմաստ է համարում իրավապահներին դիմելը: