Արտաշես Գեղամյանը երեկ հերքեց լուրերը, թե օմբուդսմենի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ իր կուսակից Աղասի Արշակյանը հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները դադարեցրել է իր համառ հեռախոսազանգերից հետո: Սակայն նա չհերքեց, որ այդ զանգերը եղել են Գլխավոր դատախազությունից` ի դեմս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: «Հեռանալիս Արշակյանն ինձ անհապաղ զանգել ու ներկայացրել է պատճառները` ասելով, որ մարդկայնորեն իրեն շատ ծանր կացության մեջ են դնում, եւ այնպիսի զանգեր են, որ նա խոր վիրավորանք է ապրում զանգահարողներից առ այն, որ փաստորեն Ա. Արշակյան անձնավորության պատիվը ստորադասում են քաղաքական ինչ-ինչ նկատառումներից: Նա ուղղակիորեն ասաց, որ այդ իրավիճակում չի կարող շարունակել մասնակցել աշխատանքներին: Հաշվի առնելով իր ապրումները, ասացի` միգուցե ճիշտը դու ես,- փոխանցեց Ա. Գեղամյանը` ավելացնելով,- լրացուցիչ տեղեկատվություն ունենալուց հետո Աղասուն, այնուամենայնիվ, ասացի, որ գնա ու մասնակցի հաշվելու գործընթացին: Նա շատ դյուրագրգիռ վիճակում էր, շատ ծանր էր տանում իր ինքնաչտիրապետման փաստը, եւ չգնաց»: Ինչ վերաբերում է լուրերին, թե զանգահարողը եղել է Գեղամյանը, նա ասաց. «Հանրապետությունում ես չեմ տեսնում քաղաքական այն ուժին, անհատականությանը, որից երկչոտեմ եւ հանկարծ պարզ չասեմ մտածածս: Գեղամյանին պետք չէր զանգ տալ, Գեղամյանն ի սկզբանե կարող էր ասել` Աղաս, դու չես մասնակցում այդ աշխատանքներին: Ստեղծված իրավիճակում ինձ համար ավելի դյուրին է հրապարակել այն ինֆորմացիան, որը ես տիրապետում եմ, բայց, կարծում եմ, դրա կարիքը չկա, որովհետեւ ես շատ ծանր կացության մեջ կդնեմ մի շարք մարդկանց եւ առավել եւս` Աղասի Արշակյանին, որն «ԱՄ» նորընտիր անդամ է»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ իր կուսակցության անդամին` Ա. Արշակյանին, իսկ նախկինում` կուսակցության այլեւս նախկին անդամ Նապոլեոն Ազիզյանին, «կառավարում» է Աղվան Հովսեփյանը, Ա. Գեղամյանը պատասխանեց. «ԱՄ»-ն դրանից միայն շահում է, որովհետեւ եթե «ԱՄ» ցանկացած շարքային անդամի վրա, իսկ Ա. Արշակյանը շարքային ցանկացած անդամ է, ներազդելու այդ մակարդակն է ընտրված, ուրեմն` ինչքա՜ն անհասանելի ենք մենք` կուսակցության նախագահությունը, որ շարքային անդամի վրա աշխատում են գլխավոր դատախազի մակարդակով»: