Մինչ քաղաքային եւ թաղային իշխանությունները տարաբնույթ արդարացումներով համոզում են, թե պատշաճ կերպով կատարվում են ձյան մաքրման աշխատանքները, երեւանցիները բախվում են մեկ այլ խնդրի հետ: Բանն այն է, որ մայրաքաղաքի փողոցների ասֆալտը մեծ քանակությամբ աղ ցանելու պատճառով քայքայվել է, եւ դրա հետեւանքով փոսեր են առաջացել: Այս հանգամանքից մտահոգված են մասնավորապես վարորդները, որոնց կարծիքով՝ քայքայման պատճառն ասֆալտի անորակ հումքն է: Քաղաքապետարանի Շինարարության եւ կոմունալ վարչության պետ Ռազմիկ Գրիգորյանը, սակայն, համամիտ չէ այս կարծիքի հետ, եւ վստահեցնում է, որ աղը վնասում է ամբողջ աշխարհի ասֆալտը, ու դա ամենեւին էլ կապ չունի մեր ասֆալտի որակի հետ: «Առայժմ տեխնոլոգիա չկա, եթե ձյունը գալիս է, պետք է աղն ու ավազը ցանվի: Ընդհանրապես ասֆալտն անելիս աղ օգտագործելն արգելվում է: Օրինակ՝ Լինսի հիմնադրամը 16 փողոց ասֆալտապատեց, չէ՞, նրանք ասացին, որ մեր արած ասֆալտին աղ չպիտի ցանվի, բայց այլ տեխնոլոգիա չկա»,- ասում է Ռ. Գրիգորյանը: Նրա կարծիքով, եթե ձյունն առատ չէ, հնարավոր է առանց աղի եւ ավազի մաքրել փողոցները, սակայն այս տարի առանց դրա հնարավոր չէ ձերբազատվել ձյան կուտակումներից: Սակայն ասֆալտի քայքայման մեկ այլ հիմնավոր պատճառ էլ կա. ըստ Ռ. Գրիգորյանի, որպեսզի չօգտագործվեն աղցան մեքենաներն ու գարնանը մշտապես մեր փողոցների ասֆալտը չքայքայվի, անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա, որը Հայաստանում չկա: «Եվրոպական երկրներում էլ այդ խնդիրը կա, ասում են` 30 սմ ձյուն եկավ, ամբողջը պարալիզացվեց, ոչ մի փոխադրամիջոց չի աշխատում,- վստահեցնում է պրն Գրիգորյանը՝ ավելացնելով,- բայց նրանք զինված են, Մոսկվան, օրինակ՝ մեր համեմատ շատ լավ ա զինված»: Վերջինիս հավաստմամբ, աղից ու ավազից շուտ քայքայվում է անորակ ասֆալտը, իսկ մեր փողոցների ասֆալտը, չնայած քայքայվելուն, նա համարում է որակյալ. «Էսօր էդքան աղ ցանելուց հետո մեր փոսերը, որ նայում ենք, նորմալ է, մենք սպասում էինք, որ ավելի շատ կքայքայվի: Փոսերը միշտ էլ նախատեսված են լինում, նույնիսկ կոմունիստների օրոք էր այդպես»:
Ի դեպ, հիշեցնենք, որ մինչեւ 2005թ. հոկտեմբեր ամիսը Երեւանի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ էին կատարվում, ու այդ փողոցներում այսօր դարձյալ նույն պատկերն է: Փաստորեն, ստացվում է, որ այդ «որակյալ» ասֆալտի պիտանելիությունն ընդամենը մի քանի ամսվա համար է նախատեսված: