Հապա ո՞վ է քայքայում ակադեմիան

14/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

– Պրն Սարգսյան, վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որտեղ ակադեմիկոս Անրի Ներսիսյանը ձեզ մեղադրում է ՀՀ ԳԱԱ-ն զավթելու եւ քայքայելու մեջ:

– Այո, ծանոթ եմ, մի երկու անպատասխանատու թերթեր կան, որոնք, առանց նշված փաստերը ստուգելու, զբաղված են հերյուրանքներ տարածելով: Իրենց խնդիրն էլ է պարզ՝ նրանց վճարում են, իրենք էլ գրում են…

– Սակայն մեղադրանքները հնչել են կոնկրետ մարդու՝ տվյալ դեպքում ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Ա. Ներսիսյանի անունից, նա այս առումով կոնկրետ փաստեր է նշում:

– Այդ մարդուն էլ եմ ճանաչում, նրա զրպարտություններին էլ եմ ծանոթ…

– Մասնավորապես ակադեմիկոս Ա. Ներսիսյանը ձեզ մեղադրում է Ակադեմիայի բյուջեն, որը պետք է գիտության զարգացմանը ծառայեցվի, ինչ-ինչ շինարարական աշխատանքների վրա վատնելու մեջ:

– Այդ մարդն այնքան միամիտ է, որ բոլորովին չի հասկանում, թե դրանք ինչ գումարներ են. այդ գումարները տրվել են կառավարության պահուստային ֆոնդից՝ հաշվի առնելով Ակադեմիայի շենքերի կատաստրոֆիկ դրությունը: Կառավարությունը հատուկ որոշում է ընդունել շինարարական աշխատանքներ կատարելու՝ մասնավորապես ՀՀ ԳԱԱ համակարգի Գիտահետազոտական ինստիտուտների (ԳՀԻ) ջեռուցման համակարգը վերականգնելու, գազիֆիկացնելու համար: Ընդ որում, 2004թ. Կառավարության որոշման հիման վրա` ստացված գումարները բաշխվել են 10 ԳՀԻ-ի վրա՝ ըստ նախապես կազմված ցուցակի, որը բյուջեով հաստատված գումարների հետ ոչ մի կապ չունի: Այդ բոլոր աշխատանքներն անցյալ տարի երեք տարբեր իրավասու կազմակերպությունների՝ Դատախազության, ԿԳ նախարարության եւ ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից ստուգվել են եւ ոչ մի թերություն չի հայտնաբերվել: Երբ դուք Ակադեմիայի շենք մտաք, տեսա՞ք ինչ հոտ էր գալիս՝ դա նրանից է, որ տանիքները շենքի կառուցման օրվանից վերանորոգման չեն ենթարկվել, ակադեմիաները զրկված են եղել ջեռուցումից: Դուք երեւի պատկերացնում եք, որ եթե ջեռուցում չկա, մարդը չի կարող աշխատել, եւ մենք 18 ինստիտուտներում վերականգնեցինք ջեռուցումը, ավելի ճիշտ՝ հիմնովին փոխեցինք ջեռուցման համակարգը, որովհետեւ 50-60 տարի շարունակ դրանք չէին նորոգվել եւ ամբողջությամբ շարքից դուրս էին եկել: Ով ինչ ուզում է` ասի, ես տասնյակ տարիներ աշխատելով տարբեր ինստիտուտներում՝ գիտեմ, որ ջեռուցման պատճառով երկար տարիներ մարդիկ ձմեռները չեն աշխատել: Մեզ հաջողվեց 18 ինստիտուտներում ջեռուցումը վերականգնել, եւս մի քանի ինստիտուտներ դեռ մնացել են, որոնց ջեռուցման համակարգը եւս պետք է վերանորոգենք: Բացի այդ՝ վերանորոգել ենք նաեւ տանիքները՝ դրանք էլ էին շարքից դուրս եկել, եւ բազմաթիվ շենքեր կատաստրոֆիկ վիճակում էին հայտնվել:

– Ակադեմիկոսը՝ վկայակոչելով Մոլեկուլյար կենսաբանության եւ կենսաքիմիայի ինստիտուտների օրինակը, նշում է, որ հսկայական գումարներ են ծախսվել այդ շենքերի գազային ջեռուցման համակարգերի վրա, սակայն դրանք հիմա չեն ջեռուցվում, որովհետեւ հսկայական տարածք ունեցող այդ շենքերի չնչին մասն է միայն օգտագործվում, եւ անիմաստ է դառնում կրկին մեծ գումարներ վատնել այդ շենքերը տաքացնելու համար, փաստորեն՝ անիմա՞ստ է եղել այդ տարածքների վրա այդքան գումար վատնելը:

– Նշված ԳՀ կազմակերպությունում կատարված շինարարական աշխատանքների օրինականությունը նույնպես ստուգվել է վերոհիշյալ վերստուգիչ-վերահսկիչ մարմինների կողմից, սակայն վատնումների կամ աննպատակ ծախսերի փաստեր չեն հայտնաբերվել:

– Ձեզ մեղադրում են նաեւ Ռուսաստանի հայերի միությունից ստացված, ինչպես նաեւ` Ակադեմիայի տարադրամային հաշվի գումարների վատնման մեջ:

– Ռուսաստանի հայերի միությունից, արդեն չորրորդ տարին է, մենք ոչ մի կոպեկ չենք ստանում: Այն տարիներին, երբ ստացել ենք, միշտ հաշվետվություն ենք ներկայացրել այդ գումարների ծախսման վերաբերյալ, որը նրանց կողմից ստուգվում եւ հաստատվում էր: Եթե «հայերեն» ասենք, այնքան կռռացին, որ այդ գումարները կտրեցին… Ինչ վերաբերում է տարադրամային հաշվի գումարներին, ծախսվում են միայն մայր գումարի տոկոսները, որոնք մենք բաժանում ենք ինստիտուտների տնօրեններին, որոնք ակադեմիկոս չեն եւ ստանում են ընդամենը 25.000 դրամ աշխատավարձ. անթույլատրելի է, որ ինստիտուտի տնօրենը ստանա այդքան քիչ գումար, եւ այդ տնօրենները ստանում են այդ գումարներից եւս 25.000 դրամ գումար: Նաեւ՝ անհրաժեշտության դեպքում, եթե ինչ-որ դեպք կամ պատահար է տեղի ունենում, մենք նախագահության որոշումով որոշակի գումար էլ հատկացնում ենք նման պատահարների դեպքում, ինչպես, օրինակ, այս տարի՝ երբ առատ ձյան պատճառով մենք այդ գումարներից 300 դոլար օգտագործեցինք, որպեսզի տանիքները մաքրվեն, թե չէ՝ այս շենքը մենք կարող էինք կորցնել: Մենք շենքեր ունենք, որոնց տանիքներն առհասարակ փլվել են, ընդ որում՝ ամենաշատ գումարները, եթե նայեք, մենք ծախսել ենք հենց գրադարանի շենքի վերանորոգման վրա, որի տնօրենն այդ նույն Ներսիսյանն է:

– Այդ նույն Ներսիսյանը նաեւ ահազանգում է ԳԱԱ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ԳԱԱ կանոնադրության խախտման մասին: Մասնավորապես նշում է, որ ինքն ընտրությունների մասին առհասարակ չի տեղեկացվել, ուստի հնարավորություն չի ունեցել ոչ ինքնառաջադրման իրավունքից օգտվելու, ոչ էլ իր նախընտրած թեկնածուին սատարելու խնդրում:

– Եթե 2003թ. վերջին ընտրությունների մասին է խոսքը, այդ ընտրություններին մասնակցել է 100 մարդ, 100 հոգուց 94-ը փակ, գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել: Ընդ որում՝ մեր մոտ այդ քվեարկությունն անցնում է շատ խիստ, հանձնաժողովի կազմում ընտրվում են մեր գիտնականները, որոնք մարդկանց մեկ-մեկ ներս են թողնում, եւ կատարվում է գաղտնի քվեարկություն: Ինքը տեղյակ չի եղել, որովհետեւ ժողովի առաջին մասին մասնակցել ու փախել է: Իսկ ժողովի երկրորդ մասում նախագահությունը նախագահի ընտրության որոշում է կայացրել: Միշտ էլ այդպես է լինում: Այդ օրն էլ է այդպես եղել: Պետք է իմանաք նաեւ, որ եթե ընտրվում է նախագահ, նրա հարցը պետք է համաձայնեցվի եւ՛ հանրապետության նախագահի, եւ՛ կառավարության նախագահի հետ: Նրանք երկուսն էլ տեղյակ են եղել եւ խորհուրդ են տվել նախագահությանը` անցկացնել որոշումը: Դա որոշվում է միայն նախագահությունում, ուրիշ ոչ մի կանոն չկա այդտեղ: Հիմա եթե նույնիսկ Ներսիսյանը մասնակցեր, եւ եթե լիներ ոչ թե 94 կողմ ձայն, այլ` 93, դրանից ոչինչ չէր փոխվի. սա Ակադեմիայի պատմության մեջ ամենաշատ դրական ձայներ ստացած ընտրությունն է եղել: Նախկինում ընտրությանը մասնակցում էին միայն ակադեմիկոսները, մասնակցում էր 33 մարդ, եւ եթե ուսումնասիրում ենք արխիվները, տեսնում ենք, որ դեպքեր կան, երբ 33-ից 10-օ դեմ են եղել, բայց երբեք չի եղել, որ 94 կողմ եւ 5-6 դեմ լինի:

– Ակադեմիկոս Ներսիսյանն իր ելույթներից մեկում ԳԱԱ նախագահությանը մեղադրել է նաեւ Ակադեմիային պատկանող տարածքները սեփական քմահաճույքով տնօրինելու համար, մասնավորապես բերել է իր տնօրինած ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի օրինակը՝ նշելով, որ 1999թ. առանց իր գիտության օտարվել է գրադարանին պատկանող 200քմ տարածքը եւ սեփականության իրավունքով տրվել ինչ-որ անհասկանալի մեկին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես տեղյակ եմ: Նախ` դա հողատարածք է եւ ոչ թե շինության տարածք: Բացի այդ՝ հիշյալ հողատարածքը նախկինում չի պատկանել ոչ Ակադեմիային, ոչ էլ գրադարանին: Վերջերս պարզել եմ, որ այդ տարածքն ընդամենը հանդիսացել է շրջակա բնակիչների կողմից որպես աղբանոց օգտագործվող հողատարածք, եւ ինչ-որ մեկն Ակադեմիայի գործերի կառավարչության հետ կնքած վարձակալության պայմանագրի հիման վրա պարտավորվել է կարգի բերել այդ տարածքն ու մշտապես ապահովել շրջապատի սանիտարական մաքրությունը: Ներկա դրությամբ` այն սեփականաշնորհված չէ եւ ներառված է ԳԱԱ նախագահության կադաստրային վկայականի մեջ:

– Ձեզ մեղադրում են նաեւ գիտնականներին հասանելիք փողերը «Բժշկական գենետիկական կենտրոնի» վրա ծախսելու համար, որի տնօրենը, ինչպես նշում են, ձեր դուստրն է:

– Գենետիկայի ինստիտուտը կազմակերպվել է ֆրանսիացի մեծահարուստ Ջրբաշյանի կողմից: Գումարներ է տրամադրել նաեւ մի մեծահարուստ Ամերիկայից, որով մենք գնեցինք մի շենք եւ առանց վարձավճարի հատկացրեցինք Գենետիկայի կենտրոնի կազմակերպման համար: Արդեն 8-10 տարվա պատմություն ունի այդ կենտրոնը, այն ժամանակ մենք պայմանագիր ենք կնքել մեր կառավարության հետ, որով կառավարությունը պարտավորվել է աշխատանքների կազմակերպման համար մեզ գումարներ տրամադրել. ինչքան որ մեր կառավարությունն է հատկացնում, տասնապատիկ ավելին տալիս են բարերարները, նույնիսկ մինչեւ հիմա այդ բարերարի անունն այդ շենքում ոչ մի տեղ գրված չի, իր մահից հետո միայն կարձանագրվի այն փաստը, որ նա ներդրում է ունեցել այդ կենտրոնի ստեղծման գործում: Միայն անցյալ տարի 21.000 երեխա է այդ կենտրոն ընդունվել, եւ եթե այդ կենտրոնը չլիներ, նրանց մեկ քառորդը հավանաբար կմահանար հայկական հիվանդությունից: Այս մասին խոսելն էլ նույնն է, թե նորից կռռալ այս գործի վրա, որովհետեւ այդ մարդիկ եթե լսեն այս խոսակցությունները, այս պայմանագիրը չեղյալ կհամարեն եւ գումարները հետ կվերցնեն: Արդյունքում կտուժեն մեր երեխաները…

– Ա. Ներսիսյանի պնդմամբ, ինքը նաեւ պաշտոնապես դիմել է ԳԱԱ նախագահությանը՝ պահանջելով բացահայտել ԳԱԱ բյուջետային ծախսերի «Այլ ծախսեր» անվանակարգում կատարված ծախսերը, սակայն պատասխան չի ստացել:

– Այդ մասին ոչ մի դիմում ես իրենից չեմ ստացել: Գուցե ինքը թերթերում է այդ մասին գրել, ես չեմ կարդացել…