Դեպի առողջ ապրելակերպ

14/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Խորհրդային Միության փլուզումից հետո կյանք մուտք գործեցին մեզ համար նոր շատ երեւույթներ, որոնց թվում իր ուրույն տեղն ուներ գովազդը։ Սկզբում դա հետաքրքիր էր, հետո աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը, իսկ դրանից հետո արդեն սկսեց ազդել մարդկանց նյարդերի վրա։

1991-ից ի վեր մենք հայտարարեցինք, որ ընտրում ենք տնտեսության զարգացման շուկայական ուղին, որի անբաժան բաղադրիչներից մեկն էլ հենց «գովազդ» հասկացողությունն է։ Սակայն գովազդային ոլորտը կարգավորող օրենք ընդունվեց միայն 1996թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։

Այս օրենքով մենք յոլա էինք գնում մի քանի տարի։ Հետո եկավ առողջ ապրելակերպի կողմնակից Ռոբերտ Քոչարյանը։ Բնական է, որ օրենքն ավելի պիտի խստանար՝ մեր հայրենակիցների առողջությունը խնայելու համար։ Օրենքը փոփոխությունների ենթարկվեց, որոնք հիմնականում վերաբերում էին ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդին։

Ասել, թե առաջին օրենքում դրան ուշադրություն չէր դարձված՝ սխալ կլինի։ Մասնավորապես, «Գովազդի մասին» ՀՀ նախկին օրենքի 15-րդ հոդվածն արգելում էր զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը ժամը 7.00-ից մինչեւ ժամը 21.00-ն։ Իսկ գովազդի ժամանակ արգելվում էր ցույց տալ դրանց օգտագործման ընթացքը։ Այս ամենի նպատակն անչափահասներին ծխախոտ եւ ալկոհոլ օգտագործելու գայթակղությունից հեռու պահելն էր։

2002թ. մայիսին «Գովազդի» մասին օրենքում փոփոխություն կատարվեց, որն ընդհանրապես արգելեց թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) եւ ծխախոտի գովազդը։ Սակայն արվեց մեկ բացառություն. արգելքը ինչ-ինչ պատճառներով (որոնք օրենքում նշված չեն) չէր վերաբերում կոնյակին։ Երեւի այն համարվել է ազգային արժեք, որին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի։

Թեեւ մարդիկ այս օրենքը շրջանցելու ձեւն էլ գտան։ Կան ընկերություններ, որոնք արտադրում են նաեւ այլ ապրանքներ, սակայն առավելապես հայտնի են իրենց ալկոհոլային խմիչքներով։ Եվ եթերում սկսեցին հայտնվել այս ընկերությունների լոգոները պատկերող գովազդներ, շատ աբստրակտ, երբեմն` նաեւ գեղարվեստական բնույթի։ Այսպիսի գովազդների դեպքում ոչ ոք չի կարող ապացուցել, որ ընկերությունը գովազդում է իր ալկոհոլային արտադրանքը, սակայն ոչ ոք չի հավատում, որ իրական նպատակը դա չէ։ Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ հովանավորչությունը։ Ասենք, ընկերությունը ոչ թե պատվիրում է կոնկրետ գովազդ, այլ դառնում է որեւէ հաղորդման հովանավոր։ Ըստ էության, դրանք նույն բաներն են։

Ժամանակի ընթացքում մարդիկ տեսան, որ հեռուստատեսությունից բացի անչափահասներին կարելի է գայթակղել նաեւ տպագիր միջոցներում եւ վահանակների, լուսատախտակների վրա տեղադրված գովազդներով։ 2002թ. փոփոխությունը աչքաթող չարեց նաեւ այս խնդիրը։ Արգելվեց ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի եւ ամսագրերի առաջին, վերջին էջերի եւ կազմի վրա։ Իսկ վահանակների եւ նմանատիպ այլ միջոցների դեպքում դրվեց պարտադիր պայման. ծխախոտի գովազդի առնազն 10%-ը պետք է պարունակի ծխախոտի վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։

Օրենքում կան նաեւ այնպիսի կետեր, որոնք առնչվում են ոչ թե իրավական, այլ զգացմունքային ոլորտին եւ անգամ զավեշտալի են: Օրինակ՝ «Արգելվում է ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար»։ Հետաքրքիր է՝ ո՞վ եւ ինչպե՞ս պետք է ապացուցի, որ գովազդը ներշնչել է…

Այս օրենքի կատարման ապահովումը գրեթե անհնարին է, ինչպես նաեւ այս մեկը. «Արգելվում է նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր անձանց»։

Ընդհանուր առմամբ, նորմալ օրենսդրություն է, այլ հարց է, թե դրա կատարումն ինչպես է ապահովվում։ Սակայն մեր պետական այրերը գտան, որ ինչ-որ բան դեռ պակասում է։ 2005թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարեց, եւ 15-րդ հոդվածում ավելացվեց հետեւյալ բովանդակությամբ դրույթը. «Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ միջոցների ձեւով»։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը 2006թ. հունվարի 31-ին արդեն ստորագրվել է Ռ. Քոչարյանի կողմից։ Այն պետք է ուժի մեջ մտներ հրապարակման օրվանից 10 օր հետո։ Սակայն կառավարությունը, որն օրինագծի հեղինակն է, 2006թ. փետրվարի 7-ին լրացուցիչ փոփոխություն է առաջարկել, համաձայն որի՝ այդ կետն ուժի մեջ է մտնում 2006թ. հոկտեմբերի 1-ից։

Սա, ըստ էության, արվել է ավելորդ խառնաշփոթից խուսափելու համար, քանի որ ծխախոտ արտադրող եւ ներկրող ընկերությունները դեռ գործող պայմանագրեր ունեն գովազդային ընկերությունների հետ։ Նրանց ժամանակ է տրվում, որպեսզի իրենց ապրանքը գովազդելու համար այլ միջոցներ գտնեն։ Իսկ հոկտեմբերի 1-ից երեւանյան փողոցների վրա տեղադրված վահանակների վրա նրանք իրենց տեղը կզիջեն ալկոհոլային եւ այլ ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություններին։ Այսինքն, կոպիտ ասած, կմնան մամուլի հույսին։

Ըստ էության, գովազդի տեղադրմամբ զբաղվող ընկերությունների համար սա նշանակում է պահանջարկի նվազում։ Սակայն արդյո՞ք այդ նվազումը կանդրադառնա վահանակների վարձակալության գների վրա, առայժմ հնարավոր չէ ասել։ Հիշեցնենք, որ այդ վահանակների եւ լուսատախտակների վարձավճարի չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին։

Նշենք նաեւ, որ նույն փաթեթով փոփոխության է ենթարկվել նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքը։ 2005թ. դեկտեմբերի 16-ին ԱԺ-ի կողմից ընդունված եւ 2006թ. հունվարի 31-ին Ռ Քոչարյանի կողմից վավերացված փոփոխության համաձայն, թունդ ալկոհոլային արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար սահմանվել է 2500-5000 դրամ տեղական տուրք՝ 1քմ-ի համար։ 2006թ. փետրվարի 7-ին կառավարությունը կրկին հանդես է եկել փոփոխության նախաձեռնությամբ։ Առաջարկվում է 2500-5000 դրամ դրույքաչափը սահմանել 2500-3500 դրամ։ Բացի այդ, ծխախոտի արտաքին գովազդի համար սահմանվում է 3000-5000 դրամ, որը գործելու է մինչեւ 2006թ. հոկտեմբերի 1-ը։

Զարմանալին այն է, որ օրենքն ընդունելուց 1,5-2 ամիս հետո հարկ է լինում այն նորից փոփոխության ենթարկել։ Արդյոք հնարավոր չէ՞ր այն ժամանակ ավելի մանրամասն քննարկել նախագիծը, նոր ներկայացնել քվեարկության։

Լավ օրենքներ ունենալն, իհարկե, լավ բան է։ Սակայն հարկ է նաեւ հիշեցնել, որ մեր օրենսդրությամբ անչափահասներին արգելվում է ծխախոտ վաճառել։ Եթե օրենքի այս պահանջն ապահովվի, դրա տված օգուտն ավելի մեծ կլինի, քան ծխախոտի վահանակները հանելը։