Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրյուսելում որոշվել է «Եվրո-2008»-ի ընտրական առաջին խմբի խաղացանկը, որում Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիպելու են 2007թ. սեպտեմբերին: ՈւԵՖԱ-ն բազմիցս նշել է, որ հանդիպումները կայանալու են Բաքվում եւ Երեւանում, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Մասնավորապես, երեկ ադրբեջանական day.az ինտերնետային կայքը տեղեկություն է տարածել, թե իբր Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաները նախնական համաձայնության են եկել հանդիպումը չեզոք դաշտում անցկացնելու համար: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը լուրը հերքել է` ասելով, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հանդիպումները պետք է կայանան Երեւանում եւ Բաքվում: Ըստ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրության, Բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ էր հղել ՈՒԵՖԱ-ին` նշելով, որ իրենք հնարավոր չեն համարում հանդիպումը Հայաստանի Ազգային հավաքականի հետ եւ այն բացատրել էին զուտ քաղաքական դրդապատճառներով: Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիան միաժամանակ ցանկություն էր հայտնել հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում։ Նույն կայքը տեղեկացնում է նաեւ, որ Բրյուսելում կայացած քննարկման ժամանակ ՈւԵՖԱ-ն չի անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումներին: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ «Հանդիպումից անմիջապես առաջ, դիմելով ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին, Բելգիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՈՒԵՖԱ-ի պաշտոնական տեսակետը հանդիպումները չեզոք խաղադաշտերում անցկացնելու վերաբերյալ: Դրանից հետո ադրբեջանցիներին այլ բան չէր մնում, քան համակերպվել իրավիճակի հետ եւ քննարկել խաղացանկը»,- ասել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը։ Իսկ խաղացանկն ունի հետեւյալ տեսքը.
2006 թվական
Հայաստան-Բելգիա (Սեպտեմբերի 6)
Հայաստան-Ֆինլանդիա (Հոկտեմբերի 7)
Սերբիա եւ Չեռնոգորիա – Հայաստան (Հոկտեմբերի 11)
Ֆինլանդիա-Հայաստան (Նոյեմբերի 15)
2007 թվական
Լեհաստան-Հայաստան (Մարտի 28)
Ղազախստան-Հայաստան (Հունիսի 2)
Հայաստան-Լեհաստան (Հունիսի 6)
Հայաստան-Պորտուգալիա (Օգոստոսի 22)
Ադրբեջան-Հայաստան (Սեպտեմբերի 8)
Հայաստան-Ադրբեջան (Սեպտեմբերի 12)
Հայաստան-Սերբիա եւ Չեռնոգորիա (Հոկտեմբերի 13)
Բելգիա-Հայաստան (Հոկտեմբերի17)
Պորտուգալիա-Հայաստան (Նոյեմբերի 17)
Հայաստան-Ղազախստան (Նոյեմբերի 21)