Իտալացի երկրպագուները զայրացել են

14/02/2006

Թուրինի օլիմպիադայում Իտալիայի եւ Կանադայի կանանց հոկեյի հավաքականների հանդիպումից հետո իտալացի երկրպագուները սպառնալից նամակների հեղեղ են ուղարկել Կանադայի մարզչին։ Հիշեցնենք, որ իտալուհիները պարտություն էին կրել 16-0 ամոթալի հաշվով։ Նամակագիրները, որոնք օգտվել են էլեկտրոնային փոստից, գտնում են, որ մարզիչ Մելոդի Դեւիսոնը կարող էր խնդրել իր սաներին` շատ չնեղացնել օլիմպիադայի կազմակերպիչներին եւ բավարարվել, ասենք, 10 գոլով։

Դեւիսոնն անհիմն է համարում այդ մեղադրանքները։ «Չէ՞ որ սա Օլիմպիադա է։ Իմ աղջիկները լրջորեն նախապատրաստվել էին։ Նրանք միշտ էլ ներդնում են իրենց ողջ կարողությունները, անկախ նրանից, թե ինչ հաշիվ է լուսատախտակի վրա։ Եթե այդպես չլինի, ապա մեր թիմն էլ այնպիսին չէր լինի, ինչպիսին հիմա է»,- ասել է Կանադայի հավաքականի մարզիչը։