Մամուլը՝ մամլիչի տակ

14/02/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Իրավիճակը, որի մեջ հայտնվել են մամուլի վրաստանյան տարածողները, շատ է հիշեցնում նրանց հայ կոլեգաների վիճակը: Հայաստանում վերջերս օրենք էր ընդունվել փոստային կապի մասին: Օրենքի «անմեղ» վերնագիրը մի տեսակ չէր գրավում լրագրողների ուշադրությունը: Եվ, ինչպես պարզվեց, շատ իզուր: Հայ օրենսդիրներն այդ օրենքի մեջ մի կետ էին մտցրել, համաձայն որի` պարբերական մամուլի յուրաքանչյուր տարածող պետք է լիցենզիա ունենա: Դա գուցե եւ ճիշտ է, լիցենզիա երեւի թե պետք է, բայց պարզվեց, որ այն այնքան թանկ է (մի քանի հազար դոլար), որ թերթ վաճառողների մեծ մասը, որոնք այնքան էլ մեծ գումարներ չէին վաստակում, ինչպես թվում էր օրենքը հնարողներին, գերադասեցին փոխել գործունեության ոլորտը: Երեւանում լրագրողական կազմակերպությունները նոր օրենքը գնահատեցին իբրեւ իշխանությունների հարվածը` ազատ (բայց ոչ այնքան) մամուլի նկատմամբ:

Չգիտեմ՝ լսե՞լ են այս պատմությունը վրացի օրենսդիրները, բայց իրենց հայ գործընկերների գործողությունները կրկնեցին, թեեւ մի փոքր այլ ձեւով: Նրանք պարտադրեցին թերթի բոլոր կրպակներին հաշվիչ դրամարկղեր տեղադրել: Կրպակները փակվեցին, Թբիլիսիում, արդեն մի շաբաթ է, դրանք չեն աշխատում: Թարմ թերթեր կարելի է գնել միայն մի քանի խանութներում եւ, այսպես կոչված, փողոցային վաճառողներից: Խանութները հաշվիչ դրամարկղեր ունեն, իսկ փողոցային վաճառողներին օրենքով նախատեսված չէ ունենալ: Բայց հերթը նրանց էլ կարող է հասնել: Ասենք՝ մի ուրիշ օրենքի միջոցով, որ մեկ օրենքի ուժ է ստանում, մեկ լուռ չեղյալ հայտարարվում: Խոսքը փողոցային առեւտուրն արգելող օրենքի կամ կանոնի մասին է:

Բոլոր վաճառողները, որոնց հետ խոսեցինք հաշվիչ դրամարկղերի մասին, նոր օրենքը հիմարություն են համարում: «Թերթերը միջինն արժեն 50 թեթրի (մոտ 30 ցենտ), յուրաքանչյուր վաճառված կամ չվաճառված թերթի, ամսագրի համար մենք պատասխան ենք տալիս ղեկավարությանը եւ կամ գումարն ենք տալիս, կամ վերադարձնում չվաճառված օրինակները: Գլխավոր ձեռնարկությունները, որոնցից մենք ստանում ենք մամուլը, բնականաբար, ստուգվում են համապատասխան մարմինների կողմից: Նույնն է եւ տպագիր մամուլ արտադրողների կամ ներկրողների դեպքում: ՈՒրեմն մեր՝ իրացնողներիս ինչի՞ն են պետք այդ հաշվիչ դրամարկղերը»,-ասում է երկար տարիների կրպակավաճառ Վանո Համոեւը: Նա այժմ գործազուրկ է, նրա կրպակն, արդեն մի քանի օր է, փակ է, իսկ Վանոն ամեն օր լուրերի է սպասում: Մյուս կրպակավաճառները չսպասեցին նոր կարգի փոփոխությանը՝ ոչ առանց հիմքերի ենթադրելով, որ իշխանություններից ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել: Նրանք իրենց փակ կրպակների հենց կողքին սեղանիկ են դրել ու զբաղվում են իրենց գործով՝ թերթ են վաճառում: Թեեւ բողոքում են, որ առեւտուրը լավ չի ընթանում: Խմբագրությունները եւս դժգոհ են. առանց այդ էլ փոքրաթիվ տպաքանակները ստիպված են կրճատել:

Արդյունքում ոչ մի կրպակավաճառ հաշվիչ դրամարկղ չի տեղադրել, նրանց մեծ մասը շարունակում է աշխատել պակաս հարմարավետ պայմաններում: Գնորդներն էլ առնում են փոշոտ, ապրանքային տեսքը կորցրած ապրանք: Թբիլիսիի փողոցները կորցրել են հրապույրը. կողպեքով փակված մետաղե կրպակներն առանձնապես հաճելի տեսք չունեն: Իսկ ես, նայելով այս ամենին, ուզում եմ տեսնել այն մարդուն, որի պայծառ գլխում միտք է ծագել արգելել տպագիր մամուլի վաճառքն առանց հաշվիչ դրամարկղերի:

Թեեւ այս քայլին կարող է հետեւել փողոցային առեւտուրն առհասարակ արգելելը: Այդ դեպքում հաշվիչ դրամարկղեր տեղադրելը կդառնա անհրաժեշտ քայլ, որը կարող է թանկացնել թերթերի ու ամսագրերի գինը: Եվ հավանաբար տեղի ունեցող իրադարձությունները կարելի է գնահատել իբրեւ ԶԼՄ-ների նկատմամբ անուղղակի ճնշում: Թաքնված: Քողարկված: Քանի որ պարբերական մամուլի մեծ մասը հազիվ է կարողանում գոյատեւել, եւ ցանկացած քիչ թե շատ կոպիտ շարժում նրանց ուղղությամբ նրանց համար լուջ խնդիր է դառնում: