Ոտքեր

14/02/2006

Ոտքերը հարկավոր է լվանալ ոչ միայն երեկոյան, այլեւ առավոտյան, որովհետեւ քրտնագեղձերը գործում են նաեւ գիշերը։

Ոտքերի մատների արանքում առաջացող մշտական խոնավությունը, ջերմությունը եւ շարունակ փակ վիճակում մնալու հանգամանքը կարող են առաջացնել սնկային հիվանդություններ։ Այդ պատճառով անհրաժեշտ է խուսափել ամբողջ օրը նույն կոշիկները կրելուց։ Հարմար է կրել թեթեւ, հանգիստ կոշիկներ, մանավանդ, երբ տանն եք։

Գուլպաների եւ կիսագուլպաների վրա կուտակվում են թեփոտված մաշկի մնացորդներ ու քրտինք, դրանք նույնպես կարող են սնկային հիվանդության պատճառ լինել։

Պարտադիր է ամեն օր լվանալ, որոշ դեպքերում նույնիսկ ախտահանել գուլպաները։

Քրտնարտադրությունը նվազեցնելու համար հարկավոր է ամեն օր ոտքերին քսել շիբի 10%-անոց լուծույթ։

Քրտնարտադրության դեմ օգտավետ միջոց են ֆորմալինի 5%-անոց եւ յոդի 2%-անոց լուծույթները, որոնցով պետք է սրբել ոտքերի մաքուր, չոր մաշկը։

Ոտքերը պետք է ամեն օր լվանալ տաք ջրով եւ օճառով, իսկ քրտնարտադրությունից եւ սնկային ինֆեկցիայից խուսափելու համար քսել 150 գ տալկի եւ 10 գ դերմատոլի խառնուրդ։

Ում ոտքերը չափից ավելի են քրտնում, չպետք է ռետինե ներբաններով կոշիկներ, սինթետիկ գուլպաներ հագնեն (հատկապես` ամռան ամիսներին)։

Լավ է ունենալ ամառային մի քանի զույգ կոշիկ եւ դրանք կրել մեկընդմեջ, որպեսզի ներծծված քրտինքը հասցնի գոլորշիանալ։

Արյան նորմալ շրջանառության եւ ոտքերի չքրտնելու համար անհրաժեշտ է, որ կոշիկը ազատ լինի նաեւ ոտնաթումբի մասում։

Եթե ձեր ոտքերը երեկոյան շատ են հոգնել, վարվեք հետեւյալ կերպ. վերցրեք տաք (40օ) եւ սառը ջրով (20օ) 2 թաս։ Ոտքերը 15 վայրկյանով իջեցրեք նախ տաք, ապա` սառը ջրի մեջ։

Գործողությունը կատարել 10 անգամ։ Կարելի է նաեւ տաք ջրին ավելացնել 1 ճաշի գդալ կերակրի աղ եւ 50 գ լորենու ծաղիկ։

Նրանց, ում ոտքերը սառչում են, խորհուրդ չի տրվում նստել ոտքը ոտքին գցած։

Ոտքերի հոգնածությունը, լարվածությունն անցկացնում է ոտքերի տաք լոգանքը` քնելուց առաջ։ Ջրի մեջ կարելի է նաեւ մի բուռ ծովային աղ լցնել։

Կոշիկները պետք է լինեն հանգիստ, ցածր կրունկով։ Նեղ կոշիկները սեղմում են, դեֆորմացնում մատները եւ կոշտուկներ առաջացնում։

Գուլպաները պետք է ամեն օր լվանալ։ Վնաս են օղակաձեւ ռետինե կապիչները, հատկապես հղի կանանց համար, քանի որ դրանք սեղմում են, խանգարում արյան շրջանառությունը եւ նպաստում երակների լայնացմանը։

Եթե ոտքերը շատ հաստ են, խորհուրդ է տրվում հագնել էլաստիկ գուլպաներ, որոնք կանխում են հետագա գիրացումը։ Ոտքերի գիրությունը կարող է ներքին սեկրեցիոն գեղձերի հիվանդության նշան լինել։