Կալիֆոռնիայում լույս տեսնող «Կոնտրա Կոստա թայմս» թերթը տեղեկացնում է, թե կարելի է սխալ պատկերացում կազմել Հայաստանի մասին, եթե գիշերով ժամանեք Երեւանի` խորհրդային տարիներին կառուցված օդանավակայան: «Դրսից «Զվարթնոց»-ը նման է տիեզերակայանի, մինչդեռ ներսից հիշեցնում է լքված գործարան»,- գրում է թերթը: «Լեռնաշատ Հայաստանը եվրոպական նրբագեղության, Մերձավոր Արեւելքի ճոխության, հետխորհրդային աշխարհիկության եւ ժամանակակից տնտեսական հրաշքի խառնուրդ է»,- գրում է հոդվածագիր Ռիչարդ Փլանքեթը: Ըստ թերթի, Հայաստանն աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն ունի: «Այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց բարեկեցությունը սկսում է տարածվել»,- նշում է հոդվածագիրը: «Հայաստանում ամենալավը իրենք՝ հայերն են,- կարծիք է հայտնում Փլանքեթը՝ ավելացնելով,- հայերը զգացմունքային, բարեկիրթ եւ հյուրասեր մարդիկ են, ովքեր սիրում են խորովածը, բռնցքամարտը եւ տնական օղին ճիշտ այնպես, ինչպես վերջին օպերային ներկայացումը»: «Այցելեք որեւէ մեկի տուն, եւ հաշված րոպեներում սեղանը լի կլինի ուտելիքով ու խմիչքով: Բայց հյուրասիրությունը չափի մեջ է՝ ինչպես ասաց տանտերերից մեկը՝ «Իմ գործն է հետեւել, որպեսզի հյուրի բաժակը միշտ լիքը լինի, մնացածը հյուրի գործն է»,- իր հոդվածում նշել է Փլանթեքը:
Ռ.Թ.