Այս տարի անցած տարվա համեմատ պակասեց աշնանացանը, իսկ կարկուտի կամ առատ անձրեւի պատճառով շատերը մնացին առանց կատոֆիլի, անգամ առանց սերմացուի: Եվ այս տարի անցած տարվա համեմատ կարտոֆիլի գինը բարձրացավ մոտ 50 տոկոսով: Իսկ առատ ծիրան կամ դեղձ ստացած գյուղացին, մանավանդ` հեռավոր շրջանի գյուղացին, խնդիր ունեցավ իրացման հարցում: Օրինակ, նոյեմբերյանցիները դժգոհում էին, որ դեղձի ծանրությունից ծառերը ջարդվում են, բայց իրենք վախենում են հավաքել, որովհետեւ չգիտեն, թե վաճառելու համար ո՞ւր տանեն: Տեղում վերամշակման գործարաններ չկան, մայրաքաղաք հասցնելն էլ շատ դժվար է ու ձեռնտու չէ: Մի խոսքով, գյուղացին պետությունից պահանջում է տեր կանգնել իր աշխատանքին:
Հենց ձյունը գետնից վերցվեց, գյուղատնտեսական տարին նորից կսկսվի: Մինչ այդ նախապատրաստական կարճ շրջանն է: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ գյուղացուն տարին սկսելու համար: Նախ` սերմացու, հետո էլ` գյուղատնտեսական տեխնիկա, եւ ամենակարեւորը՝ միջոցներ այդ ամենն ունենալու համար: Հետո՝ անհրաժեշտ է նաեւ պարարտանյութ, թունաքիմիկատներ: Այս չորս կարեւոր պայմանները ձեռք բերելու համար գյուղացին միշտ խնդիրներ է ունենում: Եվ այստեղ է, որ նրան պետք է օգնի պետությունը համապատասխան գերատեսչության միջոցով:
Հիմա նախապատրաստական շրջանն է նաեւ Գյուղատնտեսության նախարարությունում, որտեղից էլ մեզ տեղեկացրին, որ Հնդկաստանից սպասվելիք 300 տրակտորներից 60 արդեն Հայաստանում են, իսկ Չինաստանից էլ կոմբայններ են սպասվում, որոնք մրցույթով ու ցածր գնով վաճառվելու են հողի մշակին: Համենայնդեպս, մեզ այդպես է հավաստիացնում Գյուղնախարարության Գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Ուղղակի հողի մշակը տվյալ դեպքում կլինի խոշոր ֆերմերը կամ էլ մարզային որեւէ իշխանիկ: Ինչպես միշտ` հասարակ գյուղացին դժվար թե կարողանա տրակտոր կամ կոմբայն ձեռք բերել: Նա ընդամենը կբավարարվի այդ մեքենաների աշխատանքը վարձելով: Բայց դա էլ չեղած տեղից բան է: Ինչ վերաբերում է սերմերին, ապա պարոն Պետրոսյանի ասելով` վճարունակ գյուղացու համար Հայաստանում խնդիր չկա: Իսկ աղքատ գյուղացու համար նախատեսված ոչինչ չկա: Նախարարությունն օգնում է միայն պարարտանյութ ձեռք բերելու հարցում, ասենք՝ 4200-4500 դրամ արժողությամբ ազոտական պարարտանյութի 500-600 դրամը վերցնում է իր վրա: Նախարարությունը պատրաստվում է կանոնակարգել թունաքիմիկատների վաճառքը եւ միջոցներ ձեռնարկել նաեւ մկնանման կրծողների դեմ պայքարելու համար: Բնական աղետի դեպքում էլ Գյուղնախարարությունը սուբսիդիաներ կհատկացնի: Անցյալ տարի ընդունվել է սուբսիդավորման մասին հայեցակարգը եւ դեռ պետք է որոշվի, թե ո՞ր մշակաբույսերի կամ մարզերի ուղղությամբ պետք է ուղղորդվեն հատկացվելիք միջոցները: Եվ բացառված չէ, որ այդ միջոցները բաժին հասնեն հեղինակավոր մարզպետեր ու իշխանիկներ ունեցող մարզերին: Մի խոսքով, տարվան պատրաստվում են գյուղացին ու պետությունը: Այս օրերին Գյուղնախարարությունում նախապատրաստական ակտիվ քննարկումներ ու նիստեր են տեղի ունենում: Շատ դժվար է որեւէ պաշտոնյայի ազատ գտնել: Նրանք խիստ մտահոգված տոնով հայտնում են, որ նախարարի մոտ հիմա սկսվելու է հերթական քննարկումը, եւ ավելի հարմար է` աշխատեն, քան թե այդ մասին խոսեն:
Իսկ գյուղացու մոտ այն տպավորությունն է, թե այդ նախարարությունն իրենց հետ ընդհանրապես գործ չունի:
«Մեր ինչի՞ն է պետք այդ նախարարությունը,- ասում է Կոմիտասի շուկայի կարտոֆիլ վաճառողը: -Էս պետությունը որ խելոք լինի, էդ նախարարության վրա ծախսած գումարները պարտքով ու առանց տոկոսի մեզ կտա, որ կարողանանք բոլ-բոլ սերմ ու պարարտանյութ առնել, մշակել ու շահույթ ստանալ: Իր փողն էլ վերջում կտանք իրեն: Թե չէ՝ իրար գլխի մարդիկ է հավաքել, թե մեր մասին են մտածում: Բա ո՞ւր է, որ մտածում են: Եթե ինչ-որ բան էլ անում են, լավ չեն անում, որովհետեւ մեզ չի հասնում: Բաժանողները մեջ-մեջ են անում»:
Գ. Պետրոսյանը չի բացառում, որ բողոքող գյուղացիները ճիշտ են ասում, բայց նա էլ` որպես չինովնիկ, դեպքեր ու փաստեր է ուզում: Իսկ սերմի, պարարտանյութի, տեխնիկայի կարիք ունեցող գյուղացու հոգսերին կավելանա մի մեծ խնդիր եւս՝ ջրի խնդիրը: «Ոռոգում» մասնավոր ջրային տնտեսությունը ժամանակին ջուր չի տալիս, որովհետեւ գյուղացին չի կարողանում վարձը ժամանակին վճարել: Իսկ անջրդի հողատերերի հույսն էլ երբեք ժամանակին չտեղացող անձրեւն է: Որովհետեւ գյուղացիների ասելով` նույն մասնավոր ընկերությունը չի շտապում ոռոգման ցանցն ընդլայնել: «Հեն ա, մեզ մոտ, արդեն մի քանի տարի է, իբր ոռոգման ջրագծերի ծրագիր են անում,- դժգոհում էր նոյեմբերյանցի Սուրիկը: -Բայց աչքներս դրանց ջրին մնաց: Էն գլխից էլ գիտենք, որ դրանց գումարները 50 տոկոսով տակ արվող ծրագրեր են: Դրա համար էլ վերջը չի երեւում»:
Գյուղատնտեսական տարին շուտով կմեկնարկի, իսկ թե գյուղացին ու Գյուղատնտեսության նախարարությունն ինչքանո՞վ են նախապատրաստվել, ցույց կտա աշնան բերքահավաքը: