«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում»,- ասված է անցած շաբաթավերջին բանկի էլեկտրոնային էջում հրապարակված զեկույցում, որը ներկայացնում է գործակցության նոր փուլի ռազմավարությունը: Արձանագրելով վերջին երեք տարիներին Հայաստանում նկատվող կայուն տնտեսական աճը, սպառողական ծախսերի բարձր մակարդակը, դրսից՝ հիմնականում սփյուռքահայերի կողմից կատարվող ներդրումների հոսքը, բանկը միեւնույն ժամանակ շեշտում է, որ համագործակցության նախորդ փուլում Հայաստանը մի խումբ հարցերում թերացել է: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Չնայած հանրաքվեն հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումներին, որոնք հնարավորություն են տալիս հավասարակշռել իշխանության ճյուղերը, այնուամենայնիվ, դրանք իրագործելու համար առկա քաղաքական կամքը մնում է անորոշ»,- ասված է զեկույցում: Վերջինում նաեւ նշվում է, թե Հայաստանի իշխանությունները պետք է ավելի գործուն միջոցներ ձեռնարկեն կոռուպցիան, ամենաթողությունն ու հովանավորչությունը վերացնելու համար: Բանկի փորձագետները Հայաստանի իշխանություններին առաջադրում են մի քանի կարեւոր խնդիրներ. բարելավել գործարար միջավայրը՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերիշխանություն հաստատելու միջոցով, շարունակել բավական թույլ զարգացած ֆինանսական հատվածի հզորացումը, շուկայում հաստատել մրցակցություն, բարեփոխել մաքսային եւ հարկային վարչարարությունը: Նոր հաստատված ռազմավարության համաձայն, առաջիկա երկու տարիներին բանկը շարունակելու է աշխատել Հայաստանում մանր ու միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ. այդ նպատակով նախորդ տարիներին հայկական բանկերին տրամադրված 10 մլն եվրոյի փոխարեն ՎԶԵԲ-ը մտադիր է այժմ 40 մլն դոլար տրամադրել եւ ընդլայնել Հայաստանում գործընկերների թիվը: Տնօրենների խորհուրդը առաջիկա նիստում վերջնական որոշում կկայացնի նաեւ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ: 15 մլն դոլար արժողությամբ ծրագիրը նպատակ ունի զարգացնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրները եւ նվազեցնել կախվածությունը ներկրվող էներգակիրներից: ՎԶԵԲ-ից բացի, ծրագրի ֆինանսավորմանը կմասնակցեն նաեւ Համաշխարհային բանկն ու «Կասկադ-կրեդիտ» հայկական վարկային կազմակերպությունը:
Ռ.Թ.