Քաղաքապետարանը, մասնավորապես` քաղաքապետ Երվանդ Զախարյանը, անհանգստացած են, թե ինչո՞ւ Երեւանի բնակիչները քաղաքապետարանից չեն ստանում քաղաքապետի կայացրած դրական որոշումները: Քաղաքապետի նախաձեռնությամբ եւ ՀՀ վարչապետի 2005թ. նոյեմբերի 25-ին կայացրած որոշման համաձայն՝ ինքնակամ կառուցված, օրինականացված եւ իրավունքը չգրանցած շինությունների պետական գրանցման վերջնաժամկետը մարտի 1-ն է: Քաղաքապետի խորհրդական Գրիգոր Մելքումյանը երեկ տեղեկացրեց, որ եթե քաղաքացիներն ուզում են գրանցել իրենց իրավունքները, պետք է անպայման ստանան այդ որոշումներն ու համապատասխան պայմանագրեր կնքելուց հետո մինչեւ մարտի 1-ն այն ներկայացնեն Կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ: «Այսօրվա դրությամբ դրական եւ քաղաքացիների կողմից դեռեւս չստացված որոշումների քանակը կազմում է 4500, բնակելի տների վերաբերյալ դրական որոշումները 716-ն են, ավտոտնակները՝ 2576, կցակառույցները՝ 904, իսկ այլ շինությունները՝ 304»,- տեղեկացրեց Գ. Մելքումյանը: Ի դեպ, ներկայումս Կադաստրի կողմից հաշվառված 112.000 շինություն կա, որոնցից 14.502-ը բացված դռներ են, 12.320-ը՝ պատշգամբներ, 4303-ը՝ կրպակ-տաղավարներ, իսկ 6294-ը՝ նկուղներ: