Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ են համարվում բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, գործողություններին հարկադրելը, այն կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, եւ անառակաբարո գործողությունները, որոնք պատժվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 138, 139, 140, 141, 142 հոդվածներով:
ԽՍՀՄ-ում, եթե անձը կամ անձինք դատապարտվում էին բռնաբարության հոդվածով, ապա բանտերում եւ գաղութներում նրանց նստատեղերին գալարվող օձ էին դաջում, որպեսզի բոլորն իմանային, թե իրականում ինչի համար էին դատապարտվել այդ անձինք: Դաջվածքը հուշում էր, որ այդ անձինք կալանավայրերում մերժելի են բոլորի համար: Ավելի դաժան էին հատկապես նրանց նկատմամբ, ովքեր բռնաբարել կամ բռնաբարության փորձ էին կատարել մանկահասակ երեխաների նկատմամբ` լինի տղա թե աղջիկ, ովքեր բռնաբարությունը կատարելուց հետո կողոպտել կամ սպանել էին իրենց զոհին: ԽՍՀՄ կալանավայրերում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ նման հանցանք կատարողը կամ կատարողներն ինքնասպան են եղել կամ կատարել են ինքնասպանության փորձ:
Մայիսի 15-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Վ-ն եւ հայտնել, որ իր անչափահաս որդու` 1991-ին ծնված Մ-ի նկատմամբ համագյուղացի` 1948-ին ծնված Ջ-ն սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:
Մայիսի 24-ին Ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Այգեստան փողոցի 27 տան բնակչուհի Ա-ն եւ հայտնել, որ Գորիսի թիվ 2 միջն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ, եղբայրներ Ն-ն եւ Զ-ն, անառակաբարո գործողություններ են կատարել իր թոռան` Ջ-ի նկատմամբ:
Մայիսի 8-ին Ոստիկանության Վանաձորի բաժին էր դիմել Վարդանանց 36 շենքի 17 բնակարանի բնակչուհի` 1962-ին ծնված Ն-ն եւ հայտնել, որ իր աղջկան` 8-րդ դասարանի աշակերտուհի Վ-ին, Տիգրան Մեծի 12 շենքի նկուղում սեքսուալ բնույթի գործողություններ է հարկադրել Ս-ն:Հունիսի 13-ին Ոստիկանության Իջեւանի բաժին է դիմել 1981-ին ծնված Ն-ն եւ հայտնել, որ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետի ուսանող, 1986-ին ծնված Ա-ն ծեծի է ենթարկել եւ բռնաբարել իրեն:
Ի դեպ, սրանք այն դեպքերն են, որոնք արձանագրվել են Ոստիկանության տարածքային բաժիններում եւ տարածքային դատախազություններում, կատարվել է քննություն, սակայն, ըստ մեր աղբյուրների, Հանրապետությունում շաբաթվա ընթացքում կատարվում է բռնաբարության եւ բռնաբարության փորձի 5-10 դեպք, որոնց մասին տուժող քաղաքացիներն իրավապահներին չեն հայտնում, մի մասը` վախենալով շրջապատի վերաբերմունքից, մի մասը` Ոստիկանություն-Դատախազություն քաշքշուկներից: